ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սորոսականները յարձակման են անցել. թիրախում՝ Իրանն է

Կովկասեան տարածաշրջանի հարցերով փորձագիտական շրջանակներին խիստ հետաքրքրել է Հայաստանի իշխանութիւնների վրայ ստւեր նետած ԻՔՄ (Իրազեկ քաղաքացիների միաւորում) սորոսական կենտրոնի վերջին հրապարակումները: Միանգամից նշենք, որ նշւած կենտրոնի քարոզչամեքենան իր երկու՝ Youtube եւ թւայնացւած լրահոսի ալիքներով ու կայքով սուր քննադատութեան է ենթարկել Իրանին, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի եւ Հայաստանի հարաւային մարզի՝ Սիւնիքի թուրքացման դէմ ունեցած մօտեցումների համար:

ԻՔՄ կայքում հրապարակւած Վահէ Ղուկասեանի ստորագրութիւնը կրող յօդւածում մասնաւորապէս նշւած է. «Իրանը լարւած յարաբերութիւններ ունի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ՝ պայմանաւորւած իր միջուկային ծրագրով: Բացի դա, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որպէս իր արտաքին քաղաքական առաջնահերթութիւն է դիտարկում Իսրայէլ պետութեան վերացումը, ինչի պատճառով եւս լրջագոյն խնդիրներ ունի քաղաքակիրթ աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչների հետ»:

Մէջբերումը կարող էր մեր այս անդրադարձի մաս չկազմել, եթէ չպարունակէր այնպիսի նրբերանգով փաստեր, որով Փաշինեանի համար գաղափարական խորան հանդիսացող սորոսիզմն իր բոլոր միջոցներով, Իրանի ազդեցութեան գօտու ամրացումն ու ընդլայնումը ներկայացնում է, որպէս՝ Հայաստանի թուլացման կամ արտատարածաշրջանային ուժերի ներկայութեան հիմնական պատճառը:

Նոյն կապակցութեամբ քաղաքագէտ Սերգէյ Մելքոնեանն իր ռուսերէնով հրապարակւող տելեգրամային ալիքում տեղադրած՝ «Որո՞նք են Հայաստանում Իրանի դէմ քարոզչութեան ամենակարեւոր առանցքները» խորագրով գրառման մէջ մատնանշել է Հայաստանում Իրանի դէմ իրականացւող քարոզչութեան հետեւեալ կէտերը.

  1. Իրանը Ադրբեջանի բարեկամն է, ուստի մտադիր չէ օգնել Հայաստանին:
  2. Իրանը ցանկանում է գրաւել Հայաստանի հարաւային շրջանները եւ գործարքի մէջ մտնել Բաքւի ու Անկարայի հետ։
  3. Իրանի նպատակը Հայաստանում ռազմաբազա ունենալն է: Իսկ որպէսզի դա Հայաստանին եւս ընդունելի լինի, պէտք է Հայաստանը յայտնւի այնպիսի վիճակում, որ չկարողանայ ինքնուրոյն պաշտպանւել:
  4. 4. Իրանը ոչինչ անելու հնարաւորութիւն չունի, ուստի նրա հետ համագործակցութեան խորացումն անիմաստ է։
  5. 5. Իրանը շահագրգռւած չէ տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակմամբ: Այդպիսով Հայաստանը կը շարունակի մնալ շրջափակման մէջ։
  6. Իրանը միտումնաւոր թոյլ չի տալիս սպառազինութիւն տեղափոխել Հայաստան, որպէսզի Հայաստանի թուլացումով այն պահի կախւածութեան մէջ։

Քաղաքագէտը վերջում նշել է, որ բոլոր նման տեսութիւնները կամ կեղծ են, կամ դիտաւորեալ կերպով մոլորեցնող եւ յաւելել, որ նման մեկնաբանութիւնները հրապարակում են այն կայքերն ու անձինք, ովքեր աւանդաբար զբաղւում են հակառուսական քարոզչութեամբ։

Փորձագէտը «հետախուզական սուտ» որակելով սորոսական քարոզչամեքենայի հրապարակումները նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում հակաիրանական տրամադրութիւններ ստեղծելն է, ինչը արդարացնում է Թեհրանից հեռու մնալու եւ ապագայում նրա դէմ գործելու երկրի ղեկավարութեան որոշումը։

Արձանագրենք, որ համընթաց տրամաբանութիւն կայ Վահէ Ղուկասեանի յօդւածի նախաբանի եւ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնից հրաժարւելու մասին սորոսական թեւի պնդումների միջեւ։

Աւելորդ ենք համարում նշել այն մասին, որ արտաքին քաղաքականութեան նման գծի հետեւանքները շատ պարզ են: Եթէ Հայաստանը մեծացնի տարածութիւնը Ռուսաստանի հետ եւ միտումնաւոր լարի յարաբերութիւններն Իրանի հետ, ապա միակ տարածաշրջանային ուժը, որը կը լրացնի այդ բացը, լինելու է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ներկայացուցիչը՝ Թուրքիան:

Սերգէյ Մելքոնեանը նոյն կապակցութեամբ նշել է, որ Փաշինեանին ուղղորդող սորոսական քարոզչամեքենայի հիմնական շահառուներն են Անկարան եւ Բաքուն։ Եւ սա այն հարցի պատասխանն է, թէ ո՞ւմ են ծառայում Հայաստանում սորոսական լրահոսն ու կենտրոնները։

Իրանի հետ կապւած նման սուր խնդիրները բնական է, որ չեն վրիպել իրանական շրջանակների աչքից: Նոյն կապակցութեամբ դոկտ. Մովահեդեանն X-ում հրապարակած իր գրառման մէջ, որը վերահրապարակել է նաեւ իր տելեգրամեան ալիքում, ընդգծել է, որ քարոզչութեան այս տեսակը ուղղորդւում է Դանիէլ Իոաննիսեանի միջոցով: «Նա ՀՀ վարչապետին մօտ կանգնած ուժերից է, եւ ղեկավարում է Կովկասում սորոսականների կենտրոն համարւող «Իրազեկ քաղաքացիների միաւորում» կազմակերպութիւնը»,- գրել է նա:

Փորձագէտն անդրադարձել է նաեւ Ջորջ Սորոսի հետ ունեցած Իոաննիսեանի խորը կապերին եւ յաւելել, որ Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու աշխատանքային խումբը ղեկավարելուց բացի, նա միշտ է բարձրաձայնել Ղարաբաղը հայերին պատկանելու գաղափարից հրաժարւելու անհրաժեշտութեան մասին: «Արցախցի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու անհրաժեշտութիւնը եւս սին պատրանք է որակել Իոաննիսեանը: Սահմանադրութիւնում վերացնելու այս խնդրին առնչւող դրոյթները, ինչպէս նաեւ կրօնական թեմաներով դրոյթները, նրա առաջարկով է ներկայացւել հանրութեանը»,- նշել է Մովահեդեանը:

Մովահեդեանը տրամաբանութիւնից հեռու է որակել յօդւածագրի այն նշումները, որի համաձայն Իրանը Արեւմուտքի ու Հնդկաստանի հետ Հայաստանի բազմազան համագործակցութիւնը սահմանափակելու, կամ կասեցնելու փորձ է անում, յիշեցնելով, որ Իրանի անտարբերութեան դէպքում, Հայաստանն արդէն իսկ կորցրած կը լինէր իր հարաւային մարզը՝ Սիւնիքը, իսկ յաջորդիւ կորցնելու էր իր ինքնիշխանութիւնը՝ այլեւս ռազմավարական արժէք չներկայացնելով տարածաշրջանով հետաքրքրւած շահախնդիր կողմերի համար:

Միջազգային յարաբերութիւնների մասնագէտը յաւելել է, որ յօդւածագիրն ըստ երեւոյթի, տեղեակ չէ, որ Արեւմուտքն ու Հնդկաստանը գործնական եւ լուրջ քայլեր չեն ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար: «Նոյնիսկ այդ դէպքում, այդ ենթադրեալ աջակցութեան ուղին ապահովելու է Իրանը, իր ցամաքային սահմանով: Բացի այդ, եթէ Իրանը խօսում է Հայաստանի հետ ռազմական համագործակցութեան մասին, ապա դա արւելու է Հայաստանին օգնելու համար, որպէսզի կարողանայ պահպանել իր տարածքային ամբողջականութիւնը: Իրանը միշտ է ապացուցել, որ չունի յաւակնութիւններ հարեւան երկրների տարածքի նկատմամբ»,- գրել է նա:

Փորձագէտն աւելի ուշ իր տելեգրամեան ալիքում տեղադրած գրառումով բացայայտումներ է արել նաեւ սորոսական քարոզչամեքենային համընթաց Բաքւի հակաիրանական ցեխարձակումների արձանագրած աճի մասին: «Բաքւի լրատւամիջոցներն այս անգամ առանց որեւէ ակնյայտ պատճառի հակաիրանական քարոզչութեան նոր ալիք են սկսել՝ ուժեղացնելու ճնշումը Թեհրանի վրայ՝ Հայաստանի տարածքից «թուրանական դալան» պոկելու նախագծի իրագործմանը զուգահեռ» թեմայով յօդւածների շարքով. «Որտեղ չես զարմանում, երբ կարդում ես նոյն տրամաբանութիւնն ինչ Հայաստանում բուն դրած սորոսականների մամուլն է պնդում»,- նշել է փորձագէտը։

Այս կապակցութեամբ պէտք է արձանագրել, որ Փաշինեան-Ալիեւ ձեռքսեղմումներն առաւել ջերմ են թափահարւում, երբ երկուսի մօտ էլ նկատելի է դառնում «Դարի հարց»-ի քննարկումների ցանկութիւնը՝ Իրա՞ն, թէ՝ Ռուսաստան, որն է աւելի վտանգաւոր որպէս հարեւան:

Երկու ղեկավարներին հովանաւորող մամուլն ու մտքի կենտրոնները Իրանը համարում են Բաքւի ու Երեւանի գլխաւոր արտաքին սպառնալիքը:

Բաքւի շրջանակից անվտանգութեան հարցերով փորձագէտ Էլհամ Իսմայիլը նոյնպէս Իրանն ու Ռուսաստանը համարել է Ադրբեջանի Հանրապետութեան համար վտանգի աղբիւր եւ առաջ քաշելով պատերազմով վախեցնելու թէզը պնդել է, որ Ռուսաստանի գործօններից մէկը Ադրբեջանի եւ Իրանի միջեւ պատերազմի հաւանականութիւնն է: Քանի որ Կրեմլը չի ​​ցանկանում Հարաւային Կովկասում իր ազդեցութիւնը զիջել որեւէ այլ ուժի։

ՀԱՏԻՍ

Առնչւող Յօդւածներ

Back to top button