ԱտրպատականՀամայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի 38-րդ Միջմասնաճիւղային խաղերի եզրափակման հանդիսութիւնը Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, յուլիսի 28-ին, գի­շեր­ւան ժամը 10:00-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 38-րդ Միջմասնաճիւղային մար­զախաղե­րի փակման հանդիսութիւնը, Թաւրիզի մասնաճիւղի մարզադաշտում, նախագա­հութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, եւ հովանաւորութեամբ Թեմական խորհրդի:

Անցնող երեք օրերի ընթացքում տե­ղի ունեցած բոլոր մարզախաղերի մասին իր խօսքը արտասանեց մասնաճիւղի նա­խագահ Նժդիկ Աբրահամեանը, գնահա­տելով բոլոր նրանց, որոնք կազմակերպչական աշխատանքներին նպաստեցին, ե՛ւ ներքին աշխատանքներով, ե՛ւ հրապա­րակային ելոյթներով, բնականոն ընթացք տալով խա­ղերին, եւ իր աւարտին հասցնելով եռօրեայ աշխատանքները:

Փակման հանդիսավարութիւնը դարձ­եալ ստանձնել էր հանրածանօթ հանդի­սավար Կարէն Սարգսեանը, որ հերթա­բար հրապարակ հրաւիրեց մրցանակ շահող­ներին, առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիսացողներին:

Սոյն մրցանակները շահողները մեծ ուրախութեամբ մօտեցան շրջափակում տե­ղադրւած երեք բեմական աստիճաններին, խորը գոհունակութեամբ ստանձնելով իրենց գնահատագրերը եւ մեդալները: Առաւել մեծ հրճւանք էր պատճառում առաջին հանդիսացողների գաւաթի ստացման պահը, երբ շրջափա­կի բո­լոր ներկաները բարձր ծափողջոյն­նե­­րով շնորհաւորում էին նրանց:

Սոյն պարգեւաբաշխումների հա­մար բեմ էին հրաւիրել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Պատգամաւորական ժողովի ատե­նապետուհի Արմինէ Վարդանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, «Արարատ»-ի Թաւրիզի մաս­նաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեա­նը եւ այլ պատւոյ հիւրեր: Նրանք հերթա­բար մեդալ­ներ անցկացրեցին շահողնե­րի վզերից, եւ առաջին դիրքի համար գաւաթ յանձնեցին շահողներին:

Այս առիթով առաջնորդ Սրբազան Հայրը եզրափակիչ խօսք արտասանեց, շահող համարելով բոլորին, որոնք երեք օրերի ընթացքում, իրենց սրտում կերտեցին սէր իրար նկատմամբ, հայութիւնը ամրապն­դելով. «Բոլորս էլ վերջին տարիներին ե­ղանք ականատես մեր ազգի կեանքում մեծ դժւարութիւնների, որոնք դեռ եւս շա­րունակւում են: Սէրը վերահաստատելու ենք ոչ միայն մեր անհատական կեան­քում, այլեւ մեր հաւաքական, ազգային կեանքում: Օտարները մեզ են նայում ծի­ծաղով, իսկ թշնամին սպասում է մեր կոր­ծանման, ե՛ւ հայրենիքում, ե՛ւ սփիւռքում: Հետեւաբար, այս երեք օրերի միասնա­կան կեանքը այստեղ՝ Թաւրիզում, թող օ­րինակ հանդիսանայ մեզ բոլորիս, ներկա­­ներիս եւ բացականերին»:

Նշենք, որ մասնաճիւղի վարչութիւ­նը նաեւ մրցանակ էր նախապատրաստել մասնակից խմբերի լաւագոյն վարքը ա­պահովողին, որը արժանաւորաբարր նւիրւեց Թեհրանի «Նայիրի» մարզախմբին, բարձր ծափող­ջոյններով:

Նոյն առիթով գնահատագրեր յանձ­նւեցին նաեւ Թաւրիզի մասնաճիւղի այն անդամներին, որոնք անձնւիրաբար երեք օրեր շարունակ ծառայել էին բոլորին:

Գնահատանքի յատուկ յուշանւէր­ներ յանձնւեցին նաեւ տեղացի իրաւա­րար­ներին, որոնք երեք օրեր շարունակ խղճմտանքով հսկել էին մարզախաղերին եւ յայ­տարարել յաղթական խմբերի ա­նունները:

Բոլոր ներկաները, եւ յատկապէս մարզախաղերին մասնակցած երիտա­սար­դութիւնը, կարօտի կանխահաս զգա­ցումով թողեցին շրջափակը, եւ իրենց տրամադ­րւած շէնքերի սենեակներում մինչեւ լոյս զրուցեցին, պատմական էջեր արձանագ­րելով իրենց անհատական կեանքում:

Related Articles

Back to top button