ԻրանՏնտեսական

Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառութիւնը կարող է հասնել 20 միլիարդ դոլարի

ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրւել արդէն երկուշաբթի (դեկտեմբերի 25-ին) հինգ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, դեկտեմբերի 22-ին յայտարարել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրէյ Սլեպնեւը,- գրում է «Կոմերսանտ»-ը։

Ի տարբերութիւն երկրի հետ «ժամանակաւոր» ազատ առեւտրի գօտու, որը գործում է 2019 թւականից, մաքսատուրքերի իջեցումն այժմ կանդրադառնայ բոլոր ապրանքների 90%-ի եւ ԵԱՏՄ երկրներից մատակարարումների աւելի քան 99%-ի վրայ: Սա Իրանի համար այսօրինակ առաջին գործարքն է։ Սպասւում է ինչպէս պարէնային, այնպէս էլ արդիւնաբերական ապրանքների մատակարարումների աւելացում, ինչը շրջանառութեան եռապատկման պատՃառ կարող է դառնալ։ Մատակարարները, սակայն, դեռեւս մտահոգւած են Իրանում երկարաժամկէտ պատժամիջոցների պայմաններում հաշւարկների անցկացմամբ եւ բիզնես վարելու առանձնայատկութեամբ։

Մինչ երկրների միջեւ գործում է 2019 թւականին կնքւած ժամանակաւոր համաձայնագիրը, այն վերաբերում է ընդամէնը 360 ապրանքային անունի (12 հազարից)։ Այնուամենայնիւ, ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառութիւնն արդէն աւելի քան կրկնապատկւել է երեք տարւայ ընթացքում՝ 2019 թւականի 2.5 միլիարդ դոլարից 2022 թւականի վերջին հասնելով 6.2 միլիարդ դոլարի։

Նոր համաձայնագիրը թոյլ կը տայ հինգից եօթ տարւայ ընթացքում մատակարարումները աւելացնել տարեկան մինչեւ 18-20 միլիարդ դոլար:

ԵԱՏՄ-ից Իրան է արտահանւում հիմնականում ցորեն, ձէթ եւ մետաղագործական արտադրանք, իսկ Իրանը սննդամթերք է մատակարարում՝ միրգ, բանջարեղէն, ընկոյզ։ Այժմ մատակարարումները կընդլայնւեն ռուսական շուկայում արեւմտեան արտադրանքի փոխարինման պատճառով, – նշում է Անդրէյ Սլեպնեւը. «Իրանը կարողացաւ արդիւնաբերական արտադրանք առաջարկել նաւաշինարարութեան եւ աւտոմոբիլային արդիւնաբերութեան համար»:

Մատակարարումների ընդլայնումը, ըստ նրա՝ հնարաւոր է ոչ միայն ցորենի հաշւին, այլեւ հացահատիկի այլ տեսակների, ոչխարի եւ թռչնամսի, վերամշակւած եւ հրուշակեղէնի արտադրանքի շնորհիւ։ Արդիւնաբերական խումբը ներառում է սեւ եւ գունաւոր մետալուրգիայի արտադրանք, նաւթագազային համալիրի, փայտամշակման, պարարտանիւթերի հետ կապւած ամէն ինչ։ Կարեւոր պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել նաեւ աւիատեխնիկայի, նաւերի, շարժիչային միջոցների, երկաթուղային տեխնիկայի եւ էլեկտրական սարքաւորումների վերաբերեալ, թւարկել է Սլեպնեւը՝ նշելով, որ առեւտրի աճի ներկայիս խոչընդոտը դրա անհաւասարակշռութիւնն է։

News.am

Related Articles

Back to top button