ՄշակութայինՍփիւռք

Ֆրանսահայ յայտնի տենոր Ռուբէն Էլբակեանը պարգեւատրւել է նոր Ոսկէ մեդալով

Ֆրանսահայ յայտնի տենոր Ռուբէն Էլբակեանն իր բարեգործական գործողութեան համար ֆրանսիական հեղինակաւոր՝ LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC հաստատութեան կողմից պարգեւատրւել է նոր Ոսկէ մեդալով։ Այս կառոյցը պարգեւատրում է հանրային գործունէութիւն ծաւալող մարդկանց, որոնց թւում են՝ Չերչիլը, Ֆրանկլին Ռուզւելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբէ Պիէռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը եւ այլք։

Պարգեւատրման արարողութիւնը եզրափակւել է Ռուբէն Էլբակեանի կատարած յաղթական Մարսելեզով։

Սա հայ տենորին շնորհւած երկրորդ ոսկէ մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար․ առաջինը նա ստացել էր 2021 թւականին՝ Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

Նա նաեւ 2011 թւականին Մոնակոյում Նապոլէոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլէոնեան յիշողութեան զինւորական շքանշանի ասպետ է ճանաչւել եւ Journal LUXURY հեղինակաւոր ամսագրի կողմից դասւել աշխարհի 57 յայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնաւուրի, Անրի Վեռնոյի, Միշէլ Լեգրանի կողքին:

Իր շնորհակալական խօսքի ընթացքում Ռուբէն Էլբակեանն անւանակոչւածների եւ հիւրերի ուշադրութիւնը հրաւիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկայ իրականութեան վրայ եւ ցանկութիւն յայտնել բարեգործական համերգով ելոյթ ունենալ Երեւանում՝ ի աջակցութիւն Արցախից բռնի տեղահանւած բնակչութեանը:

Ռուբէն Էլբակեանը բազմիցս հրաւիրւել է Մարսելեզի եւ Հայաստանի օրհներգը կատարելու՝ Փարիզի Յաղթական կամարի ներքոյ. նրա «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմէջ արժանացել է հանրայայտ LA FNAC-ի «Coup de Cœur» մրցանակին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button