ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Դէպի Արեւմուտք աղօթող հայաստանեան ՀԿ-ները եւ Ռուսաստանի ու Իրանի իմիջը «քցելու» նախագծերը

Sputnik-ի հրապարակած անդրադարձը

«ԱԼԻՔ» – Իրանական փորձագիտական շրջանակների աչքից չի վրիպել այն փաստը, որ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների բարձրացման ուղղութեամբ աշխատում է յատուկ ծրագիր, որը ենթադրում է ոչ-պետական եւ ինչ-որ տեղ նաեւ պետական ներուժի օգտագործում:

Նոյն կապակցութեամբ Կովկասի հարցերով իրանցի փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանը յղում կատարելով Sputnik-ի հայերէն բաժնի հրապարակումներին թարգմանաբար ներկայացրել է կայքում տեղադրւած ծաւալուն յօդւածից հատւածներ, որտեղ կայքի հաստատմամբ այդ նպատակով, ակնյայտօրէն գործում են Արեւմտեան գործակալական եւ դրամային կենտրոնները:

Մովահեդեանը նկատել է տալիս, որ Sputnik-ն ինչ մանրամասնութիւններ է հրապարակել Հայաստանում գործունէութիւն ծաւալած 9000 ամերիկեան եւ եւրոպական ՀԿ-ների (հասարակական կազմակերպութիւններ) մասին: Փորձագէտի հաւաստմամբ, նշւած ՀԿ-ների աշխատանքները Ռուսաստանի եւ Իրանի դէմ իրականացւող քարոզչութեան մաս է կազմում եւ նպատակ ունի չէզոքացնել այս երկու երկրների իմիջը Հայաստանում։

Sputnik-ի համաձայն՝ հայկական հասարակական կազմակերպութիւնների զգալի մասը հասցրել է ճաշակել արտաքին ֆինանսաւորման «հաճելի» համը:

Ըստ Sputnik-ի՝ նրանց գործունէութիւնն ուղղւած է հասարակութեան ապակայունացմանն ու պառակտմանը՝ «բաժանիր եւ տիրիր» հնագոյն սկզբունքով։

«Այդ նպատակով նրանք, օրինակ, աջակցում են քաղաքական էլիտայի որոշ խմբերի եւ նրանց լարում միւսների դէմ, կամ առաջ են մղում գենդերային թեմաներով գաղափարներ` ի հակակշիռ պահպանողական-նահապետական արժէքների: Ինչպէս եւ ամենուր, հայաստանեան ՀԿ-ների համար առաջնային է իշխանութեան մարմինների գործունէութեան նկատմամբ «հանրային վերահսկողութիւնը»: Նրանք ստեղծում են վերահսկւող լրատւամիջոցներ եւ ինտերնետ-հարթակներ, աջակցում՝ քաղաքացիական եւ «քաղաքականամերձ» ակտիւիստներին, որպէսզի պէտք եղած ժամանակ օգտագործւեն որպէս ճնշում բանեցնելու միջոցներ»,- գրում է Մովահեդեանը:

Հակառուսական տրամադրութիւնների սերմանում

Sputnik-ի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» եւ «իրաւապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մէկ ընդհանուր տրամաբանութեան շրջանակում։ «Այս ցանցի շրջանակում իրար սերտօրէն փոխկապակցւած եւ միեւնոյն աղբիւրներից ֆինանսաւորւող, բայց, այնուամենայնիւ, ճիւղաւորւած հեռուստաալիքների եւ կայքերի միջոցով բնակչութեանը պարտադրւում է արեւմտամէտ հռետորաբանութիւն»,- նշւած է Sputnik-ի յօդւածում։

Նոյնի համաձայն՝ ՀԿ-ների գործունէութիւնն իրականացւում է սոցիալական առաւել զգայուն ոլորտներում` մարդու իրաւունքներ, ԶԼՄ-ների ազատութիւն, կրթութիւն, ժողովրդավարութեան սկզբունքներ եւ այլն:

Աղբիւրը թւարկելով մի շարք կենտրոններում կատարւող աշխատնքները նշել է, որ Արեւմտեան ֆինանսաւորումը չթաքցնող ամենաակտիւ ՀԿ-ներն են «Իրազեկ քաղաքացիների միաւորումը» (զբաղւում է ընտրական գործընթացների մոնիտորինգով, բարեփոխումների ծրագրերի մշակմանը մասնակցելով, կեղծ լուրերի դէմ պայքարով), «Հանրային լրագրութեան ակումբը» (մեդիաոլորտի զարգացում, թրէյնինգներ լրագրողների համար), Boon հիմնադրամը (գիտնականների եւ մշակութային գործիչների առաջխաղացում մեդիատարածքում), «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնը» (արտաքին քաղաքական հետազօտութիւններ), «Երիտասարդները յանուն զարգացման» (երիտասարդութեան շրջանում ժողովրդավարական արժէքների ամրապնդում) եւ այլն:

«Անկախ» ԶԼՄ-ների կախւածութիւնը դրամաշնորհներից

Հայաստանում «անկախ լրատւամիջոցների եւ խօսքի ազատութեան աջակցութեամբ» արդէն աւելի քան 25 տարի զբաղւում է «Մեդիա նախաձեռնութիւնների կենտրոն» ՀԿ-ն: Այն Հայաստանում յայտնւել է որպէս Internews-ի (Վաշինգտոնի կողմից ֆինանսաւորւող ամերիկեան ՀԿ: Զբաղւում է այլ երկրներում «անկախ ԶԼՄ-ների զարգացմամբ») քոյր ընկերութիւն է: Այսօր այն շարունակում է գոյութիւն ունենալ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ բազմաթիւ արեւմտեան հիմնադրամների միջոցներով։

Կենտրոնի աշխատանքի զգալի մասը խաղաղ ցուցարարներին ծեծելու մասին տեսանիւթեր պատրաստելն է, եւ այսպէս կոչւած «մեդիագրագիտութեան» ուսուցանումը։

«Նիւթում թւարկած գրեթէ բոլոր ՀԿ-ները համագործակցում են այնպիսի խոշոր լրագրողական միաւորումների հետ, ինչպիսիք են «Ասպարէզ» լրագրողների ակումբը եւ «Երեւանի մամուլի ակումբը» (որոնք նաեւ գովազդում են միմեանց)»,- նշել է Sputnik-ը:

Երկու ակումբներն էլ տարեկան մեծ գումարներ են ստանում արեւմտեան հիմնադրամներից ու կառավարութիւններից:

Առնչւող Յօդւածներ

Back to top button