ՄիջազգայինՔաղաքական

Իրանցի փորձագէտի արձագանգը CNN-TURK-ի լրագրողուհու Իրան կատարած այցի վերաբերեալ. «Այս զգայուն պահին ո՞րն է իմաստը թշնամու գործակալներին վիզա տրամադրելու»

ՀԱՏԻՍ

Մերձաւոր Արետւելքի զարգացումների ֆոնին մեծ նշանակութիւն ունի տեղեկատւական պատերազմը, յատկապէս՝ գործողութիւնների ազդեցութիւնն ու արդիւնքները չէզոքացնելու առումով: Այն, որ Իրան-սիոնիստական ռեժիմ հակամարտութիւնը նոր հանգրւան է տեղափոխւել, որտեղ ուղիղ առճակատման դուրս եկած ուժերի առաջին իսկ սխալը կարող է լինել ճակատագրական՝ փաստ է: Փաստ է նաեւ, որ հանրութեան կարծիքի ձեւաւորումով է պայմանաւորւած երկրում առկայ միասնութեան գործօնը, որի ուղղութեամբ էլ շարունակում են աշխատել սիոնիստներին աջակցող անջատողական նկրտումներով հոսանքները՝ ի թիւս պանթուրքիստների:

Նոյն կապակցութեամբ, երբ պաշտօնական լրահոսում որոշ նկատառումներով չի բարձրաձայնւում Բաքւի հետախուզական ցանցերին կամ Թուրքիայի ՄԻԹ-ին յարող գործակալական ցանցերի մասին տեղեկատւութիւնը, սակայն փորձագիտական շրջանակներում զգուշացման կարգով՝ փորձ է արւում լուսարձակի կենտրոնում պահել  նմանօրինակ գործակալական ցանցերի կամ գործակալների կատարածը:

Դոկտ. Էհսան Մովահեդեանն X-ի իր միկրոբլոգում հրապարակած թւիթ-գրառումներից մէկում անդրադարձել է Թաւրիզ եւ Ատերպատական այցելած CNN-TURK-ի լրագրողուհու հրապարակումներին ու պահւածքին եւ յիշեցրել, որ նա (Ֆոլեա Օզթուրքը) յայտնի է իր հակաիրանական մօտեցումներով ու հայատեացութեամբ, որին Իրան այցելելու արտօնագրի տրամադրումը եւս տրամաբանութիւնից դուրս իրողութիւն է, չասելու համար՝ սայթաքում:

Դոկտ. Մովահեդեանը գրել է. «Ինչո՞ւ պէտք է CNN Turk-ի թուրք թղթակից Ֆոլեա Օզթուրքը ժամերով ազատ շրջի Թաւրիզում, Խոյում կամ այլուր, եւ իր ռեպորտաժներն այնպէս պատրաստի, որ հեռուստադիտողը կարծի, թէ այս քաղաքներում բոլորը խօսում են ստամբուլեան թուրքերէնով, երկրորդական համարելով ազերիերէնը:

Ինչո՞ւ նա, ով Էրդողանի կողմից ստացել է «Թուրքիայի դուստր» անւանումը եւ սերտ յարաբերութիւններ ունի Թուրքիայի հակաիրանական հոսանքների ու սիոնիստամէտ դէմքերի հետ, ինչպիսիք են Սինան Օղանն ու ֆաշիստ Բահչալին, առանց վարանելու կոպտօրէն ծաղրում է մեր ոստիկանութեանը կամ լպիրշ պահւածքով շրջում քաղաքներում:

Լրագրողի անունը «գցող» այս լրտեսին հարկաւուր էր ստիպել, որ յարգանքով մօտենայ մեր օրէնքներին, եւ, այլեւս, չպէտք է Իրան մուտք գործելու հնարաւորութիւն տալ:

«ՄԻԹ լրտեսական կազմակերպութեան կողմից  պատրաստւած գործակալ է նա, եւ նոյն՝ լրագրողի անւան տակ  գործուղւել է այնտեղ, որտեղ Թուրքիայի միջամտութիւնների ու խառնակութիւնների արդիւնքում  իրավիճակը սրւել է,  կամ պարզապէս այդ երկիրը շահեր ունի այդ հակամարտութիւններից, սկսած Լիբիայից ու Սուդանից ու Ուկրաինայից, վերջացրած՝ Գազայով ու գրաւեալ Ղարաբաղով, որտեղ նաեւ յայտնւել է այս դէմքը տարածելով  Էրդողանի ու Ալիեւի պանթուրքական գաղափարները»։

Իսկ «Այս զգայուն իրավիճակում ո՞րն է իմաստը՝ թշնամաբար տրամադրւած ԱՄՆ-ի ցանցին ու  նման լրտես թղթակցին մուտքի վիզա տրամադրելու»,- հարց է բարձրացրել  աւագ փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button