Նախիջեւանի կոտորածի պատմութիւնից. Ագուլիսում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագութիւնները

Զ. ՇՈՒՇԵՑԻ
1918 թւականին Բաթումի դաշնագրից յետոյ թուրքերը եկան Նախիջեւան: Նոր ստեղծւած Ադրբեջան պետութիւնը՝ Թուրքիայի հետ միասին, նպատակ դրեց իրագործել Գողթն գաւառի գրաւումը: Գողթն գաւառը տարածքով համապատասխանում էր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան Օրդուբադի եւ, մասամբ էլ, Գանձակի շրջաններին։ Գաւառի գրաւումը դարձաւ շատ կարեւոր ծրագիր թուրք-ադրբեջանական դաշինքի համար, քանի որ այն հանդիսանում էր երկուսին իրար կապող տարածք:
Տարածքի զինւորական կառավարիչ նշանակւեց Խալիլ բէյը, ով կարճ ժամանակում սկսեց իրագործել իր ծրագիրը: Ամռանն ու աշնանը գաւառում սկսեցին իրականացնել հայերի կոտորածները: Այդ շրջանի իրադարձութիւնների մասին մանրամասն ներկայացրել է պատմաբան Էդիկ Զոհրաբեանն իր «Շարուր-Նախիջեւանը 1918-1919 թթ. (Նախիջեւանահայերի ցեղասպանութեան պատմութիւնը)» գրքում, որում մասնաւորապէս գրում է.
«1918 թւականի ամռանը թուրքական զօրքերը ներխուժեցին Նախիջեւանի գաւառ. դիմադրութիւնը 2 օր տեւեց: Դրանից ոգեւորւած` տեղացի կովկասեան թաթարները կամ այսօրւայ ադրբեջանցիները եւս յարձակւեցին հայերի վրայ, եւ կարճ ժամանակահատւածում Նախիջեւանը դատարկւեց: Մինչ այդ Նախիջեւանում 54.000 հայ էր ապրում: Դա առաջին ցեղասպանութիւնն էր»: (Տե՛ս «Շարուր-Նախիջեւանը 1918-1919 թթ. (Նախիջեւանահայերի ցեղասպանութեան պատմութիւնը)», Երեւան, 2012):
Ամենաարիւնալի դէպքերը տեղի ունեցան ձմռանը՝ Վերին եւ Ներքին Ագուլիսում: Ագուլիսի ջարդերը տեղի ունեցան 1919 թւականի դեկտեմբերի 24-25-ին: Ջարդերի մասին կան բազմաթիւ պատմական փաստեր, լուսանկարներ եւ իրողութիւններ: Ագուլիսում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագութիւնների շատ կարեւոր արձագանք տեսնում ենք «Յառաջ» թերթում: Կոտորածներից անմիջապէս յետոյ՝ թերթի 1920 թւականի յունւարի 13-ի համարում, կարդում ենք պետական գործիչ Սերգէյ Մելիք Եօլչեանի հեռագիրը Հայաստանի արտգործնախարարին.
«Գորիսից Մելիք Եօլչեանը հեռագրում է Հայաստանի արտգործնախարարին: Լրացուցիչ, ստուգւած տեղեկութիւնների համաձայն՝ Նախիջեւանի ու Օրդուբադի թաթարները թուրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բէյի, Էդիֆ բէյի եւ ուրիշների գլխաւորութեամբ Ներքին Ագուլիսի կոտորածից յետոյ գազանօրէն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչութեանը: Վերին Ագուլիսում սպանւած է 490, իսկ Ներքին Ագուլիսում 1000 մարդ: Բնակչութիւնը կոտորւած է գլխովի, բացառութեամբ քսան գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրեւ նւէրներ բաժանւած են սպաներին: Հարուստ Փանեանի 16 տարեկան աղջիկը մատուցւած է Էդիֆ բէյին: Թէ՛ Ներքին, եւ թէ՛ Վերին Ագուլիսցիների բնակչութիւնը բոլորովին անտեղեակ էր եւ պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց: Թաթարների առաջխաղացումը դէպի Գողթն շարունակւում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դէպի Մեղրի է քաշւում: Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին»: («Յառաջ», 1920 թ., յունւարի 13, էջ 2):
Ներքին եւ Վերին ագուլիսում թուրք-թաթարական կոտորածների մասին ունենք փաստական մի շարք տւեալներ, որոնցում իրադարձութիւնները ներկայացւած են այնպէս, ինչպէս եղել են, սակայն մի շարք փաստական մանրամասներով: Առեւանգւած եւ իբրեւ նւէր բաժանւած աղջիկների մասին փաստագրական տւեալներում երբեմն նշւում է նաեւ մօտ 30-ի հասնող կանանց թիւը: Հայաստանի Առաջին Հանրապետութեանն ուղղւած Սերգէյ Մելիք Եօլչեանի հեռագրում խօսւում է նաեւ այդ իրադարձութիւններին Սիւնիքի արձագանքի ու Շուռնուխում տեղի ունեցած հայ պատւիրակութեան սպանդի մասին.
«Զանգեզուրի ազգաբնակութիւնը խորը կերպով յուզւած ու զայրացած է եւ պահանջում է արմատական միջոցներ թուրքական ու ադրբեջանական սպաներին եւ նահանգապետին Նախիջեւանից հեռացնելու համար: Մեծ դժւարութեամբ է յաջողւում զսպել նրանց: Շուռնուխի խճուղին դէպի Կապան բանալու առաջարկութեանն ի պատասխան, թաթարները խնդրեցին պատւիրակներ ուղարկել: Ուղարկւած հինգ պատւիրակները գազանաբար սպանւած են: Նրանց ազատելու համար ուղարկւած պահակը ենթարկւել է Շուռնուխի թաթարների հրացանային ու գնդացիրների կրակի»: (Նոյն տեղում՝ էջ 2):
Պատմական այս փաստերի ներկայացմամբ հերթական անգամ նշմարւում է Նախիջեւանում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագութիւնների մասին: Նախիջեւանի ցեղասպանութիւնն ու հայաթափումը պատմական հերթական փաստն է այն մասին, որ մեր թշնամիները իրենց նպատակներն ու նպատակների իրականացման ձեռագիրը երբեք չեն փոխում: Հայկական տարածքների զինաթափմամբ, կոտորածով եւ գրաւմամբ թուրք-ադրբեջանական վայրագ դաշինքը կարողանում է օկուպացնել հայկական տարածքները, որից յետոյ դիւանագիտական եւ ներքին լսարանի համար փոխւում է այդ տարածքների պատմութիւնը եւ ներկայացւում որպէս «թուրքական տարածքների ազատագրում»: Ժամանակներն անցնում են, պատմութիւնը նոյնութեամբ կրկնւում է, սակայն դասեր չենք քաղում մենք:
168.am






