Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Առաւօտեան արթնանում ես ու իմանում՝ երկիրդ սառեցրել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, պարզաբանում չկայ»

Միջազգային յարաբերութիւններում կարեւոր գործօն է երկրի ընկալելի եւ կանխատեսելի լինելը: Այս մասին փետրւարի 27-ին, ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին այսպէս է սկսել իր ելոյթը ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

Նա նշեց՝ անկախ այն հանգամանքից, թէ գաղափարական կամ քաղաքական ուղղւածութեան առումով ինչ առաջնահերթութիւններ կամ նպատակներ ես հռչակում եւ դա որքանով է հաճոյ հարեւաններիդ կամ, առհասարակ, քո հետ յարաբերութիւնների, առնչութեան դաշտում գտնւող միջազգային այլ սուբիեկտներին, մէկ է՝ կարեւորը բոլոր իրավիճակներում սկզբունքներ ունենալն ու դա պահպանելն է:

«Հիմա ի՞նչ է կատարւում մեր երկրում: Առաւօտեան արթնանում ես ու պարզում, որ քո երկիրը սառեցրել է իր յարաբերութիւնները այն ռազմաքաղաքական դաշինքին, որտեղ գտնւել կամ գտնւում ես:

Ուզում ես հասկանալ, թէ ինչ է կատարւում, մէկ էլ տեսնում ես՝ ՀԱՊԿ-ն արձագանգում է, որ նման դիմում չի ստացւել, ՌԴ պաշտօնեաներից մէկը խօսում է այն մասին, որ փորձում են հասկանալ, թէ ինչ է կատարւում, բայց դեռ նորութիւն չունեն, իսկ ՀՀ իշխանութիւնը ներկայացնող անձինք կամ իրաւասու կառոյցները որեւէ կերպ չեն պարզաբանում իրավիճակը»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա ընդգծել է՝ այստեղ խնդիրն ամենեւին դեռ այն չէ, թէ ով եւ ինչքանով է իր պարտականութիւնները կատարում կամ չի կատարում, ով որտեղ, ինչ պատասխանատւութիւն ունի եւ ինչի հետեւանքով է ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ յարաբերութիւնները մօտենում զրոյականին:

«Ասածս զուտ յարաբերութիւնների այն նշաձողի մասին է, որն այսօր առկայ է մի երկրի հետ, ով այս տարածաշրջանում եւ ոչ միայն՝ մեծ դերակատար է եւ նրա հետ յարաբերութիւնները փչացնելը կամ գետնին հաւասարեցնելն անշուշտ չի բխում հայութեան հաւաքական շահերից: Նոյնը վերաբերւում է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մատակարարւող սպառազինութեանը կամ ռազմական տեխնիկային:

Տպաւորութիւն ունեմ, որ յատուկ ընտրւած անձինք ամէն ինչ անում են Հայաստանի համար կարեւոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայութիւնների դաշտ: Եթէ նոյն այս գնումները լինէր մէկ այլ՝ կանխատեսելի իշխանութիւնների պարագայում եւ թեման սուր ընկալող սուբիեկտների հետ ճիշտ ու անկեղծ յարաբերութիւններ լինէր, ապա թեման այս ծաւալի շահարկումների չէր ենթարկւի:

Պարզ ասած, բոլորը կընկալէին, որ ադրբեջանական սպառնալիքներին եւ ուժի կիրառման շանտաժին դիմակայելու համար Հայաստանը որտեղից հասցնում զէնք-զինամթերք է գնում եւ դա ուղղւած է ոչ թէ բարեկամ կամ դաշնակից երկրի տարածաշրջանային շահերի դէմ, այլ սեփական պաշտպանողականութիւնն ուժեղացնելու եւ ամրապնդելու համար է:

Հայաստանն ընկաւ, որովհետեւ երկրի ղեկը ստանձնեցին արկածախնդիրներ, ովքեր սեփական շահն ու իշխանութիւնն ամէն ինչից վեր են համարում, մարդիկ, ովքեր ինքնիշխանութեան անւան տակ ում թրի տակով ասես չանցան, ում ասես չերկրպագեցին, իսկ գինը՝ տանուլ տւած հայրենիքն է»,- ելոյթն ամփոփել է օրէնսդիր մարմնի ներկայացուցիչը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button