ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԵՐԲ ԿՐԱԿՆ Է ԴԱՌՆՈՒՄ ՁԱՅՆ

ՀԱՏԻՍ

 

Պատմական օրինակներն յիշեցնում են, որ երբեմն լռութիւնը կոտրող խորհրդանշական կրակն է արձանագրում անարդարութեան սահմանը

 

Դրօշի այրումը սովորական ժեստ չէ: Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ հասարակութեան ներսում լարւում է վերջին մկանը՝ մինչեւ պայթուն։ Պատմութիւնը վաղուց է արձանագրել նման պահեր: Նացիստական խորհրդանիշն այրելու դէպքերը, օրինակ, դարձան բռնութիւնն ու մարդկութեան դէմ յանցագործութիւնը մերժող ուղիղ, անզիջում ազդանշան։ Այստեղ կրակը ոչ թէ հակառակորդի հանդէպ ատելութիւն է, այլ գաղափարի՝ բռնատիրական, մարդախախտ, մշակութային սպանդը շարունակելու գաղափարի մերժում է։

Սոցիոլոգիական հարթակում երեւոյթը կարելի է նկարագրել գործողութեան կողմերի պահանջների քննարկմամբ: Երբ ձայնը տարիներով լսելի չէ եւ հանդիպում է մերժողականութեանը, կամ երբ բոլոր ակցիաներն են անտեսւում, երբ ինքնութեան յատկանիշներին նահանջ է թելադրւում, դրօշի օրինակով բռնութեան խորհրդանիշն այրելը՝ դառնում է անտեսւած ձայնն ընդգծող փրկութեան գործողութիւն։ Եւ այդ արարքը, որքան էլ սուր, յաճախ դառնում է ոչ թէ սպառնալիք, այլ վերջին հնչիւնը՝ մի հասարակութեան ձայնի, որն այլ կերպ չի լսւում «վերեւներում»։

Դրօշի այրումը պարզապէս բողոքի ակցիա չէ։ Դա լռեցման, ճնշման կամ անտեսման դէմ ուղղւած «ռէակցիա» է՝ հասարակական պոռթկում, որն ի ցոյց է դնում՝ խախտւած որոշ սահմանների էութիւնը, որտեղ մարդիկ այլեւս ստիպւած են իրենց եւ իշխանութեան լռութեան պատի միջեւ բացւած ճեղքը տեսանելի դարձնել։

Այստեղ այրւում է ոչ թէ կտորը՝ որպէս առարկայ, այլ այն լռութիւնը, որի պայմաններում սովորական մարդիկ այլեւս չեն կարող շնչել։

Հետազօտական առումով փաստւած է, որ նման գործողութիւնների իմաստը փոփոխւում է հասարակական տրամադրութիւնների, կամ միջավայրային ճնշումների հետ։ Երբ հանրային պահանջը ճնշւում է, արձագանքը սովորաբար աւելի սուր է դառնում եւ կարող է ստանալ ծայրայեղական դրսեւորումներ։

Այդ դէպքում ակցիան ճնշող քայլերը, անկախ տեսակից՝ հրապարակւած տեքստերի թէ ֆիզիկական, վերածւում են բռնութեան ամենաբաց դրսեւորման՝ արտաքինից պահելով ժողովրդավարութեան պատրանքը։

Related Articles

Back to top button