Ջահերով երթը՝ տարւայ լուսանկար
MEI-ի 2023 թւականի յիշարժան լուսանկարների ցանկը բացում է 2023 թւականի ջահերով երթի լուսանկարը
«ԱԼԻՔ», Հատիս – «Տարէցտարի լրատւական լուսանկարչութիւնն աւելին է թափանցում մեր աչքերի ու սրտերի եւ, յուսով ենք, մեր մտքերի մէջ, որոնցով հնարաւոր է աւելի տեղեկացւած առաջ շարժւել»:
Middle East Images անկախ վաւերագրական լուսանկարչութեան ֆոտոխմբագրի այս խօսքերով եւ Սիւզան Սոնթագից արւած՝ «Լուսանկարներ հաւաքագրելով՝ հաւաքել ես աշխարհը» դիպուկ մէջբերումով է բացւում կայքի «Տարին լուսանկարներում» էջը, որտեղ 2023 թւականի իրադարձութիւնները ներկայացւած են ոչ թէ կարեւորութեան վարկանիշով, այլ՝ Մերձաւոր Արեւելքի զարգացումներին հետեւելու առաքելութեան եւ դրանց հետեւանքների կարգով:
Նշենք, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին Երեւանում տեղի ունեցած ջահերով երթի լուսանկարով է նշանաւորւել «Տարին լուսանկարներում» էջը: Լուսանկարի հեղինակն է Էնթոնի Պիզոֆերատօն:
Մեկնարկային յօդւածի մէկ այլ բաժնում նշւած է, որ տարին ողբերգութիւն բերեց մէկ այլ ողբերգութեան վրայ՝ անհասկանալի մարդկային կորուստներով: «Ռուս-ուկրանական եւ պաղեստինա-իսրայէլական պատերազմ՝ Եւրոպայում եւ Մերձաւոր Արեւելքում: Կովկասում՝ արցախահայութեան բռնի տեղահանում, աւերիչ երկրաշարժ Աֆղանստանում, Մորոկկոյում, Սիրիայում եւ Թուրքիայում…»:
«… Ցաւի ու տառապանքի տեսարաններ… ծնողը սգում է երեխաների մահը, երեխաները սգում են ծնողների կորուստը, իսկ ամենասարսափելին՝ երեխաները սգում են երեխաների մահը… այս լուսանկարների թիկունքում կանգնած է ամբողջ աշխարհից MEI-ին աշխատակցող լուսանկարիչներից կազմւած մի խումբ, ովքեր նւիրումով իւրաքանչիւր օր, նոյնիսկ կեանքի գնով պատկերագրում են ընթացող պատմութիւնը: Ովքեր կարող են ազդել պատերազմի մեքենան արգելակելու, կամ մեր մտածումները ձեւաւորել, թէ ինչ է կատարւում մեր խաղաղ պատերից այն կողմ»,- նշւած է յօդւածում:
Middle East Images-ը միաւորելով տարածաշրջանի լուսանկարիչներին ստեղծում է տեղական իրադարձութիւններով տեսապատումներ: «Տարին լուսանկարներում»-ը 35 պատկերներով հաւաքածոյ է, որոնց հերթականութիւնը վարկանշային տեսք չունի, սակայն շապիկի լուսանկարի հարցում ընտրութեան նժարը կանգնել է Հայոց Ցեղասպանութեան յիշատակին Երեւանում տեղի ունեցած ջահերով երթի պատկերի վրայ, որտեղ ի դէպ, երթի մասնակիցները Արցախի դրօշը խորհրդանշող շապիկներ են հագել:
Լուսանկարի բացատրութիւնը.
23.04.2023 Երեւան, Հայաստան: Հայերն ամէն տարի Ապրիլի 24-ին նշում են Ցեղասպանութեան յիշատակի օրը՝ յիշեցնելով 1915-1923 թւականների ողբերգական իրադարձութիւնների մասին։
Ջահերով երթը մեկնարկում է Հանրապետութեան հրապարակից՝ տանելով Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։ Մասնակցում են տասնեակ հազարաւոր մարդիկ՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մօտ ապրիլի 23-ին, ինչը շարունակւում է նաեւ Ապրիլի 24-ին: Օրը պետական մակարդակով է յիշատակւում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Կալիֆորնիայում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Արգենտինայում՝ յիշատակելով շուրջ 1.5 միլիոն զոհւած հայերին, որոնք սպանդանոց են ուղեկցւել Օսմանական Թուրքիայի կողմից իրականացւած Ցեղասպանութեան ժամանակ։
Լուսանկարը՝ Էնթոնի Պիզոֆերատոյի/Middle East Images