Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Փաշինեանը վարում է հակահայ քաղաքականութիւն, եւ Էրդողանը դա հասկացել է»

Թուրքիայի նախագահ Էրդողանի ցուցում-յորդորը Նիկոլ Փաշինեանը տեղում կատարեց։ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ուղերձում նա թէեւ մէկ անգամ օգտագործեց Ցեղասպանութիւն բառը, բայց ըստ էութեան, տեղի ունեցածը մոռանալու ուղերձ յղեց հայ ժողովրդին՝ յորդորելով հրաժարւել «կորուսեալ հայրենիքի շարունակական փնտրտուքից» եւ «այլեւս երբեք»-ը ուրիշներին ասելու փոխարէն «ինքներս մեզ» ասենք։

Ապրիլքսանչորսեան ուղերձում ՀՀ վարչապետը ընդամէնը մէկ անգամ յիշատակեց Օսմանեան կայսրութիւնը, ոչ մի անգամ՝ նրա իրաւայաջորդ Թուրքիային։

Ըստ նրա` «պետականութեան աւանդոյթն, ըստ էութեան, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդաւանքների ու սին խոստումների զոհ դարձաւ»։ Սրանով Փաշինեանը Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը դրեց ոչ թէ Թուրքիայի, այլ «աշխարհաքաղաքական խարդաւանքների» վրայ` մի բան, որ տարիներ շարունակ արել եւ անում է Թուրքիան՝ «Օսմանեան հողերում Առաջին աշխարհամարտի պատճառած աւերածութիւններ»-ից խօսելով (ձեւակերպումը Պոլսոյ Հայոց պատրիարք Սահակ Մաշալեանին եւ հայ համայնքին յղած Էրդողանի ուղերձից է.,-ԽՄԲ. )։

Փաշինեանը չխօսեց Թուրքիայի ժխտողականութիւնից, նրա հովանաւորեալ Ադրբեջանից, Արցախում էթնիկ զտման փաստից։ Այս ամէնի փոխարէն, նա նոր բառ նետեց դաշտ՝ «հոգեցնցում», թէ աշխարհն ու մեզ ընկալում ենք «Մեծ Եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցութեան ներքոյ եւ չենք յաղթահարել այդ հոգեցնցումը»։

Փաստացի Հայաստանի դէ ֆակտօ ղեկավարը մի փոքր այլ ձեւակերպումներով հայ ժողովրդին ասաց այն, ինչ նախօրէին՝ ապրիլի 23-ին ասել էր Թուրքիայի նախագահը։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծւում։ Ժամանակն է դէն նետել անհիմն յիշողութիւնները, աւելի լաւ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողութիւններից»,- յայտարարել է Էրդողանը շեշտելով, որ «հիմա Փաշինեանը եւս դա հասկանում է»։

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը համոզւած է՝ այս համընկնումները պատահական չեն, Փաշինեանի քաղաքականութիւնը հակահայ է եւ Էրդողանը դա հասկացել է։ «Էրդողանը հասկացաւ, որ Փաշինեանը պատրաստ է զիջել նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցում։ Փաշինեանը եւ իր վարչակարգը համաձայն են Էրդողանի հետ»,- «Հրապարակ»-ին ասաց նա։

Մուրադ Փափազեանը ուղղակի խայտառակութիւն է համարում Հայոց Ցեղասպանութեան զոհերին անուն առ անուն հաշւելու գաղափարը, որը Ապրիլի 24-ի նախօրէին ՔՊ-ն օրակարգ նետեց։ Փափազեանի խօսքով` այդ առաջարկը կարող էր անել Էրդողանը, քանի որ դա մաքուր թուրքական թէզ է։ «Այդ յայտարարութեան ենթատեքստը նշանակում է, որ Հայաստանի կառավարութիւնն ուզում է հայկական կողմին դնել բարդ իրավիճակի մէջ։ Դա դատապարտելի է, ուղղակի խայտառակութիւն։ Մենք միասնաբար պէտք է դատապարտենք այդ առաջարկը»,- նշում է նա։

ՀՅԴ Բիւրոյի անդամը ահազանգում է՝ հայ ժողովուրդը վտանգի մէջ է, որովհետեւ Փաշինեանի իշխանութիւնը չի ներկայացնում նրա շահը. «Հայ ժողովուրդը պէտք է հասկանայ, որ այդ քաղաքականութիւնը հակահայ է։ Փաշինեանն իրաւունք չունի իր որոշումներով Տաւուշի գիւղերը Ադրբեջանին յանձնել, այնպէս, ինչպէս իրաւունք չունէր Արցախը յանձնել Ադրբեջանին։ Նա խաբեց հայ ժողովրդին։ Նա դեռ պիտի խաբի, եթէ շարունակի մնալ իշխանութեան գլուխ։ Վստահ եմ, որ զիջումների շարքը շարունակւելու է»։ Այս իրավիճակում ֆրանսահայ գործիչը ժողովրդին կոչ է անում` ինքն իրեն պաշտպանել։

Յ. Գ. – 2018 թ.-ի ապրիլի 24-ին երիտյեղափոխական Նիկոլ Փաշինեանը, որ այսօր կարծում է, թէ «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ` լրջագոյն սպառնալիքներ են ստեղծում մէկը միւսի համար», արդարութեան վերականգնման ու Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար պայքարից էր խօսում։ Այն ժամանակ նա ասում էր. «Ցեղասպանութեան ենթարկւած ժողովուրդը ոչ միայն բնաջնջւել է ֆիզիկապէս, այլ նաեւ զրկւել է իր հայրենիքում ապրելու իրաւունքից: Պայքարելով արդարութեան վերականգնման համար՝ մենք ձեռք կը բերենք անմահութիւն։ Ուստի, մենք հետեւողական ենք լինելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում», ասում էր վարչապետի աթոռին դեռ չնստած Փաշինեանը։

 

ՄԱՐԻՆՆԱ ՂԱՀՐԱՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button