ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թւականի չորրորդ համարը

Ապրիլի 24-ի նախօրեակին ընթերցողին է ներկայացւել «Դրօշակ»-ի նոր համարը: Ինչպէս եւ սպասելի էր համարը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան թեմային: Ճակատագրի դաժան դասաւորմամբ 21-րդ դարում հայութեան համար կրկնւում են հարիւրամեայ վաղեմութեան ողբերգական իրադարձութիւնները՝ տեղի ունեցաւ Արցախի բռնագրաւումն ու հայաթափումը, Ցեղասպան հարեւանները փորձում են քայլ-քայլ զրկել Հայաստանը ինքնիշխանութիւնից: Եւ Պետականութեան պայմաններում տեղի ունեցող ողբերգութիւնը հնարաւոր է դարձել Հայաստանի դրածոյ իշխանութեան անուղղակի եւ ուղղակի աջակցութեամբ: Տեղի ունեցող իրողութիւններն էլ լուսաբանւում են հայոց ողբերգութեան ամսին լոյս տեսնող «Դրօշակ»-ում:

Համարի նիւթերի հեղինակների մօտ կարմիր թելի պէս զուգահեռներ են անցկացւում հարիւրամեայ ժամանակային հեռաւորութեամբ բաժանւող իրադարձութիւնների՝ թուրքական ցեղասպանական գործողութիւնների եւ ձեռագրի հարցում: Քաղաքագէտ Մարի Յովհաննիսեանը անդրադառնում է ցեղասպանութիւնների ժխտողականութեան խնդրին՝ ներկայացնելով այս երեւոյթը, որպէս ցեղասպանութիւնների իրականացման գաղափարաքաղաքական բաղկացուցիչ եւ որպէս երեւոյթ, ինչը խրախուսում եւ հիմք է ծառայում մարդկութեան դէմ ուղղւած այս ոճրագործութեան կրկնութիւնների համար: Յօդւածի հեղինակը փաստում է, որ Հայութեան դէմ իրականացւած ցեղասպանութեան ժխտման թեզերի հիմնադիրը եղել է դեռեւս համիդեան վարչախումբը:

Թուրքագէտ Մելինէ Անումեանը անդրադառնում է 1919-1921 թւականներին օրւայ թուրքական իշխանութիւնների կողմից կազմակերպւած երիտթուրքերի դատաւարութիւններին: Այս դատաւարութիւնների ընթացքում մեղադրեալներին են ներկայացւել իրենց ցեղասպանական գործունէութիւնը բացայայտող ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցւել են երիտթուրք պարագլուխների խոստովանութիւններով եւ նրանց ստորագրած հրամանագրերի նոյնականացմամբ: Ելնելով այս դատավարութեան վերաբերեալ հրապարակւած փաստերից, ինչպէս եւ կայացւած դատավճիռներից, Մելինէ Անումեանի համոզմամբ, ըստ էութեան, հէնց այդ ժամանակ են թուրքական իշխանութիւնները ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, թէեւ միայն տասնամեակներ անց պէտք է միջազգայնօրէն բանաձեւեր իրաւական այս եզրը:

Արցախցի լրագրող Տաթեւիկ Աղաջանեանը ներկայացնելով բռնագրաււած Արցախում այս օրերին տեղի ունեցող մշակութային վանդալիզմը փաստում է, որ հայկական բռնագրաւեալ տարածքների վրայ տեղի է ունենում մշակութային ցեղասպանութիւն:

Պատմաբան Արմէն Կարապետեանը անդրադառնում է «Քրդերին հայոց բնաջնջմանը մասնակից դարձնելու համիդեան եւ երիտթուրքական քաղաքականութիւնը»: Յօդւածի հեղինակի համոզմամբ բազմաթիւ փաստերի շնորհիւ անհերքելի է այս երեւոյթը եւ ինչպէս թուրքերը, նոյնպէս եւ քրդերն ու նրանց ժառանգները պարտաւոր են հաշւի նստել տւեալ իրողութեան հետ:

Պատմաբան Գոհար Խանումեանը ընթերցողին է ներկայացնում «Նեմեսիս» գործողութեան մինչեւ վերջերս հանրութեան համար անյայտ անդամներից մէկին՝ Ահարոն Սաչակլեանին:

Արւեստաբան Մովսէս Ծիրանիի ներկայացրած ակնարկը կոչւում է «Ցեղասպանութեան գեղարւեստական արձագանգները սփիւռքահայ կերպարւեստում»: Յուզիչ ու հետաքրքիր է անդրադառնալը եղեռնի ցաւը հոգիներում կրող այն հայորդիների կեանքին ու գործունէութեանը, ովքեր իրենց արւեստով փորձեցին աշխարհին ներկայացնել հայոց մեծ ողբերգութիւնը:

«Դրօշակ»-ի 2024 թւականի չորրորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button