Մալխաս Ամոյեան․ «Յաղթանակս նւիրում եմ հայ եւ եզդի ժողովուրդներին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցութեան համար»
Երրորդ չեմպիոնութիւնը բարդ տրւեց ինձ: Ուրախ եմ, որ կարողացայ երրորդ անգամ հռչակւել Եւրոպայի չեմպիոն: Յաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախութիւն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:
Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից ասաց Եւրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նւաճած Մալխաս Ամոյեանը:
Փետրւարի 13-ին յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում Մալխաս Ամոյեանը երրորդ անգամ նւաճեց չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 7:0 հաշւով պարտութեան մատնեց թուրք Իւսուֆ Էմրէ Բաշարին:
«Ուրախ եմ, որ կարողացայ հռչակւել Եւրոպայի եռակի չեպիոն: Զգացողութիւններս անբացատրելի են: Սպասում էի, որ կը կարողանամ երրորդ անգամ նւաճել տիտղոսը: Ամէն մրցաշարի մեկնում եմ ոսկին նւաճելու նպատակով: Այս յաղթանակներիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընկերներին, հայ եւ եզդի ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են:
Նախօրէի սահմանային դէպքերի մասին լսելով շատ վատ զգացի ինձ: Այդ պահերին չգիտես, թէ ինչ ասել, ինչ անել, մեր զինւորների մասին ցանկացած լուր աւելի է մեծացնում մեր պատասխանատւութիւնը: Շատ վատ զգացողութիւն է, երբ լսում ես, տեղեկանում ես ու չգիտես, թէ ինչ անել:
Փորձում եմ չհետեւել սոցիալական ցանցերին: Այդ ամէնն ազդում է ինձ վրայ: Եզրափակիչ գօտեմարտից առաջ կար այդ զգացողութիւնը, որ չգիտես ինչ անել, երբ լսում ես զինւորների հետ կապւած իրադարձութիւնների մասին: Յաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախութիւն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:
Երրորդ յաղթանակն այլ էր ինձ համար: Երբ առաջին անգամ դարձայ Եւրոպայի չեմպիոն, մեծ զգացողութիւններ ունէի, երկրորդ անգամ եւս: Երէկւայ յաղթանակս տարբերւեց նախորդներից: Ասեմ, որ աւելի բարդ տրւեց ինձ այս յաղթանակը:
Ամէն ինչ անելու եմ, որ օլիմպիական ոսկէ մեդալը նւաճեմ: Արդէն լիովին կը պատրաստւեմ Օլիմպիական խաղերին:
Յաղթանակս նւիրում եմ հայ եւ եզդի ժողովդրին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցութեան համար»,- ասաց Մալխաս Ամոյեանը, որը Եւրոպայի առաջնութիւնում անցկացրեց 4 գօտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):
24-ամեայ Ամոյեանը Եւրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թւականներին:
Լուսինէ Շահբազեան