Իրանը հերքել է Հայաստանի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը
«ԱԼԻՔ» – Արդաբիլ նահանգի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերութեան գործադիր տնօրէն Ալի Հէյդարի Անարին հաւաստել է. «Հայաստանում Մեծամօրի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականութեանը, եւ այս գետում ռադիոակտիւ նիւթերի առկայութեան մասին յայտարարութիւնները չեն հաստատւել։
Ալի Հէյդարի Անարին երէկ՝ նոյեմբերի 29-ին անդրադառնալով Արաքս գետի ռադիոակտիւ նիւթերով աղտոտւածութեան մասին շշուկներին, ընդգծել է, որ Ատոմական էներգիայի կազմակերպութեան եւ առողջապահական կառոյցների կողմից իրականացւած հետազօտութիւնների եւ փորձարկումների համաձայն՝ Արաքս գետում ռադիոակտիւ նիւթերի առկայութիւնը չի հաստատւել։ Մեծամօրի ատոմակայանի եւ Արաքս գետի միջեւ հեռաւորութիւնը մեծ է, ուստի այս տարածութեան վրայ գետի ինքնամաքրման ուժն նպաստում է ջրի մաքրմանը։
Parstoday-ի հաւաստմամբ՝ Հէյդարի Անարին, Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերութեան գլխաւոր ռազմավարութիւնն է համարել անխափան ու յաջող ջրամատակարարում եւ ասել. «Նահանգի հիւսիսային քաղաքներում խմելու ջուրը ներկայումս ապահովւում է Արաքս գետից, եւ այդ քաղաքներում կայունութեան գործօնը մեծացնելու նպատակով կարգադրւել է «Էմարաթ» ամբարտակից այս քաղաքներին ջուր յատկացնել եւ շուտով մեկնարկելու են գործադրման աշխատանքները։