ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պարսից ծոց անւանումը՝ կարելի է չափել քաղաքակրթութեան պատմութեան տարիքով միայն

Իրանի քարտէզագրման կազմակերպութիւնը բողոքարկել է ՄԱԿ-ի անփոյթ մօտեցումը

«ԱԼԻՔ» – Իրանի «Գէոդեզիայի եւ քարտէզագրութեան» կազմակերպութիւնը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի աշխարհագրական անւանումների փորձագէտների խմբի կողմից Պարսից ծոցի անունը խեղաթիւրելու վերաբերեալ:

Հարկ է նշել, որ կատարւածն առաջինը չէ իր տեսակով: Քաղաքակրթութեան պատմութեան հետ իր անցեալով ու վաղեմութեամբ չափւող ՊԱՐՍԻՑ ԾՈՑ տեղանունը պաշտօնական հարթակում կեղծելն անուշադիր կեցւածքի արդիւնք ու վրիպակ չես գնահատի: Եթէ, մինչեւ ՄԱԿ-ի պաշտօնական հարթակներում նման քայլերի ականատես լինելը, քաղաքական լրահոսից չկտրւած լսարանին անկարեւոր թւացող քարտէզներում շարունակւում էր նման դէպքերի կրկնութիւնը, ապա այսօր դրանք կրելով քաղաքական ենթատեքստ, օգտագործւում են աշխարհագրական փոփոխութիւնների նկրտումներ հետապնդող ծրագրերում նաեւ: Օրինակները քիչ չեն, յատկապէս մեր տարածաշրջանում:

Աւելորդ կը լինէր տողատակերում նշելը, որ օրակարգ մտցնելու փորձեր են արւում՝ տարօրինակ միջանցքների ու պատմականօրէն հիմնաւորում չունեցող աշխարհագրական անունների տարածումը, կամ ինչպէս այս դէպքում է Պարսից ծոցի անւանումի փոխարինումը ՄԱԿ-ի պաշտօնական հրապարակումներում՝ կեղծ տարբերակով:

Հրապարակման համաձայն՝ ՄԱԿ-ի աշխարհագրական անւանումների փորձագէտների No 66 տեղեկագրում Պարսից ծոցի փոխարէն նշւել է շինծու եւ պատմական որեւէ արժէք չներկայացնող անուն:

Այս մասին է տեղեկացրել «Երկրի (Իրանի) բիւջետային եւ նախագծերի հաշւարկման կազմակերպութեան» հասարակայնութեան հետ կապերի կենտրոնը, վկայակոչելով Իրանի «Գէոդեզիայի եւ քարտէզագրութեան» կազմակերպութեան հրապարակումը:

Նոյն կապակցութեամբ, Իրանը ՄԱԿ-ի համապատասխան յանձնակատարին ներկայացրել է թիւ 66 տեղեկագրում փոփոխութիւն մտցնելու եւ սրբագրելու պահանջ:

Աղբիւրը յաւելել է, որ Իրանի առարկութիւնից յետոյ քարտուղարութիւնը (ՄԱԿ-ի) նամակ է ուղարկել Օմանի միապետութեան ազգային Քարտէզագրութեան կազմակերպութեանը: Վերջինս էլ հետեւելով ՄԱԿ-ի պահանջին Պարսից ծոց անւանումով է փոխարինում թիւ 66 բուլետենում խեղւած բառակապակցութիւնը:

Իրանի յղած նամակում յստակօրէն նշւած է, որ Պարսից ծոց պատմական անւան փաստաթղթաւորման օրինականութեան եւ ճշգրտման, ինպէս նաեւ ՄԱԿ-ի կողմից հաստատւած մօտեցումների համաձայն, կասկած չկայ որ Պարսից ծոցի ճիշտ եւ ամբողջական անւանումը միակ եւ անհերքելի ստանդարտ ձեւակերպումն է Իրանի եւ Արաբական թերակղզու միջեւ ընկած ջրերն անւանելու համար:

«Երկրի (Իրանի) Ազգային քարտէզագրման եւ տեղանուների ճշտորոշման կազմակերպութեանը» կից Իրանի աշխարհագրական անւանումների մասնագիտացւած կոմիտէի ներկայացրած պաշտօնական բողոքագրում մասնաւորապէս նշւած է. «Կոչ ենք անում UNGEGN կայքում փոփոխել (Պարսից ծոցի փոխարէն) կեղծւած տարբերակը՝ նման կեղծիքների ընթացակարգը բուկլետում կանխելու համար: Բուլետենի կարեւորութիւնը նրանում է, որ աշխարհագրական անւանումների հետ կապւած տարբեր ոլորտներում երկրների հիմնական գործունէութիւնն է ի ցոյց դրւում: Հանդէսը գէոդեզիայի նեղ մասնագէտների ներկայութեամբ է, որ պէտք է պատրաստւի: Հետեւաբար, ակնկալւում է, որ աշխարհագրական անւանումները ճիշտ օգտագործւեն ամսագրի հաշւետւութիւններում ու յօդւածներում: Ցաւօք, վերջերս Օմանում հրապարակւած թիւ 66-րդ Բուլետենի 58-րդ էջում Պարսից ծոցի պատմականօրէն հաստատւած անւան փոխարէն այլ բան է նշւել»:

UNGEGN-ի քարտուղարութիւնը այս կապակցութեամբ շնորհակալութիւն է յայտնել Իրանի «Գէոդեզիայի եւ քարտէզագրման կազմակերպութեանը, որտեղ մասնաւորապէս նշւած է. «Մենք ողջունում ենք Իրանի կազմակերպութիւնների մասնագիտական աջակցութիւնը առաջիկայ բուկլետներում»,-յաւելել է Իրանի «Գէոդեզիայի եւ քարտէզագրութեան» կազմակերպութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

ՄԱԿ-ի Bulletin 67-ի առաջիկայ թողարկումը նախատեսւած է իրականացնել 2024 թւականի մայիսին, որը կենտրոնացած է լինելու «Կառուցողական փորձառութիւններն ազգային քարտէզագրման եւ աշխարհագրական անւանումների կազմակերպութիւնների համագործակցութեան արդիւնք են» խորագրի շուրջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button