Միջազգային

Նիւ Եօրքի քաղաքապետի քարոզարշաւը մանրամասն զննելուց յետոյ, FBI-ը խորացել է Թուրքիայի հետ նրա կապերի մէջ

Հետաքննութիւնների դաշնային բիւրօն (FBI) այժմ ընդլայնել է Նիւ Եօրքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշաւի եւ թուրք պաշտօնեաների ու անհատների միջեւ կապերի իր հետաքննութիւնը՝ ենթադրեալ ապօրինի դրամահաւաքի առնչութեամբ:

Անցեալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ FBI-ը ներխուժել է քաղաքապետի նախընտրական քարոզարշաւի դրամահաւաքի տուն եւ առգրաւել երեք iPhone, երկու համակարգիչ եւ զանազան փաստաթղթեր: Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնն ասաց, որ ստուգայցից յետոյ «բացայայտւել է, որ մի անձնաւորութիւն վերջերս ոչ պատշաճ է վարւել»։

Դրանից յետոյ, FBI-ը փողոցում անսպասելիօրէն կանգնեցրել է քաղաքապետին եւ վերցրել նրա երկու բջջային հեռախօսներն ու iPad-ը՝ դատարանից խուզարկութեան հրամանագիր ստանալուց յետոյ։ FBI-ը պատճէնել է նրա էլեկտրոնային սարքերի պարունակութիւնը եւ դրանք վերադարձրել քաղաքապետին։ Ադամսը չեղարկել է Պուէրտօ Ռիկօ ծրագրւած ուղեւորութիւնը, որտեղ նա պէտք է մասնակցէր մի կարեւոր քաղաքական համաժողովի:

Առկայ են երեք կարեւոր իրողութիւններ այս վերջին զարգացումների հետ կապւած.

1) Դաշնային կառավարութիւնն աւելի է մօտենում քաղաքապետի եւ թուրք պաշտօնեաների ու անհատների միջեւ անձնական կապերի հետաքննութեանը, որոնք հնարաւոր է ապօրինի ներդրում են ունեցել նրա քաղաքական քարոզարշաւում:

2) Դատարանից խուզարկութեան հրամանագիր ստանալու համար FBI-ը պէտք է դատաւորին ներկայացնէր քաղաքապետի կամ նրա նախընտրական քարոզարշաւի հնարաւոր ապօրինութիւնների մասին հաւաստի ապացոյցներ: Նման հրամանագիր եւս ստացւել էր դատարանից՝ անցեալ շաբաթ քաղաքապետի դրամահաւաքի տանը խուզարկութիւն կատարելու համար։

3) Քաղաքապետին անսպասելիօրէն փողոցում կանգնեցրել էին իր էլեկտրոնային սարքերը վերցնելու համար, որպէսզի նա հնարաւորութիւն չունենար ջնջել կամ փոփոխել իր սարքերի տեղեկատւութիւնը:

«Նիւ Եօրք թայմզ» թերթը 2023 թւականի նոյեմբերի 12-ին հաղորդել է, որ FBI-ը «քննում է, թէ արդեօք Ադամսը վերացրել է համապատասխան կանոնակարգերը թուրքական կառավարութեան համար»: Ըստ լուրերի, «2021 թւականի Դեմոկրատական կուսակցութեան քաղաքապետի նախնական ընտրութիւններում յաղթելուց յետոյ Էրիկ Ադամսը յաջողութեամբ ճնշում է գործադրել [Նիւ Եօրքի] քաղաքային պաշտօնեաների վրայ՝ թոյլ տալու Մանհեթէնի բարձրայարկ շէնքի բացումը, որտեղ տեղակայւել է Թուրքիայի հիւպատոսութիւնը»:

«Նիւ Եօրք թայմզ»-ը բացայայտել է, որ «Դաշնային իշխանութիւնները հետաքննում են, թէ արդեօք քաղաքապետ Էրիկ Ադամսը երկու տարի առաջ իր ընտրւելուց շաբաթներ առաջ ճնշում է գործադրել Նիւ Եօրքի հրշէջ ծառայութեան աշխատակիցների վրայ, որպէսզի նրանք վաւերացնեն Մանհեթէնում թուրքական կառավարութեան հիւպատոսութեան նոր բարձրայարկ շէնքը, չնայած նրա անվտանգութեան հետ կապւած մտահոգութիւններին, ասել են գործին տեղեակ երեք անձինք»։

«Նիւ Եօրք թայմզ»-ը յաւելել է, որ «Յուլիսին Դեմոկրատական կուսակցութեան քաղաքապետի նախնական ընտրութիւններում յաղթելուց յետոյ Ադամսը 2021 թւականի ամառւայ վերջին կապ է հաստատել այն ժամանակւայ հրշէջ ծառայութեան յանձնակատար Դանիէլ Ա. Նիգրոյի հետ եւ յորդորել նրան թոյլ տալ թուրքական կառավարութեանը զբաղեցնել շէնքը, առնւազն ժամանակաւոր հիմունքներով: Շէնքը դեռ չէր բացւել, քանի որ հրշէջները նշել էին անվտանգութեան խնդիրների մասին եւ հրաժարւել հաստատել դրա զբաղեցումը՝ յայտնել են որոշ մարդիկ: Արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ շէնքը դեռ շահագործւում է ժամանակաւոր զբաղեցման վկայականով»:

Քաղաքապետի միջամտութիւնը հնարաւորութիւն է տւել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «իրականացնել 300 միլիոն դոլար արժողութեամբ 35 յարկանի աշտարակի հանդիսաւոր բացումը 2021 թւականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի համար Նիւ Եօրք կատարած իր այցի ժամանակ, չնայած հակահրդեհային անվտանգութեան համակարգի բազմաթիւ թերութիւններին՝ ըստ գործին ծանօթ մարդկանց եւ քաղաքային գրառումների», յայտնում է «Նիւ Եօրք թայմզ»-ը:

«Դաշնային քրէական հետաքննութիւնը մասամբ կենտրոնացել է այն բանի վրայ, թէ արդեօք Ադամսի 2021 թւականի քարոզարշաւի ժամանակ թաքուն գործարք է եղել թուրքական կառավարութեան, ներառեալ Նիւ Եօրքում գտնւող նրա գլխաւոր հիւպատոսութեան հետ՝ անօրինական կերպով օտարերկրեայ գումարներ ուղղելու համար նրա գանձարանը՝ համաձայն «Նիւ Եօրք թայմզ»-ի կողմից ձեռք բերւած խուզարկութեան հրամանագրի, որով այս ամիս FBI-ը խուզարկել է քաղաքապետի գլխաւոր դրամահաւաքի տունը… Ադամսի կապերը թուրքական կառավարութեան եւ համայնքի հետ երկար տարիների պատմութիւն ունեն։ Որպէս Բրուքլինի շրջանի ղեկավար՝ նա ակտիւօրէն սիրաշահում էր հարաւային Բրուքլինի թուրքական համայնքի հարուստ անդամներին: 2015 թւականի օգոստոսին Նիւ Եօրքում Թուրքիայի հիւպատոսութիւնը վճարել է Ադամսի աւիատոմսի, հիւրանոցի եւ ցամաքային տրանսպորտի համար՝ Թուրքիա մեկնելու համար, ըստ ֆինանսական հաշւետւութիւնների։ Այնտեղ Ադամսը քոյր քաղաքի պայմանագիր է ստորագրել Ստամբուլի Ուսքուդարի քաղաքապետարանի հետ, որը մէկն էր այն մի քանի քաղաքներից, որտեղ նա մեկնել էր որպէս շրջանի ղեկավար: Նա նաեւ այցելել է Բախչէշեհիր համալսարանը, որը հիմնել է նոյն թուրք բարերարը, որը հիմնադրել է «Բէյ» Ատլանտիկ համալսարանը Վաշինգտոնում», գրում է «Նիւ Եօրք թայմզ»-ը:

Աւելին, FBI-ը հետաքննում է «KSK Construction-ի՝ թուրք ներգաղթեալներին պատկանող Բրուքլինի շինարարական ընկերութեան դերը, որը 2021 թւականի մայիսի 7-ին կազմակերպել էր դրամահաւաք Ադամսի համար: Այդ օրը 48 նւիրատու, այդ թւում՝ ընկերութեան սեփականատէրերը, աշխատակիցները եւ նրանց ընտանիքները, ինչպէս նաեւ շինարարութեան եւ անշարժ գոյքի ոլորտում աշխատող այլ անձինք, նւիրաբերել են 43600 դոլար՝ ըստ Ադամսի քարոզարշաւի զեկոյցների: Այդ ներդրումները հնարաւորութիւն տւեցին նրան ստանալ եւս 48 հազար դոլար հանրային համապատասխան ֆոնդեր՝ ընդհանուր առմամբ մօտ 92 հազար դոլար», ըստ «Նիւ Եօրք թայմզ»-ի։

Նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի կողմից հիմնադրւած «Թուրքէն» հիմնադրամի խորհրդի երեք ամերիկացի անդամներ 6000 դոլար են նւիրաբերել Ադամսի քարոզարշաւին 2018-2021 թւականներին, յայտնում է The City կայքը։ Հիմնադրամը գրանցւած է որպէս օտարերկրեայ գործակալ ԱՄՆ Արդարադատութեան նախարարութիւնում:

Բրուքլինի շրջանի այն ժամանակւայ ղեկավար Էրիկ Ադամսը, տարօրինակ կերպով, խաղացել է ինքն իր կերպարը 2017 թւականի թուրքական «Նիւ Եօրքի հեքիաթը» ռոմանտիկ կատակերգութեան մէջ, որտեղ երկու թուրքեր նրանից խնդրում են քաղաքական առանձնաշնորհումներ, իսկ նա ասում է, որ չի հասկանում նրանց: Ֆիլմում Ադամսը ասում է թուրքերին. «Բրուքլինը սիրում է Թուրքիան։ Բրուքլինը ամերիկեան Ստամբուլն է։ Մեզ դուր է գալիս ձեր կերակուրը, մենք սիրում ենք ձեր երաժշտութիւնը, բայց ես թուրքերէն չեմ հասկանում, սակայն մենք կարող ենք սելֆի անել»:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button