Դեսպան Սոբհանի. «Հայաստանը կարող է դառնալ տրանսպորտային հաբ»
News.am-ը Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ զրուցել է հայ-իրանական համագործակցութեան, Հիւսիս-Հարաւ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի եւ այլ հարցերի շուրջ:
Հարցազրոյցը՝ ստորեւ.
– Պարոն դեսպան, ձեր կարծիքով ո՞ր ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու Իրանը կարող են էլ աւելի խորացնել համագործակցութիւնը:
– Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց յարաբերութիւնները զարգացնել: Բացի երկկողմ քաղաքական յարաբերութիւններից, միջազգային ատեաններում եւս երկկողմ համագործակցութիւն ունենք, աջակցում ենք միմեանց: Անցած տարւայ ընթացքում նաեւ աւելացել են երկու երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարութեան փոխայցերը: Այս այցերը յատուկ դինամիկա են փոխանցել յարաբերութիւններին եւ մենք կարող ենք նաեւ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնները զարգացնել: Թաւրիզում գլխաւոր հիւպատոսութեան հիմնումը եւս իր նպաստը կարող է բերել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցութիւնը զարգացնելուն: Ցանկացած հանդիպման շրջանակում, եթէ հանդիպել են մեր բարձրաստիճան ղեկավարները, երկուստեք աջակցել են քաղաքական դիրքորոշումները:
Անցած տարի մեզ յաջողւեց երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը եւ դա եւս դէպի ապագայ նայող քայլ էր: Մենք առեւտրի ոլորտում նոյնպէս ունենք յարաբերութիւններ, անցեալ տարի տնտեսական ոլորտում եւս շատ կարեւոր պայմանագրեր ենք կնքել եւ ես լիայոյս եմ, որ այս տարի եւս մեր համագործակցութեան երկկողմ շրջանակում կարձանագրենք մեծ թւով յաջողութիւններ:
Առաջիկայում նաեւ կայանալու է երկու երկրների միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը, դա եւս խթան կը հանդիսանայ երկու երկրների յարաբերութիւնները զարգացնելու համար: Շատ մեծ ցանկ ունենք երկկողմ համագործակցութիւնը զարգացնելու առումով:
– Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրւեց նախորդ տարի, սա որքանո՞վ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնը:
– Մեծ ազդեցութիւն ունի, որովհետեւ Հայաստանը հարթակ է 200 միլիոնանոց եւրասիական տնտեսական շուկայ Իրանի դուրս գալու համար: Իհարկէ, մենք Հայաստանը չենք դիտարկում որպէս 3 միլիոնանոց շուկայ, այլ՝ Հայաստանը դիտարկում ենք որպէս մի հարթակ, որը կօգնի մեզ եւրասիական տնտեսական շուկայ դուրս գալ:
– Այդ նպատակին Հիւսիս-Հարաւ միջանցքը կարող է ծառայել, բայց մենք տեսնում ենք, որ հնարաւոր է՝ Հայաստանը դուրս մնայ այդ միջանցքի նախագծից: Մասնաւորապէս Ռուսաստանը ներդրում է արել Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ուղու Ռաշտ-Աստարա հատւածում, ինչի արդիւնքում հնարաւոր է միջանցքը մի քանի տարի անց գործարկւի Ադրբեջանի տարածքով: Այնուամենայնիւ, Իրանը Ռուսաստանը եւ Հնդկաստանը շարունակո՞ւմ են Հայաստանը դիտարկել որպէս Հիւսիս-Հարաւի հիմնական երթուղի:
– Կոմունիկացիաների դիւերսիֆիկացումը դա իր հերթին նպաստում է, որ կապերը դիւերսիֆիկացւեն: Հայաստանի երթուղին դէպի Սեւ ծով աւելի կարճ է, քան Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին: Եթէ մենք կարողանանք համապատասխան ենթակառուցւածքներ ստեղծել, ինչպէս նաեւ ճանապարհային սակագները նւազեցնել, Հայաստանը կը դառնայ այս տարածաշրջանի տրանսպորտային հաբը: Սա տնտեսական հարց է, տրանսպորտային հարց է, բնականաբար, եթէ բեռնատար մեքենայի վարորդը տեսնում է, որ տւեալ երթուղով անցնելը իր համար աւելի ձեռնտու է, բնականաբար, ինքը այդ ճանապարհն է ընտրում: Դա ինքնիշխանութեան հարց չէ, դա զուտ տնտեսական հարց է:
– Իրանական կողմը հնարաւորութիւն տեսնո՞ւմ է ներդրումներ անելու Հայաստանում Հիւսիս-Հարաւ տրանսպորտային նախագծում:
– Մենք հիմա բաւական մեծ ներդրումներ ենք կատարել Իրանում համապատասխան ենթակառուցւածքներ ստեղծելու համար: Հայաստանը հիմա Ասիական բանկի միջոցով, իր բիւջէից եւ բազմաթիւ հնարաւորութիւններից օգտւելով աշխատանքներ իրականացնում է: Կարող են լինել ընկերութիւններ, որոնց համար հետաքրքրական լինի, իրենք կարծում եմ՝ պատրաստ կը լինեն նման քայլ ձեռնարկել: Այստեղ կարեւոր է, որ այդ ճանապարհը կառուցւի:
– Պարոն դեսպան, չնայած այն բանից յետոյ, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնութեան եկան Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերաբերեալ, դրանից յետոյ ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցում մենք գիտենք Իրանի դիրքորոշումը, որը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականութիւնը: Արդեօք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սիւնիքի նկատմամբ:
– Այն հնարաւորութիւնները, որ մենք ընձեռնել ենք, նրա համար է, որ բոլոր երկրների համար այդ հնարաւորութիւնները լինեն բիզնեսը, առեւտուրը զարգացնելու համար, կարողանան այդ հնարաւորութիւններից օգտւել: Այդ կապերը պէտք է լինեն՝ յարգելով երկրների տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ յարգանք ճանաչւած սահմանների նկատմամբ եւ միջազգային նորմերի խախտումն անընդունելի է: