Բացառիկ լուսանկար-բացիկներ՝ 20-րդ դարի Շուշի քաղաքի համայնապատկերից

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Արցախի Շուշի քաղաքն իր պատմական, ճարտարապետական, մշակութային եւ քաղաքային զարգացւածութեամբ ոչ միայն հայ պատմիչներին ու մասնագէտներին է հիացրել եւ հիացնում, այլեւ օտարազգի ճանապարհորդներին, ուսումնասիրողներին ու մշակութային ոլորտի գիտնականներին: Հայկական քաղաքի մասին պատմական փաստերն ու տեղեկութիւնները շատ են, եւ այդ ամենին զուգահեռ՝ քիչ չեն նաեւ տարբեր ժամանակաշրջանի լուսանկարիչների արւած լուսանկարները, որոնցում զգացւում է քաղաքի հայկականութիւնը, պատմամշակութային բացառիկ արժէքն ու վեհութիւնը:
Նախորդ դարում Շուշիում արւած լուսանկարները պատկանում են տարբեր ազգի ներկայացուցիչների: Այդ լուսանկարների մի մասը տպագրւել է 20-րդ դարի ռուսական եւ օտարազգի մամուլում: Լուսանկարների մի մասի հեղինակներն անյայտ են, սակայն այդ լուսանկարներն ունեն պատմական բացառիկ արժէք: Հայաստանի ազգային գրադարանի լուսանկարների արխիւում պահպանւում են Շուշիի բացառիկ լուսանկարներ, որոնք խորհրդային շրջանում տպագրւել են բացիկների տեսքով:
Ներկայացնում ենք այդ բացառիկ լուսանկար-բացիկներն ու լուսանկարներում պատկերւած տեղանքի մասին պատմական փաստերը.
Հիւսիսային մասի պարիսպներից հատւած
Կարծում ենք, որ Շուշի անունն առաջացել է շոշ բառից: Տեղական բարբառով ջահել, սլացիկ, մատղաշ ծառն անւանում են շոշի ծառ, իսկ հոգնակի իմաստով՝ շոշոտ: Հաւանաբար բերդաքաղաքի եւ հարեւան Շոշ գիւղի զբաղեցրած տարածքը հնում ծածկւած է եղել շոշի ծառերով, անտառներով: Իսկ բուսաբան Վ. Պետրովի վկայութեամբ՝ սկզբնական շրջանում մարդն այստեղ՝ Արցախ-Ղարաբաղում, ընդհարւել է անտառների համատարած զանգւածների հետ: Յիշենք, որ նոյն կարծիքն են յայտնել նաեւ Ստրաբոնը, պարսիկ եւ արաբ ճանապարհորդները, ինչպէս նաեւ միջնադարի հայ պատմիչները: Այսօր էլ դժւար չէ բազմաթիւ օրինակներով ցոյց տալ, թէ ինչպէս Արցախի տասնեակ բնակավայրերի անուններն արտայայտում են տեղանքի բնոյթը, տւեալ վայրի բուսական ծածկի տեսականին:
Երեւանեան դարպասը
Շուշին՝ որպէս Շոշ գիւղի ամրոց կամ պարզապէս՝ «Շոշի ղալա», «Քերծի գլուխ», գոյութիւն է ունեցել միջնադարում: Որպէս մեծ սղնախ, զօրանոց՝ հիմնադրւել է 18-րդ դարի սկզբին, որի վերակառուցումն էլ աւարտւել է նոյն դարի 50-ական թւականներին: Իսկ նորոգումը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբին, Շուշիի 1826 թւականի հերոսական պաշտպանութեան օրերին:
Ջրաբերդ-Գանձակ-Ելիզաւէտապոլի դարպասը
Շուշիի աւելի քան 2, 5 կմ երկարութեամբ պարիսպները սկսւում են սարահարթի հարաւ-արեւմտեան բարձր ժայռազանգւածից եւ խիստ թեքադիր լանջերով ու հեղեղատների վրայով «մագլցելով»՝ շրջափակում բերդաքաղաքն արեւմուտքից, ապա զառիթափով իջնում ցած, թեքւում դէպի արեւելք եւ գնում մխրճւում ցից ժայռի մէջ: Շուշիի միւս՝ հարաւային թեւն ամբողջովին, արեւելեանն ու արեւմտեանը՝ մասամբ, փակւած են բնական ահռելի քարէ ուղղաձիգ պատնէշներով: Ժամանակի ռազմական տեխնիկայի տեսակէտից անառիկ պարիսպները կրաքարից են՝ 7-8 մետր բարձրութեամբ եւ ուժեղացւած կիսաշրջան՝ սնամէջ 50 բուրգերով: Պարիսպներն ունեցել են չորս մուտք: Հիւսիսային դարպասը սկզբում կոչւել է՝ Ջրաբերդի, հետագայում՝ Գանձակ-Ելիզաւէտապոլի, հարաւ-արեւմտեանը՝ Երեւանեան, հարաւայինը՝ Ամարասի, արեւելեանը՝ Մխիթարաշէնի անուններով:
Հայկական «Հին հանգստարան»՝ թաղամասը
20-րդ դարի սկզբին Շուշին ունէր իր ճարտարապետական, մշակութային, առեւտրաարդիւնաբերական ինքնատիպ դիմագիծը: Քաղաքի արժանայիշատակ վայրերից մէկն էլ շուկան էր: Ականատեսների, ժամանակագիրների պատմելով, շուկան շլացուցիչ խայտաբղէտութիւն ունէր, որտեղ վաճառւում էին շուշեցի արհեստաւորների արարած եզակի արծաթէ իրերից, մեծարժէք գորգերից ու փայտէ, կաւէ կենցաղային առարկաներից մինչեւ մեծ պահանջարկ ունեցող լայն սպառման ապրանքներ, գիւղատնտեսական մթերքներ, որոնք բերւում էին եւրոպական երկրներից, Հնդկաստանից, նոյնիսկ Հոնկոնգից:
Հայկական «Երեւանեան դռներ» թաղամասը
Քաղաքը շատ անգամ է յարձակման ենթարկւել թուրք- ասպատակիչների կողմից: Երբեմն երկար դիմադրութիւնից յետոյ յանձնւել է, աւերւել, բայց նորից վերականգնւել ու դարձել է անառիկ ամրոց: Վերջին` 1826 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Շուշին ռուսական մի փոքրիկ զօրամասի եւ հայ աշխարհազօրայինների ուժերով 48 օր դիմադրեց պարսկական բազմաքանակ ուժերին ու մնաց անառիկ, մինչեւ որ Թբիլիսիում գտնւող ռուսական զօրամասերը յարձակման անցան եւ պարտութեան մատնեցին թշնամուն: Ժամանակի ռազմական զեկուցագրերում ռուս հրամանատարները հիացմունքով են խօսում հայ աշխարհազօրայինների, այդ թւում նաեւ՝ բերդում ապաստան գտած զառամեալ ծերերի, կանանց, երեխաների անձնուրաց պայքարի մասին, որի շնորհիւ կործանումից փրկւեցին ռուս զինւորները:
Լուսանկար-բացիկները՝ Հայաստանի ազգային գրադարանի
168.am