Արեւելեան Ատրպատականից Հայաստան արտահանումն աճել է 82 տոկոսով
«ԱԼԻՔ» – Արեւելեան Ատրպատականի մաքսային վերահսկողութեան տարածքի ղեկավար Սադեղ Նամդարը յայտարարել է այս տարւայ 7 ամիսների ընթացքում Հայաստան աւելի քան 121 միլիոն դոլար արժողութեամբ, մօտ 600 հազար տոննա ապրանք արտահանելու մասին։ Նա նշել է. «Արտահանման այս ծաւալը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 82%-ով, իսկ դոլարային հաշւարկով՝ 33%-ով»։
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, Իրան Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի ներկայութեամբ կայացած հանդիպման նպատակն էր վերացնել խոչընդոտները, ընդլայնել մաքսային համագործակցութիւնը եւ դիւրացնել սահմանային փոխանակումները՝ Իրանի Նորդուզի եւ Հայաստանի Մեղրիի սահմանային մաքսակէտերում։
«Ֆարս» լրատւական գործակալութեան համաձայն՝ նոյեմբերի 16-ին Նորդուզի սահմանային մաքսատանը կազմակերպւած այս համատեղ նիստին իրանական մաքսային պատւիրակութիւնը կարծիքներ է փոխանակել հայկական կողմի հետ տարբեր մաքսային հարցերի շուրջ։
Հանդիպմանը, Արեւելեան Ատրպատականի մաքսային վերահսկողութեան բաժնի ղեկավար Սադեղ Նամդարը, մատնանշելով նշւած ժամանակահատւածում Նորդուզի սահմանից աւելի քան 80,000 բեռնատարների երթեւեկութեանը, որը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ 28 տոկոսով աճ է արձանագրել, ասել է, որ ներկայումս Նորդուզի սահմանից Հայաստան օրական 150-200 բեռնատար է ուղեւորւում, եւ ակնկալւում է, որ ապագայում այդ ցուցանիշը կը հասնի օրական 300 բեռնատարի։
Հայաստանի հարաւային մաքսատան-վարչութեան պետ Արտաշէս Ղամբարեանը, շնորհակալութիւն յայտնելով Նորդուզ մաքսատան լաւ փոխգործակցութեան ու համագործակցութեան համար, մատնանշել է՝ երկու երկրների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակման համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ապահովումը արագացնել։
Հանդիպման ընթացքում, Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանը գնահատելով Իրանի մաքսատան ղեկավարի մօտեցումն ու առանձնայատուկ ուշադրութիւնը երկու երկրների մաքսային համագործակցութեան մեծացմանը, մատնանշեց երկու երկրների միջեւ 45 կիլոմետրանոց պատմական սահմանի կարեւորութիւնը եւ անհրաժեշտ համարեց ճանապարհային ենթակառուցւածքների ապահովումը երկու կողմերի համար, զբօսաշրջիկներին ներգրաւելու եւ ուղեւորների խնդիրները դիւրացնելու նպատակով գործարար համագործակցութիւնը մեծացնելու առումով, եւ դա բնութագրեց Հիւսիս-Հարաւ միջանցքի բարգաւաճման պատճառը։
Իրանի պատւիրակութեան կազմում էին՝ Կապան քաղաքում Իրանի գլխաւոր հիւպատոսը, միջազգային համագործակցութիւնների գրասենեակի տեղակալը, նահանգների համակարգող գրասենեակի տեղակալը եւ Նորդուզ մաքսատան տեսուչը, իսկ հայաստանեան պատւիրակութեանն էին անդամակցում՝ Հայաստանի հարաւային տարածքի մաքսային վարչութեան պետը, Մեղրիի մաքսատան փոխնախագահը եւ Սիւնիք նահանգում մաքսանենգութեան դէմ պայքարի վարչութեան պետը։