«Նաւասարդ» հայ-իրանական մշակութային եւ խոհարարական III փառատօնը․ Բոնաբ քեաբաբ պատրաստող իրանցի խոհարարները ոսկէ մեդալ շահեցին
Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում աւանդական դարձած «Նաւասարդ» հայ-իրանական մշակութային եւ խոհարարական փառատօնի շրջանակում, փառատօնի ոսկէ մեդալը նւաճեցին Բոնաբ քեաբաբ պատրաստող իրանցի խոհարարները, այս մասին հաղորդում է Parstoday.ir-ը:
Օգոստոսի 10-ին Սիսիանում մեկնարկեց արդէն աւանդական դարձած «Նաւասարդ» հայ-իրանական մշակութային եւ խոհարարական III փառատօնը։
Փառատօնը կազմակերպում են Զբօսաշրջութեան հայկական ֆեդերացիան եւ Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպութիւնը՝ Զբօսաշրջութեան կոմիտէի աջակցութեամբ եւ ՀՀ Սիւնիքի մարզի ղեկավարութեան, Սիսիանի քաղաքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակոյթի կենտրոնի եւ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան համագործակցութեամբ։
Նաւասարդ փառատօնը տեղի է ունենում մի քանի հիմնական ոլորտներում. առանձնացւած է տարածք հայկական եւ իրանական ճաշատեսակների պատրաստման եւ ներկայացման համար, դեկորատիւ եւ կիրառական արւեստի ապրանքների, երաժշտական եւ գեղարւեստական մասի ներկայացման, մրցութային յանձնաժողովի եւ հայ ու իրանական խոհարարների մրցոյթի համար։
Այս տարւայ փառատօնն աւելի աշխոյժ դարձաւ խոհարարական մրցոյթով։ Հայաստանից եւ Իրանից մասնակիցները մրցեցին, իրենց տաղաւարներում պատրաստելով եւ ներկայացնելով երկու երկրների ազգային ուտեստները, դրանց բազմազանութիւնն ու պատմութիւնը։
Փառատօնին մասնակցել են մշակութային խմբեր, արւեստագէտներ, խոհարարներ Իրանի 5 նահանգներից՝ Թեհրան, Թաւրիզ, Բոնաբ, Համեդան, Սպահան եւ Խուզեստան քաղաքներից։
«Բոնաբ քեաբաբ» պատրաստողների միութեան պատւիրակութիւնը Իրանի այլ նահանգների մրցակիցների եւ հայ խոհարարների հետ ուժեղ մրցապայքարում կարողացաւ նւաճել մրցոյթի ոսկէ մեդալը եւ այդպիսով պատիւ բերեց Արեւելեան Ատրպատական նահանգի մշակութային եւ գեղարւեստական խմբերին, որոնք եւս բազում արժանիքներ ունէին։