Հայաստան - Արցախ

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը ժողովրդի ոգին կոտրելու քաղաքականութիւն է վարում»

Ի տարբերութիւն Փաշինեանի՝ Ալիեւը բոլոր հարթակներում բոլոր կողմերից ստանում է այն, ինչ իրեն պէտք է, իսկ Փաշինեանն ամէն տեղ պարտւում է: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Միւնխէնում կայացած Փաշինեան-Ալիեւ բանակցութիւններին։ Խաչատրեանի խօսքով՝ անկախ նրանից, թէ բանակցութիւնների սեղանը որտեղ է դրւած, միջնորդն ով է, եթէ երկրի ղեկավարը ի զօրու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում էք բանակցութիւնների սեղանը լուսնի վրայ դրէք։ Այն, որ Փաշինեանն աշխատում է այս պետութեան դէմ, կասկածի տեղ չի թողնում։

Ըստ Արթուր Խաչատրեանի՝ այն ուղղութիւնը, քաղաքականութիւնը, որ որդեգրել է Փաշինեանը, չի բերի խաղաղութեան:

Նա նշեց, որ, ընդհակառակը, եթէ Փաշինեանն ասում է միջավայրն ագրեսիւ է, մենք միակողմանի զիջումների պէտք է գնանք, այս ագրեսիւ միջավայրն իրեն կը խժռի ու կը վերանայ, արգելանք չի լինի։

«Մանաւանդ այսպիսի ագրեսիւ պայմաններում դու պէտք է կարողանաս ապահովել քո տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Դա կարող է լինել մարտունակ բանակի, ճկուն դիւանագիտութեան, կայուն տնտեսութեան միջոցով»,- ասաց Խաչատրեանը։

Ըստ նրա՝ Փաշինեանը փորձում է ցոյց տալ, որ խաղաղութեան օրակարգը կենսունակ է, դեռ բանակցում է, բայց իրականում այս պայմաններում եթէ չփոխի բանակցային քաղաքականութիւնը, պետական քաղաքականութիւնն ու փլիսոփայութիւնը, որեւէ լաւ բանի չի հասնի։

Արթուր Խաչատրեանը նաեւ անդրադարձաւ կառավարութեան վերջին նիստում Փաշինեանի յայտարարութիւններին՝ դրանք որակելով պարզ շանտաժ ժողովրդի դէմ։ «Պարզ շանտաժ է դա, սպառնալիք է, ժողովրդի ոգին կոտրելու քաղաքականութեան դրսեւորումներից էր»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button