Մշակութային

Դո՞ւ էլ ԻՒՆԵՍԿՕ…

Խմբագրական «Արտազ»-ի

Մարդկային իրաւունքների խախտման անժխտելի փաստերից՝ շրջափակումով մի ամբողջ բնիկ ժողովուրդ սովի մատնելով սպանելու, ինչպէս նաեւ իր պապենական դարաւոր հողերից զրկելու եւ ստիպողաբար տարհանելու գործարքների համար դեռեւս ոչ մի պատժամիջոց չստացած, Ադրբեջանի պետութիւնը իր մեծ դաշնակցին՝ Իսրայէլի սիոնիստական պետութեան գերուժին ապաւինած, քաղաքակիրթ պետութեան նոր դիմակ է հագնւում դարձեալ…:

Իրանի Իսլամական Հանրապետութեան համաձայնութեամբ, Ատրպատականի մեր թեմին պատկանող պատմական վանքերին՝ Ս. Թադէի, Ս. Ստեփանոս Նախավկայի եւ Ծործորի Ս. Աստւածածին վանքի համալիրները արձանագրւել են ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութիւնների միջազգային ցուցակում: Աւելին, մի քանի տարիներ առաջ, Ս. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը եւս արձանագրւեց մշակութային միեւնոյն ցուցակում, իբրեւ բացառիկ երեւոյթ աշխարհում, երբ բազմահազար անձեր երեք օրեր շարունակ վրանների տակ ապրելով, ուխտաւոր կը լինեն մի սրբավայրում:

Մի խօսքով, ամենայն վստահութեամբ վերոյիշեալ սոյն միջազգային բարձր համբաւ վայելող հիմնարկութեան, մեր թեմի մի շարք սրբավայրերը արձանագրել ենք դրա ցուցակում, ապահովելով դրանք ցեղային խտրականութեան եւ կրօնական հակամարտութեան որեւէ կոտորածի դէմ:

Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում այն ապահովութիւնը, որը մեր սրբավայրերը վայելում են, փաստօրէն դժւար թէ գոյութիւն ունենայ մի այլ երկրում, որտեղ քաղաքական փոփոխութիւնների զոհ են դառնում ո՛չ միայն նոյն երկրի բնիկներ, այլեւ նրանց հազարաւոր տարիների մշակութային ժառանգութիւնը, կրօնական արժէքները, ինչպէս նաեւ սրբավայրերը:

Արցախեան հայրենիքում տեղի ունեցած ողբերգական դէպքերից յետոյ, ինչպէս նաեւ բնիկ հայերին պատճառած բռնագաղթի ուրախութեամբ յղփացած եւ տօնակատարութիւններով իր առօրեան լցրած ոսոխը, ժամ չի՛ կորցնում ոչնչացնելու արցախեան աշխարհի դարաւոր հնութիւնները, նշանաւոր անձերի արձաններից ու կիսանդրիներից սկսեալ, մինչեւ ճարտարապետական անգին գոհար համարւող վանքերը, եկեղեցիներն ու սրբավայրերը…:

Ժողովրդային կոտորածներին ի տես լուռ մնացող քաղաքակիրթ աշխարհը, որը նաեւ տեղի ունեցող արտագաղթի լուռ հանդիսատեսն ու վկան եղաւ, այսօր ծափողջոյններով է դիմաւորում Ադրբեջանի ներկայացուցչի փոխատենապետի պաշտօնին կոչւելը, ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր ատենաժողովի նիստին: Ի՞նչ թատրոն է այս, եւ ո՞վ է ընտրւում գլխաւոր դերասանի պաշտօնին: Սա իրօք «խայտառակութիւն է», եւ նոյնիսկ «անարգանք» նոյնինքն ԻՒՆԵՍԿՕ-ի հասցէին, ինչպէս վկայում է ֆրանսիական «Լը ֆիգարօ» պարբերականի փոխտնօրէն Ժան Քրիստոֆ Բուիսոնը:

Այո՛, Բուիսոնի համար եթէ նորոթիւն էր այն, մեզ համար Ատրպատականի հայոց թեմում երկրորդ փորձառութիւնն էր լինելու, որովհետեւ նոյն ԻՒՆԵՍԿՕ-ի «հսկող» աչքերի ու լայնատարած թեւերի հովանու ներքոյ մանրւելով փոշիացւեցին Ջուղայի հազարաւոր խաչքարերը, «օրը ցերեկով» եւ քաղաքակիրթ աշխարհի լայն բացւած, բայց կամաւորաբար կոյր աչքերի առջեւ:

Այո, Աշխարհակալին խօսքը իր որդու դաւաճանութեան անսպասելի արարքին ուղղւած՝ «Դո՞ւ էլ Փրուդոս», տեղին արտայայտութիւն է ԻՒՆԵՍԿՕ-ի նման համաշխարհային վարկ վայելող հիմնարկութեան, որի գլխաւոր առաքելութիւնը այս աշխարհում, մշակութային ժառանգութեանց պահպանման հովանաւոր լինելն է:

Դո՞ւ էլ ԻՒՆԵՍԿՕ… իսկ մենք, Իրանի պետութեան բարձր հովանաւորութեան ապաւինած, Ատրպատականում մշակութային մեր կոթողներին տէր ենք կանգնելու:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն
«Արտազ» ամսագիր (թիւ 11, նոյեմբեր 2023 թ.)

Related Articles

Back to top button