ԳաղափարականՀայաստան - Արցախ

Նրանք ընկան, որ յարատեւէր մեր մեծագոյն նւաճումը՝ ազատագրւած Արցախը

Հոկտեմբերի 6-ը Վարնկաթաղի հերոսների յիշատակի օրն էր

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի «տաք» փուլի իւրաքանչիւր օր, ինչպէս նաեւ յետպատերազմեան «սառը» փուլի տարբեր օրեր ինքնաբերաբար վերածւեցին նաեւ նահատակ հայորդիների յիշատակի օրերի:

Հոկտեմբերի 6-ն այդ օրերից մէկն էր: Մինչ այդ…

1994 թ. զինադադարից յետոյ Արցախեան գոյապայքարում փառաւոր ուղի անցած ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հէնքով Արցախում ստեղծւեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: Պաշտպանութեան բանակի այդ ստորաբաժանումը մինչ օրս գործում է, իսկ գումարտակի վետերանները պարբերաբար այցելում են այդ զօրամասը՝ յայտնի «Պետոյի չաստը» (լեգենդար Պետօն՝ Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդեանը, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատարն էր):

ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հէնքի վրայ շուրջ երկու տասնամեակ անց՝ 2017 թւականին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, իբրեւ առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմաւորւեց նաեւ ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմւած Պահեստազօրային կամաւորականների գումարտակը, որը նաեւ ԶՈւ զօրամասերից մէկում մասնակցեց մէկշաբաթեայ վարժական հաւաքների: 2018 թւականին՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, նշեալ գումարտակը կազմալուծւեց:

Շուրջ մէկ տարի անց՝ 2019 թւականին, «Կամաւորական շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպութեան նախաձեռնող խումբը յայտարարեց, որ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան հետ համագործակցաբար ստեղծւում են բանակին կից, բանակի հրամանատարութեանը ենթակայ պահեստային ստորաբաժանումներ (վաշտեր), որոնք պէտք է կազմւած լինէին կամաւորութեան հիմունքով: Արդիւնքում՝ 2019 թ. նոյեմբերին ստեղծւեց ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութիւնը, որի խորհրդի նախագահն է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

«Մենք պարտադրւած ենք պաշտպանել մեր սահմանները, պարտաւոր ենք մեր սերնդի մեծագոյն նւաճումը՝ ազատագրւած Արցախը, իբրեւ հայրենիքի անբաժան մաս, փոխանցել յաջորդ սերունդներին». «Կամաւորական շարժում» ՀԿ-ի հիմնադրման մասին ազդարարող յայտարարութեան սոյն տողերը իւրօրինակ կանխազգացում էին, որ ազատագրւած Արցախի գլխին շատ շուտով սեւ ամպեր են կուտակւելու։ «Կամաւորական շարժման» ստեղծումը, յիրաւի, հայութեան ինքնապաշտպանական բնազդի պոռթկումն էր, հայոց անկախ պետականութեան, ազատագրւած Արցախի լինելիութեան իրաւունքի նւաճման, հայկական շարունակականութեան ուղենիշը:

…Հոկտեմբերի 2-ին Արցախի հիւսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան 2-րդ վաշտի 22 եւ 1-ին վաշտի (այն Արցախի հիւսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամաւորականների առաւօտը հոկտեմբերի 6-ին բացւեց վերջին անգամ: Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Յակոբ Կամարի) գիւղին յարող ռազմավարական նշանակութեան բարձունքը նւաճելը թուրք-ադրբեջանական զինւած ստորաբաժանումների համար կարեւորագոյն նշանակութիւն ունէր: Եւ գործի դրւեց թուրքական լաւագոյն սպառազինութեամբ յագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նւաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանութեան, իսկ այնուհետեւ՝ դէպի բարձունք ծաւալւած թշնամուն յետ մղելու, հակագրոհի ծանր եւ անհաւասար մարտերում նահատակւեցին՝

  • Մհեր Յարութիւնեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար)
  • Դանիէլ Թովմասեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արշակ Մելիքեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Նարեկ Սահակեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Գէորգ Հաճեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Աբրահամ Բարնջեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Վիգէն Մուրադեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Տաւրոս Աբրահամեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Մարգարեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Յովհաննէս Պետրոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Երւանդ Թադէոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Թորոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Գոռ Սարգսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արման Խաչատրեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Կարէն Բադալեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Ալբերտ Խառատեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արայիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Սուրէն Յովսէփեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Ալիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Սուրէն Վանցեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արկադի Իսրայէլեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Տիգրան Ասատրեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ)
  • Արկադի Միսկարեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ):

Արցախի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Յարութիւնեանը պարգեւատրւեց Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացեալ 22-ը՝ Արցախի Հանրապետութեան «Արիութեան համար» մեդալներով:

Փա՛ռք Վարնկաթաղի հերոսներին:

Փա՛ռք Հայրենիքի նահատակներին:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
«Yerkir.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button