Իրան-Հայաստան առեւտրի պալատի ղեկավարը «Էղթեսադ-օնլայն»-ի հետ զրոյցում. Մեր ներմուծման քաղաքականութեան սխալները
Որո՞նք են Հայաստանի առանձնայատուկ առաւելութիւններն Իրանի համար
Իրանի եւ Հայաստանի առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի կարծիքով՝ Իրանը չմշակւած քաղաքականութիւն է վարում տարածաշրջանի բարեկամ երկիր՝ Հայաստանի նկատմաբ, առեւտրաշրջանառութեան նժարը չբալանսաւորելու առումով:
Հերւիկ Եարիջանեանն «Էղթեսադ-օնլայն»-ին տւած հարցազրոյցում ընդգծել է. «Դէմ եմ ներմուծման ոլորտում երկրի ներկայիս քաղաքականութեանը: Մեր քաղաքականութիւնը պէտք է լինի այնպիսին, որ այն երկիրը, որի հետ տնտեսական կապեր ունենք եւ արտահանումներ ենք իրականացնում, առիթներ ունենայ փոխադարձ արտահանման համար: Պէտք չէ մտածել, որ Հայաստանի պէս երկիրը մեզ հետաքրքրող ապրանքատեսակ չունի: Նման վարւելակերպը չի ապահովելու արտահանման աւելի բարձր ցուցանիշ»:
Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների մասին նա նշել է, որ Իրանն օրական Հայաստան է արտահանում աւելի քան 300 բեռնւած կցասայլ, որոնց ծաւալը շուրջ 800 մլն. դոլար է կազմում (տարեկան)։ «800 միլիոն դոլարը 3 միլիոն բնակչութեամբ Հայաստանի համար զգալի թիւ է: Փոխարէնը մենք Հայաստանից ընդամենը 8 մլն. դոլարի ներմուծում ունենք: Իսկ սա չի կարող խթանել 3 միլիարդ դոլար ապրանքաշրջանառութեան հեռանկարն իրականացնելու գործին»,- ասել է նա:
Եարիջանեանը յաւելել է, որ ե՛ւ Իրան-Հայաստան առեւտրի պալատում, ե՛ւ Թեհրանի առեւտրի պալատում, ե՛ւ Առեւտրի զարգացման կազմակերպութիւնում ջանք է գործադրւում Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը հասցնել 3 մլրդ. դոլարի։
«Սակայն, մեր օրէնքները թոյլ չեն տալիս գործարարներին փոխանակւել միմեանց հետ, մինչդեռ աշխարհում ոչ մի երկիր նման քաղաքականութիւն չունի։ Չինաստանի պէս մեծ երկիրը, որն ինչ որ տեղ համաշխարհային գործարան է համարւում, ներկրման ցուցահանդէս է անցկացնում ու ամբողջ աշխարհին ասում, որ իմ դռները բաց են քո առջեւ։ Իրականում Չինաստանը ցոյց է տալիս, որ իր քաղաքականութիւնն ու տնտեսութիւնը գրոհային չեն եւ սահմանափակւում են թիրախային երկրների շուկայով միայն»,- նշել է Չինաստանի պալատին եւս անդամակցող գործարարը։
Նա յիշեցնելով առեւտրի նրբութիւնների գաղտնիքների մասին նշել է, որ երբ առեւտրականները ներմուծում ու արտահանում են անում, նրանք ծանօթանում են միմեանց աշխատաոճին, իսկ այդ ծանօթացումը տալիս է ապրանքատեսակների ընդլայնման առիթներ: «Մեր քաղաքականութիւնը պէտք է մշակւի այնպէս, որ աճ արձանագրւի տնտեսութեան դինամիզմում ինչը բերելու է յարաբերութիւնների առաւել խորացմանն ու փոխվստահութեանը: Սակայն, երբ դու երկիր ես մուտք գործում միայն արտահանողի կերպարով՝ տուժում է փոխվստահութեան գործօնը»,- նշել է նա:
Իրանի համար Հայաստանի առանձնայատուկ առաւելութիւնների մասին խօսելով Եարիջանեանը նշել է, որ Հայաստանը մեր առաջին ցամաքային սահմանն է եւրասիական տարածաշրջանի երկրների հետ, այն նաեւ մեր միակ քրիստոնեայ հարեւանն է 15 հարեւան երկրների մէջ: «Սա մեզ աւելին է կապում է քրիստոնեայ երկրներին, որը ներառում է արեւելեան, արեւմտեան եւ հարաւային ու հիւսիսային Ամերիկան, որը տրամաբանօրէն հարկադրում է խորացնել կապերն ու շփումներն այս երկրի հետ»,- յաւելել է նա:
Վերջում նա եզրակացրել է, որ Հայաստանը եւս մէկ առաւելութիւն ունի, այս երկիրն ունի մի շարք առեւտրային մաքսատուրքերի թեթեւացւած ռեժիմ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Կանադան եւ Նորւեգիան: « Հայաստանից դէպի այդ երկրներ ուղղւած ապրանքներն արտահանւում են 4 տոկոս մաքսատուրքով միայն։ Եթէ մեր արտահանումները Հայստանում վերափաթեթաւորւած արտահանւեն այդ նման երկրներ, մենք կը կարողանանք այս երկրների շուկայ մտնել 4 տոկոս մաքսատուրքով»,- նշել է իրանահայ գործարարը։