Իրան

Ամիր Աբդօլլահեանը եւ Բին Ֆարհանն ընդգծել են Գազայի հատւածում անյապաղ հրադադարի անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Ֆէյսալ բին Ֆարհանն ընդգծել են Գազայի հատւածում անյապաղ հրադադարի եւ անկլաւ մարդասիրական օգնութիւն ուղարկելու անհրաժեշտութիւնը:

Անդրադառնալով Հանրապետութեան նախագահ Ռէյիսիի եւ Սաուդական Արաբիայի թագաժառանգ Բին Սալմանի միջեւ վերջերս կայացած յաջող հանդիպմանը՝ Ամիր Աբդօլլահեանը շնորհակալութիւն է յայտնել Պաղեստինի հարցը քննարկելու նպատակով, Ռիադում իսլամական եւ արաբ առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար։

ԱԳՆ ղեկավարը նաեւ գոհունակութիւն է յայտնել երկկողմ յարաբերութիւններում առաջընթացի կապակցութեամբ՝ ընդգծելով երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը։

Ամիր Աբդօլլահեանը նաեւ ընդգծել է երկու երկրների, ինչպէս նաեւ իսլամական երկրների եւ տարածաշրջանի համատեղ ջանքերի անհրաժեշտութիւնը՝ ճնշում գործադրելու Իսրայէլի եւ ԱՄՆ-ի վրայ, որպէսզի նրանք անյապաղ դադարեցնեն ագրեսիան եւ թոյյլ տան մարդասիրական օգնութիւն ուղարկել պաղեստինցի ժողովրդին:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների զարգացմանը Բին Ֆարհանն իր հերթին ասել է, որ բարեբախտաբար, շփումներն ու բանակցութիւնները շարունակւում են նաեւ այլ ոլորտներում, եւ երկու երկրների էկոնոմիկայի նախարարները նոյնպէս սկսել են իրենց բանակցութիւններն ու շփումները, ինչը ողջունելի փաստ է։

Ինչ վերաբերում է Գազայի հատւածում պատերազմին, նա նշել է․ «Ռիադն ու Թեհրանը «միասնական տեսակէտ ունեն պաղեստինեան ազգին աջակցելու, անյապաղ հրադադարի եւ հրատապ հումանիտար օգնութիւն ուղարկելու վերաբերեալ, եւ մենք կը շարունակենք մեր ջանքերը»։

Related Articles

Back to top button