Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Խաղաղութեան պայմանագրից յետոյ մենք կանգնելու ենք շատ աւելի խոցելի եւ դառը իրականութեան առաջ»

Մտահոգութիւններ ունեմ, որ խաղաղութեան պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու եւ մենք կանգնելու ենք շատ աւելի խոցելի եւ դառը իրականութեան առաջ:

Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը՝ անդրադառնալով խաղաղութեան պայմանագրին ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ:

«Այս օրերում ամենայաճախակի քննարկւող հարցը դա այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչեւ տարւայ վերջ:

Դրա մասին խօսում են իշխանութեան բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգութեան խորհդրի քարտուղարը:

Զգում ես, որ այս մարդիկ խօսում են իրենց թւացեալ «բաց ճակատով» եւ մեզ ուղղակի աւետում են, որ խաղաղութեան պայմանագիր է ստորագրւելու, բայց այդ «բաց ճակատի» վրայ ակնյայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանութեան օրերին եւ այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհաւիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, եւ այս ամէնը շարունակւում է եւ չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

Խաղաղութեան պայմանագրի շուրջ ընթացող բանակցութիւններին, ես վերաբերւելում եմ որպէս հայ-թուրքական բանակցութիւններ եւ ոչ թէ՝ հայ-ադրբեջանական, որովհետեւ այս բանակցութիւնների ելքի մէջ հաւասարապէս շահագրգռւած են ե՛ւ Թուրքիան ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ իրօք, ինչպիսի ելք էլ, որ լինի դա վերաբերւելու է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Թուրքիային, այնպէս որ ես դրան վերաբերւելու եմ որպէս հայ-թուրքական բանակցութիւններ:

Թուրքիան եւ Ադրբեջանը հաւատում են, որ հայ ժողովուրդը խորապէս հաւատում է, որ նրանք նստել են հայերի հողերի վրայ, բնակութիւն են հաստատել հայերի պատմական հողերի վրայ:

Եւ նրանք խորապէս համոզւած են, որ եթէ Հայաստանը մի օր լինի հզօր պետութիւն, նրանք անպայման այս հարցին նորից կը վերադառնան, եւ դա կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար սպառնալիք լինի:

Հաշւի առնելով, որ այս խաղաղութեան պայմանագրի բանակցութիւնները վարում են այս իշխանութիւնները, որոնք տապալել են ամէն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնւում են հայկական տարածքում, զոհեր ենք տւել եւ այստեղ ինչ-որ խոստումներ տալ սեղանի վրայ, որոնք հաւանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանը եւ Թուրքիան կը պոկեն մեզանից:

Ես լուրջ մտահոգութիւններ ունեմ, որ վերջնաարդիւնքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու եւ մենք կանգնելու ենք շատ աւելի խոցելի եւ շատ աւելի դառը իրականութեան առաջ»,- ասել է նա:

Related Articles

Back to top button