Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոչ յանուն Արցախի պետականութեան պահպանման

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր անկախութեան հերթական տարեդարձին ընդառաջ մեր պետութիւնը յայտնւել է լրջագոյն փորձութիւնների առաջ։

Թշնամին տենչում է վերացնել մեր պետականութիւնը, լուծարել մեր պետական ինստիտուտները եւ կլանել Արցախը։ Պատերազմից յետոյ անցնող երեք տարիների ընթացքում, եւ յատկապէս, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսեւորել ենք մեր պետականութեան շուրջ բացառիկ միասնականութիւն՝ զերծ պահելով պետութիւնը ցնցումներից, եւ ցուցաբերել ենք դժւարութիւնների հանդէպ աննախադէպ տոկունութիւն։ Այս ամէնը մենք արել ենք յանուն մեր պետականութեան, յանուն մեր հողի վրայ ազատ ապրելու եւ արարելու մեր բնատուր իրաւունքի։

Որքան էլ զարմանալի կարող է թւալ, բայց պետականութեան դէմ ուղղւած հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թէ թշնամուց, այլ իւրայիններից, մարդկանցից, որոնց մղումները հնարաւոր է, որ ազնիւ են ու միամիտ, բայց դրանից սպառնալիքի բնոյթը չի փոխւում։

Հայրենակիցնե՛ր,
Այսօր, թերեւս, մենք յանձնում ենք պետականութեան հասունութեան մեր ամենակարեւոր քննութիւնը։ Այս իրավիճակի անարիւն, իմաստուն, եւ ամենակարեւորը, ՕՐԻՆԱԿԱՆ հանգուցալուծումից է կախւած մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ հետագայ ճակատագիրը։ Եւ այն կախւած է ոչ միայն որոշումներ կայացնելու լիազօրութիւն ունեցող անձանց դիրքորոշումից, այլ նաեւ իւրաքանչիւրիս սրտացաւ ներգրաււածութիւնից։

Հիմք ընդունելով վերոգրեալը՝ դիմում ենք.

ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻՆ.
Յարգելի՛ պարոնայք, բարձրաստիճա՛ն սպաներ։ Մենք ըմբռնում եւ ողջունում ենք խնդիրը փափուկ ուժով եւ խաղաղ հանգուցալուծելու ձեր մօտեցումը։ Միաժամանակ, յիշեցնում եւ պահանջում ենք՝ հաւատարիմ մնալ պետականութեան եւ նրա ինստիտուտների պաշտպանութեան գործին տւած ձեր երդմանը, գործել բացառապէս Օրէնքի ոգուն եւ տառին համապատասխան։

ԱԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԵԱՆԸ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼ ՈՒԺԵՐԻՆ.
Յարգելի՛ գործընկերներ,
Ազգային ժողովը, ինչպէս եւ նախագահի հաստատութիւնը, ժողովրդի հաւաքական կամքն արտայայտող պետական երկու հիմնասիւներն են, որոնցից իւրաքանչիւրի խարխլումը յղի է պետականութեան փլուզմամբ։ Դուք՝ որպէս ժողովրդի ձայն, չէք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը եւ ձեր ստացած ձայներին տէր կանգնելը առաջնային խնդիրն է։ Դուք պարտաւոր էք հրապարակային դիրքորոշում յայտնել եւ լինել պետականութեան պահպանման առաջին դիրքերում։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ.
Մեծարգո՛յ պարոնայք եւ գեներալներ,
Արցախի պետականութիւնն իր բոլոր թերութիւններով հանդերձ նաեւ ձեր ջանքերի, նւիրումի եւ վաստակի արդիւնք է։ Դուք պարտաւոր էք գործադրել ձեր ողջ ազդեցութիւնը՝ իմաստնութեամբ եւ խաղաղ հանգուցալուծելու ստեղծւած կացութիւնը։ Դուք բարոյական պարտք եւ վաստակած իրաւունք ունէք լինելու պետականութեան պահպանման առաջին գծում։
Ձեր լռութիւնը չի հասկացւելու։

ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԵՒ ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ.
Սիրելի՛ գործընկերներ, քոյրեր ու եղբայրներ,
Պետականութիւնը մեր ծնողների, հարազատների, զաւակների, ընկերների արիւնով վաստակած գերագոյն արժէք է։ Մենք միշտ պատրաստ ենք եղել այն պաշտպանել ցանկացած թշնամուց մեր կեանքի գնով։ Պետականութեան պաշտպանութիւնը ներքին հակառակութիւններից, անտեղի յաւակնութիւններից ու անիմաստ ցնցումներից պակաս կարեւոր չէ։ Անտարբերութիւնը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Օրհասի պահին լռութիւնը յանցակցութիւն է։

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
«ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ք. Ստեփանակերտ
22 օգոստոսի, 2023 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button