Արա Շահվերդեան. «Իրանը ռազմավարական եւ յատուկ նշանակութեամբ դիրք ունի տարածաշրջանում»
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ խորհրդարանի Շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը ընդգծել է. «Ծովակենտրոն տնտեսութեամբ հնարաւոր է ապահովել երկրի տնտեսութեան զգալի բաժինը»։
Երիտասարդ լրագրողների ակումբի հետ հարցազրոյցի ընթացքում, Արա Շահվերդեանն անդրադառնալով ծովակենտրոն տնտեսութեանը ասել է. «Մեր երկիրը հիւսիսից ու հարաւից ճանապարհ ունի դէպի ծով եւ ծովի տնտեսութիւնը մի բարիք է եւ մենք պէտք է ներդրում կատարենք այս ոլորտում»: Նա ընդգծել է. «Ահաւասիկ տնտեսական լաւ աճ ունեցող երկրների 80%-ը գտնւում են ծովերի ափին եւ լաւապէս օգտւում այս հնարաւորութիւնից»:
Պատգամաւորը ընդգծել է. «Որպէսզի կարողանանք օգտւել ծովից, պէտք է փոքր բիզնեսների հիմքը դնենք, եւ խորհրդարանը եւս անհրաժեշտ արտօնութիւնները տւել է, եւ նաւահանգիստների ու նաւագնացութեան կազմակերպութիւնը նոյն այդ օրէնքների շրջագծում կարող է հիմքը դնել փոքր բիզնեսների»: Նա նշել է. «Ենթակառուցւածքը այն չէ, որ պարզապէս նաւահանգիստ կառուցենք եւ ասենք, որ մենք նաւամատոյց ունենք: Մենք պէտք է օգտագործենք նաւահանգիստները, եւ նաւահանգիստները պէտք է միացւած լինեն երկաթգծերին ու ճանապարհներին, որպէսզի ապրանքների տարանցում իրականանայ յատկապէս, որ Հնդկաստանից դէպի Չաբահար եւ այնտեղից դէպի Եւրասիա հարաւ-հիւսիս միջանցք գոյութիւն ունի»։ Ասուլիսի ընթացքում պատգամաւորը ասել է. «Մեզ համար կարեւոր են բեռների եւ ուղեւորների նաւահանգիստները, եւ երկաթուղային ու ճանապարհային տրանսպորտով բեռների եւ ուղեւորների փոխադրումը»: Նա կարեւորելով կենսոլորտի պահպանման անհրաժեշտութեանը ասել է. «Ծովի եւ դրա եզերքը կարեւոր հանգամանքներից են՝ շրջակայ միջավայրի հարցով, եթէ մենք ցանկանում ենք բիզնես սկսել, ապա ջրածինների, ծովային ռեսուրսների եւ աղտոտւածութեան մասին քննարկումը շատ կարեւոր է, եւ մենք պէտք է ուշադրութիւն դարձնենք դրան ծովային տնտեսութեան հետ մէկտեղ»: Նա նաեւ կարեւորել է այս ոլորտում զբօսաշրջութեան զարգացման հարցը: Պատգամաւորի հաւաստմամբ. «Մեր երկիրը լաւ դիրք ունի տարածաշրջանում եւ ուղղակի կապ ունի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետ, ուստի Իրանը ռազմավարական եւ յատուկ նշանակութեամբ դիրք ունի տարածաշրջանում, ու թէեւ բոլորն ասում են, որ Հարթլանդը կամ կենտրոնը՝ Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում է, սակայն ես համոզւած եմ, որ կենտրոնը Իրանն է։ Որովհետեւ այն գտնւում է շատ լաւ դիրքում, եւ մենք պէտք է օգտագործենք մեր երկրի աշխարհագրական դիրքը տարբեր ոլորտներում, քանի որ մենք կարող ենք լինել հանգոյց միջանցք, հետեւաբար մեզ պէտք է ծովային տնտեսութիւն»։