Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Դոկտ. Ահմադ Քազեմիի կարծիքով՝ «Արցախում էթնիկ զտումները ենթակայ չեն ժամանակի ընթացքին»

«Փաշինեանն ամէն ինչ ունի հարցը տեղափոխելու՝ Միջազգային քրէական դատարան, սակայն շրջանցում է Ղարաբաղի հայերի արդարացի իրաւունքները»

«ԱԼԻՔ» – Միջազգային իրաւունքի գիտութիւնների թեկնածու եւ Եւրասիական հարցերի հետազօտող, դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական կայքէջում միջազգային իրաւունքի տեսանկիւնից քննարկել է Արցախում իրականացւած էթնիկ զտումների խնդիրը, որը փորձագէտի արձանագրած փաստերով ուղեկցւել է բռնաբարութիւնների, խոշտանգումների, եւ զանգւածային ոչնչացումների գործողութիւններով: Դոկտ. Քազեմին յիշեցրել է նաեւ Բաքւի կողմից համակարգւած պատմամշակութային կոթողների աւերումների ու փոխակերպումների փաստերի մասին, դրանք համարելով որպէս մշակութային ցեղասպանութեան անհերքելի օրինակներ:

Նիւթի հայերէն թարգմանութիւնը, որը կայքում ներկայացւած է տեսանիւթով, ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում թերթիս այսօրւայ համարով:

«Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումները ուղեկցւել են շուրջ 500 գրանցւած սեռական խոշտանգումների ու բռնաբարութիւնների, բազմաթիւ անհետացումների ու սպանութեան դէպքերով, որոնք, եթէ փաստաթղթաւորւեն Փաշինեանի կառավարութեան կողմից, ինչը, սակայն նա չի ցանկանում անել քաղաքական դրդապատճառներից ելնելով, կարող է իրաւական առումով անժխտելի հիմք դառնալ Բաքւի դէմ գործ յարուցելու համար:

Բաքւի հետ միասին Թել Աւիւի ռեժիմի եւ Անկարայի կառավարութեան մասնակցութիւնը նոյնպէս պէտք է դառնան քրէական գործ։

Հաշւի առնելով Երեւանի կողմից Միջազգային քրէական դատարանի (ICC) իրաւասութեան ընդունումը, խնդիրը կարող է բարձրացւել նաեւ ICC-ում: Այդ դէպքում Միջազգային քրէական դատարանը իրաւասու է հետապնդել Բաքւի ղեկավարութեանն ու ենթակայ բանակի հրամկազմին, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ սիոնիստ պաշտօնեաներին, ովքեր Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների յանցակիցներն են:

Այս էթնիկ զտումները, տնտեսական եւ սոցիալական իրաւունքների միջազգային դաշնագրով (1966 թ.) ամրագրւած սեփականութեան իրաւունքի ակնյայտ խախտում լինելուց բացի, ազդելու են նաեւ Երեւանի բարձրացրած նախկին բողոքների վրայ, որոնք Բաքւի դէմ բացւել են Արդարադատութեան Միջազգային դատարանում:

Այդ բողոքների հիմքում ընկած է ռասայական բոլոր տեսակի խտրականութեան վերացման միջազգային կոնւենցիան: Բացի այդ, կայ եւս բողոք ներկայացնելու հնարաւորութիւն՝ հիմնւելով 1948 թւականի ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ հատուցման» կոնւենցիայի վրայ:

Միւս կողմից, հիմնաւոր ապացոյցներ կան Ղարաբաղի բնիկ հայերի մշակութային, կրօնական եւ պատմական ժառանգութեան ոչնչացման եւ բնոյթի փոփոխութեան գործընթացի վերաբերեալ, որը նոյնպէս հանդիսանում է 1954 թւականի ՀԱԱԳԱ-ի կոնւենցիայի խախտման դէպք՝ հիմնւած զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային յուշարձանների պաշտպանութեան անհրաժեշտութեան վրայ: Ղարաբաղում կատարւածը նաեւ ԻՒՆԵՍԿՕ-ի կանոնադրութեան եւ Անվտանգութեան խորհրդի որոշումների եւ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի խախտում է՝ կապւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային եւ պատմական յուշարձանների պահպանման անհրաժեշտութեան փաստի հետ:

Բաքուն նաեւ փորձում է համակարգւած կերպով ջնջել կամ փոփոխել Իրանի կրօնական ժառանգութիւն համարւող կոթողները Ղարաբաղում, որի մասին են վկայում Բաքւի կողմից Շուշիի մզկիթում փոփոխութիւններ տալը, ինչն իրականացւող մշակութային ցեղասպանութեան վառ օրինակներից է:

Բաքուն նկատելով Փաշինեանի վարչակազմի պասիւ մօտեցումը կապւած Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման փաստի հետ, փորձում է թոյլ չտալ այն վերածւի Երեւանի հետ իրաւական բանավէճի:

Թէեւ Ալիեւի հետ ընկերանալու ցանկութիւն ունեցող Փաշինեանի արեւմտամէտ ուղղւածութիւնը ​​եւ նրա սխալ հաշւարկներն ու բազմաթիւ բացթողումները յոյս են ներշնչում Բաքւին ու Անկարային, որպէսզի աւելի մեծ զիջումներ պարտադրեն Երեւանին՝ միաժամանակ բացառելով հայերի վերադարձը Ղարաբաղ, սակայն փաստ է, որ նման հիմնարար փաստերը (ցեղասպանութիւնը եւ էթնիկ զտումները) ենթակայ չեն ժամանակի ընթացքին՝ իրենց մէջ կրելով ապագայ ճգնաժամերի սաղմերը:

Բնականաբար, հարցը այդպէս չլուծւած շրջանցելը կարող է Կովկասեան տարածաշրջանում անապահովութեան ու ճգնաժամի նոր օջախներ ստեղծել եւ ապագայում մեծ տէրութիւններին ծառայել՝ որպէս չարաշահումների նոր առիթ։

Ելնելով դրանից՝ հիմնախնդրի մշտական ​​լուծումը կարելի է տեսնել բնիկ ղարաբաղցի հայերի անվտանգ եւ անարգել վերադարձում՝ իրենց պատմական բնօրրան եւ գիւղեր։

Սա այն խնդիրն է, որի շուրջ շատ երկրներ, այդ թւում՝ եւրոպական, ինչպէս նաեւ Իրանը, ընդհանուր կարծիքի են:

Related Articles

Back to top button