Փաստերի ուժը. Արմին Վեգների լուսանկարը եւ դրա սխալ օգտագործման պատմութիւնները

Արմին Վեգների մասին մեր էջում այլ առիթներով եւս անդրադարձ եղել է։ Նրա այս լուսանկարը Հայոց Ցեղասպանութիւնը վաւերագրող ամենայայտնի պատկերներից է։ Այն պատկերում է Արեւմտեան Հայաստանի կոտորածներից փրկւած եւ Հալէպ հասած հայ կնոջը՝ իր երեխաների հետ: Լուսանկարում՝ նա նստած է մահամերձ կամ արդէն մահացած իր երեխայի կողքին։ Այս լուսանկարը, թերեւս, ծանօթ է գրեթէ իւրաքանչիւր հայի։
Սակայն այս պատկերին առնչւող մի քանի հետաքրքիր դրւագներ եւս կան։
Մօտ երկու կամ երեք տարի առաջ Թեհրանում, Բրիտանիայի դեսպանատան մօտ, տեղադրւել էր այս լուսանկարի հիման վրայ պատրաստւած մի քանդակային պատկեր։ Դրա միջոցով փորձ էր արւել ներկայացնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անգլիայի քաղաքականութեան հետեւանքով Իրանում տեղի ունեցած սովը, որի արդիւնքում, ըստ որոշ գնահատականների, միլիոնաւոր մարդիկ են զոհւել։ Լուսանկարը վերագրւել էր հէնց այդ պատմական իրադարձութեանը։ Երբ քաղաքապետարանը տեղեկացաւ սխալի մասին, այն արագօրէն հեռացւեց, քանի որ որքան էլ զաւեշտալի թւայ, պատկերը տեղադրւած էր Թուրքիայի դեսպանատանը դէմ դիմաց։

Մէկ այլ դէպք եւս տեղի է ունեցել դարձեալ Թեհրանում։ Բաքւի լաբբիստական շրջանակների նախաձեռնութեամբ կազմակերպւած ցուցադրութեան ժամանակ ներկայացւել էին լուսանկարներ, որոնք իբր վերագրւում էին Խոջալուի դէպքերին։ Սակայն ցուցադրւած պատկերների շարքում էր նաեւ Արմին Վեգների նոյն լուսանկարը՝ փաստագրող Հայոց Ցեղասպանութիւնը։ Աւելին, ցուցադրութեան միւս լուսանկարներից շատերն էլ իրականում կապւած էին բոլորովին այլ իրադարձութիւնների հետ՝ Սրեբրենիցայի կոտորած, Թուրքիայի երկրաշարժի զոհեր, Առաջին համաշխարհային պատերազմի յայտնի պատկերներ, ինչպէս նաեւ սերբ-բոսնիական պատերազմի տարբեր դրւագներ։
Անկախ նրանից՝ նման սխալները արւում են միամտութեա՞ն հետեւանքով, թէ՞ դիտաւորեալ, դրանք յաճախ կարող են ծառայել պահի պրոպագանդային միայն։
Սակայն պատմական փաստն իր մէջ կրող իրականութեամբ երբեք չի վերածւում պրոպագանդայի. այն իր ծանրութեամբ եւ խորութեամբ շատ աւելի մեծ է, քան պահի ազդեցութեամբ ձեւաւորւող պատկերացումները կը կարողանան մարսել…
ՀԱՏԻՍ



