ԹեհրանՄշակութային

Իրանի ճարտարապետութեան 11-րդ մրցանակաբաշխութիւնը՝ «Արարատ» մարզաւանում

Ուշադրութեան կենտրոնում Սուրբ Խաչ մատուռն էր

«ԱԼԻՔ» – «Իրանի ճարտարապետների երեկոյ» 11-րդ մրցանակաբաշխութեան միջոցառումը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ յունւարի 30-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում:

Մրցանակաբաշխութեան նախաձեռնող կենտրոնը, ինչպէս նախորդ տարիների դէպքում՝ «Ճարտարապետական արւեստի ինստիտուտ»-ն էր: Կազմակերպիչների օրակարգում յստակ անդրադարձ կար Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակի մասին:

Միջոցառման զեկուցաբերներից էր իրանահայ ճարտարապետ, համալսարանի դասախօս՝ Ալմարա Մելքոնեանը, ով իր ելոյթում անդրադառնալով իրանահայութեան պատմական անցեալին, հանդիսատեսին ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման պատմութիւնը եւ 80-ամեայ գործունէութիւնը, միաժամանակ յիշեցնելով ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի (1932-2013) նախագծով կառուցւած Ս. Խաչ մատուռի մասին, որը բանախօսի խօսքով՝ համարւում է Իրանի ժամանակակից ճարտարապետութեան բարձունքներից մէկը:

Երեկոյթի անւանիների շարքում հանդիսատեսին ներկայացւեց իրանահայ անւանի նկարիչ եւ ճարտարապետութեան դոկտոր՝ Սիմոն Այւազեանը:

Մինչեւ ծրագրի պաշտօնական բաժնի մեկնարկը հանդիսատեսն առիթն ունեցաւ այցելել Ս. Խաչ մատուռի շրջափակ, որտեղ ներկայ ճարտարապետների վկայութեամբ, թէեւ այն բետոնապատ շինութեանը համապատասխան սառնութիւն պէտք է հաղորդած լինի, սակայն առաջին իսկ հայեացքից, այցելուի մօտ առաջացնում է ստեղծագործելու-արարելու քաջութիւն ու կամք: «Գաղտնիք, որին հասնելու համար միայն գիտութիւնը չի բաւարարի, այլ՝ իսկական ճարտար միտք է պէտք»,- հիացմունքով իր ուսանողներին դիմելով նշեց մատուռ այցելած ճարտարապետներից մէկը:

Մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ 6 անւանակարգում, որտեղ յայտնի դարձան Ինտերիեր, ինչպէս նաեւ Արդիւնաբերական դիզայնի 11-րդ միջազգային մրցանակակիրները, «Շինարարութեան» 7-րդ, «Աղիւս» 4-րդ եւ Վերականգնման ու վերամշակման 3-րդ ազգային մրցանակակիրները։

Միջոցառման եզրափակիչ բաժինը «Տարւայ ինտերիեր» դիզայներ-ճարտարապետի յայտնութիւնն էր։

Առնչւող Յօդւածներ

Back to top button