Իրանի նաւթի նախարար Ջաւադ Օջին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) երկրների վարչապետների առաջիկայ հանդիպումը լաւ հնարաւորութիւն է համարում Կենտրոնական Ասիայում գազի տարանցման վերաբերեալ բազմակողմ համաձայնութեան հասնելու համար, գրում է «Mehr»-ը։
Օջին իրանական պատւիրակութեանը կուղեկցի Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) կառավարութիւնների ղեկավարների խորհրդի 22-րդ նիստին, որը տեղի կունենայ հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Կիրգիզստանի Բիշքեկ քաղաքում, այս շաբաթւայ վերջին։
Իրանական պատւիրակութիւնը կը գլխաւորի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
«Ռուսաստանի էներգետիկ շաբաթւայ ընթացքում, որին մենք մասնակցում էինք Մոսկւայում, ՌԴ նախագահը Իրանը նշեց որպէս ռուսական գազի նոր շուկաներից մէկը՝ հաշւի առնելով երկրի խորը կապերը Եւրոպայի հետ, եւ մենք նաեւ յայտարարեցինք, որ պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել Իրանի տարածքով ռուսական գազի տեղափոխման եւ վաճառքի համար»,- ասել է Օջին։
Իրանի նաւթի նախարարը յաւելել է, որ «գազային միջանցքի գործարկումը պահանջում է համակարգում այն երկրների հետ, որոնցով անցնում է այդ փոխանակման երթուղին, եւ նրանք բոլորը պատրաստւում են մասնակցել ՇՀԿ-ի երկրների վարչապետների հանդիպմանը։ Եւ դա չնայած այն հանգամանքին, որ այս երթուղու գազատարը Ռուսաստանից Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Իրան արդէն գոյութիւն ունի»։
Նա նաեւ յոյս է յայտնել, որ «այս գագաթնաժողովի շրջանակներում, ՇՀԿ-ի շրջանակներում տնտեսական համագործակցութեան զարգացմանը զուգընթաց, կարող են կնքւել նաեւ բազմակողմ համաձայնագրեր՝ այս գաղափարի գործնական իրականացման եւ տարածաշրջանի երկրներին մերձեցնելու համար»։