ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Վահան Կոստանեանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարի տեղակալների հետ

Փետրւարի 14-ին Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանեանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի եւ Ալի Բաղեր Քանիի հետ:

Վահան Կոստանեանը եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում, այդ թւում՝ տնտեսական, ենթակառուցւածքների, էներգետիկայի, եւ այլ բնագաւառներում երկու երկրների համագործակցութեանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտութիւնը: Ընդգծւել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատւածի՝ իրանական ընկերութիւնների կողմից նախանշւած ժամկէտներում կառուցման կարեւորութիւնը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի մանրամասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանեանը եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր։

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւններում առկայ գործընթացները։ Այս առնչութեամբ բարձր է գնահատւել Իրանի ղեկավարութեան քանիցս արտայայտած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անքակտելիութեան վերաբերեալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարւել նաեւ Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին, դրանց համադրման եւ փոխշահաւէտ գործակցութեան շարունակականութեան ապահովման կարեւորութեանը։

Related Articles

Back to top button