ԻրանՄիջազգային

Բաքւի նկրտումների մասին բարձրաձայնելը «սիոնիստամէտ» գործողութիւն է

Պանթուրքիստների նոր ռազմավարութիւնը

«ԱԼԻՔ» – Թաքֆիրականների տեղաշարժ ուժերի կուտակում է նկատւում Իրանի հիւսիսարեւմտեան սահմանների մօտ: Միեւնոյն ժամանակ Էրդողանը որոշ քուրդ պաշտօնեաների միջոցով փորձում է սիրիական բանտերից ազատել ԴԱԷՇ-ի ձերբակալւած շուրջ 10000 վարձկանների։ Այս մասին են տեղեկացնում սոցիալական ցանցերում գործող տարբեր հաշիւներ, որոնք վերագրւում են նախկին պաշտօնեաներին, կամ փորձագիտական շրջանակներին:

Նոյն կապակցութեամբ Էհսան Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում գրառում հրապարակելով, նշել է, որ հաւաստի աղբիւրների հաստատմամբ՝ Արցախում տեղակայւած թաքֆիրականներին ասել են, որ շուտով Իրանի հետ անելու են այն, ինչը արեց ՀԱՄԱՍ-ը Իսրայէլի հետ:

Մովահեդեանն իր զարմանքն է յայտնել այն մասին, որ ինքնակոչ «Հեզբօլլահ»-ի ոմն պանթուրքիստ, ով նաեւ որոշ տւեալների համաձայն՝ համարւում է կառավարական մարմիններում ելումուտ ունեցող որոշ անձանց վստահելիներից, «X»-ի իր միկրոբլոգում գրառումներ է տեղադրում, որում նա փաստերը խեղաթիւրելով «Հոսէյնիւն» խմբաւորումը անւանել է իսրայէլական թեւ, եւ յայտարարել, որ այդ խմբի նպատակը Բաքւի հետ «մեր» յարաբերութիւններում լարւածութիւն ստեղծելն է։

«2020 թւականի պատերազմից առաջ «Հոսէյնիւն»-ը բազմիցս զգուշացրել էր նման պատերազմի չարաբաստիկ ու կուլիսային նպատակների մասին, որի վրայ աչք փակեց ժամանակի ԱԳՆ-ը: Իսկ այսօր մի կերպ է յաջողւել այդ ընթացքը դադարեցնել սրտցաւ ու անկախ փորձագէտների հրապարակումների ու զգուշացումների շնորհիւ։

Այս տարիներին Թեհրանում, Ալիֆի լաբբին առաջ անցնելով շարունակել է մեղադրել Իրանի ամբողջականութեան պահպանման ուղղութեամբ հայրենասիրական նիւթեր հրապարակող ակտիւիստներին, նրանց ներկայացնելով որպէս սիոնիստական գործակալներ, ովքեր կոչւած են սեպ խրելու Իրանի եւ Բաքւի յարաբերութիւնների մէջ: Պանթուրքիստական նոյն այդ լաբբին, սակայն աչք է փակում սիոնիստների հետ Ալիֆի համագործակցութեան վրայ, ինչպէս նաեւ նրա եւ անջատողականների, ՆԱՏՕ-ի, փահլաւիների, վահաբիների եւ այլնի հետ Իրանի դէմ դաշինք ձեւաւորելու վրայ։

Սոցիալական ցանցերում նրանց «զինւորիկները» անխոհեմ ու լկտի հրապարակումներ են անում այն ուժերի դէմ, ովքեր Սիրիայում կռւել են ԴԱԷՇ-ի դէմ ի շահ Իրանի, կամ մեդիահարթակում նւազագոյն հնարաւորութիւններով լուսաբանումներ են հրապարակել՝ տեղեկացնելով Արաքսի հիւսիսից մեզ ուղղւած վտանգների մասին: Նրանց կոտրւած գրչի վերջին կրակոցը՝ կեղծ վերլուծութիւններ տարածելն էր առ այն, որ Բաքու-Իրան յարաբերութիւնների սառոյցը կոտրել չի յաջողւում, քանի որ այն դուր չի գալիս Իրանում բուն դրած սիոնիստապաշտներին:

Նիւթին կից լուսանկարը կապւած է սիոնիստական ​​ռեժիմի եւ Բաքւի պատերազմի նախարարների հանդիպման հետ եւ յստակօրէն վերաբերում է Իրանի եւ Բաքւի սահմանային շրջանին, որտեղ ցուցադրւում են Իրանի վրայ ենթադրեալ յարձակման պատրանքները։

Մովահեդեանը յաւելել է, որ նկատի ունենալով Ջիբրայիլի (Ջրական) եւ Զանգիլանի (Կովսական) շրջանների առանձնայատուկ նշանակութիւնը Խոդաֆարինի ամբարտակի եւ պատմական կամրջի առկայութեան պատճառով, որոնք Բաքուն օգտագործում է մեդիա-հոգեբանական պատերազմի նպատակներով, գոյութիւն ունի նաեւ «Զանգիլան» անունը կրող ռազմական օդանաւակայանը, որը սահմանամերձ շրջանի նմուշների համեմատութեամբ ունի շատ աւելի բարձր հնարաւորութիւններ, եւ հաւանաբար քարտէզի վրայ սիոնիստական ռեժիմի պատերազմական նախարար Իւաֆ Գալանտի ուշադրութեանը յանձնած կէտը այդ երկու շրջաններն են:

Նշենք, որ արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ իրանցի սահմանապահների կողմից կիրառւել էր յատուկ միջոցներ Խոդաֆարին ամբարտակը պատերազմի աւերածութիւններից պաշտպանելու, ինչն այն օրերին նաեւ դուր չէր եկել Բաքւին:

Փորձագէտը յիշեցրել է նաեւ, որ յայտնի գործակալ-սիոնիստ Բրենդա Շաֆերայը, ինչպէս նմանօրինակ այլ անձինք բազմիցս այցելել են նոյն շրջաններ եւ խորհրդանշական լուսանկարներ հրապարակել, ինչը նաեւ կարող է ոչ-պաշտօնական հաղորդագրութիւն որակւել Խոդաֆարին պատմական կամրջի մօտից:

Այս եւ նմանօրինակ դէպքերը ապացուցում են, որ Իսրայէլի համար սահմանային այս տարածքները պարունակում են յատուկ կարեւորութիւն:

Պանթուրքերը պնդում են, որ այս քարտէզում նշւած տեղանքի գտնւելու վայրը անյայտ է: Իհարկէ սա գալիս է նրանց տարածաշրջանի տեղագրութեան ու աշխարհաքաղաքականութեան չիմացութիւնից, իհարկէ Իսրայէլի հետ Բաքւի դաւադրութիւնն անգոյն ներկայացնելու ենթատեքստով:

Առնչւող Յօդւածներ

Back to top button