Գաղափարական

Վահան Յովհաննիսեանի 70-ամեակին նւիրւած յոբելեանական երեկոյ

Arfd.am – Փետրւարի 19-ին Հայաստանի կինոգործիչների միութեան տանը (Կինոյի տուն) տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի 70-ամեակին նւիրւած յուշ-երեկոն։ Երեկոյի ժամանակ ներկայացւեց «Ձեր՝ Վահանը» ֆիլմը:

«Ես շատ երկար մտածում էի, ինչպէս ներկայացնել Վահան Յովհաննիսեանին։ Շատ մեծ պատիւ էր ու պարտաւորութիւն՝ ներկայացնել իմ ընկերոջն այնպէս, որ որպէս արժէք մնայ սերունդների համար»,- տեսաուղերձում նշեց TV 5 հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը, ով Հայաստանում չլինելու պատճառով, ներկայ չէր երեկոյին:

«Վահան Յովհաննիսեանն ինձ համար աւագ, մեծ ընկեր էր, երեւի իմ բախտն է, որ արժանացայ նրա մասին ֆիլմ նկարելու պատւին»,- ասաց Յարութիւն Յարութիւնեանը։

Վահան Յովհաննիսեանի կերպարը մարմնաւորել է Պարոյր Սանթրոսեանը, ֆիլմում կան արխիւային բացառիկ կադրէր։ Ռեժիսորը Մարիամ Եգորեանն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստեանը։

Ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ Վահան Յովհաննիսեանի կուսակցական ընկերներ՝ ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը, ինչպես նաեւ Վահան Յովհաննիսեանի քոյրը՝ Վիկտորիա Յովհաննիսեանը յուշեր պատմեցին Վահան Յովհաննիսեանի մասին՝ նրա պատանեկան տարիներից մինչեւ արցախեան ազատագրական շարժումը եւ բուռն քաղաքական գործունէութեան տարիները:

Վահան Յովհաննիսեանի յիշատակին նւիրւած երեկոյի ընթացքում ծածանւեց այն նոյն դրօշը, որը ՀՅԴ-ականների նկատմամբ յարուցւած ապօրինի քրէական գործի դատավարութեան ժամանակ՝ 12.12.1997 թ.-ին, դատարանի դահլիճում ծածանել էին Վահան Յովհաննիսեանը եւ ներկայումս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ ի նշան ազատութեան։

Խորհրդանշական է, որ նոյնիսկ դատարանի դահլիճում նրանք կարողացել են դրօշը դուրս բերել վանդակից եւ ծածանել այն վանդակից դուրս՝ որպէս յիշեցում, որ ազատութեան խորհրդանիշ դրոշը երբեք չի կարող գտնւել ազատութիւնը սահմանափակող վանդակի ներսում։

«Թող այս դրոշը ձեզ ուժ եւ կորով տայ ճիշտ այնպէս, ինչպէս դժւար պահին ուժ տւեց ինձ եւ իմ ընկերներին»:

Վահան Յովհաննիսեան

12.12.1997

 

Միջոցառման աւարտին հանդէս եկաւ ՀՀ վաստակաւոր արտիստ Շուշան Պետրոսեանը՝ «Երազի իմ երկիր հայրենի» երգի կատարմամբ:

Նշենք, որ մինչ ֆիլմի ցուցադրումը բազմաթիւ հիւրեր լրագրողների հետ զրոյցներում պատմել են Վահան Յովհաննիսեանի հետ ունեցած իրենց շփումների եւ հանդիպումների մասին:

Նրանց թւում էին՝ ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը,  ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, մշակոյթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյեանը, ՀՀԿ անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը, ՀՀԿ անդամ Սամուէլ Նիկոյեանը, ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Մարգարիտ Եսայեանը եւ ուրիշներ:

Related Articles

Back to top button