
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ` Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի ձեռամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ շարականների երգեցողութիւնը կատարում էր դպրաց դասը։
Պատարագի ընթացքում Հայր Սուրբն ընթերցեց Սրբազան Հօր պատգամը (Պատգամը տեսնել օրաթերթիս 3-րդ էջում):
Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցական թափօրը հայ սկաուտների կազմած շարքերից անցնելով մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան միլիոնաւոր զոհերի յուշարձանի մօտ որտեղ կատարւեց Բարեխօսական աղօթք: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը: Խօսքի մի բաժնում նշւել էր. «Այսօր մենք այստեղ ենք ոչ միայն սգալու, այլ նաեւ վկայելու: Վկայելու, որ արդարութիւնը դեռ պահանջ ունի: Վկայելու, որ մենք չենք մոռացել: Մենք այստեղ ենք, որպէսզի նաեւ յիշենք մեր Հայրենական Արցախն ու նրա տեղահան եղած ժողովրդին, որը զերծ չմնաց ցեղասպանութիւնից ու բռնագաղթումից:
Այսօր աշխարհի բազմաթիւ երկրներ եւ կազմակերպութիւններ ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւն: Սակայն ճանաչումը վերջնակէտ չէ: Այն ճանապարհի մի մասն է՝ դէպի արդարութիւն եւ պատմական ճշմարտութեան լիարժէք հաստատում»: Նա նշեց. «Մեր պարտքն է յիշել: Մեր պարտքն է խօսել: Մեր պարտքն է պահանջել: Որովհետեւ մոռացութիւնը նոր յանցագործութիւնների հող է ստեղծում»: Նա նշեց .« Միեւնոյն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ այսօր աշխարհը եւ մեր շրջապատը միշտ չէ, որ խաղաղ է: Այսօր իրանցի հայրենակիցների կողքին, իրանահայ համայնքն եւս, պայքարում է ոճրագործ ամերիկա-սիոնիստական անարգ ու անարդար յարձակումների դէմ»:
Ապա սկսւեց յուշարձանի մօտ ծաղիկների խոնարհման եւ խնկարկման արարողութիւնը:
Արարողութիւններին իրենց մասնակցութինն էին՝ բերել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը եւ դեսպանութեան անձնակազմը, Իրանի հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու
համայնքապետ-հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ: Հետաքրքիր մտայղացմամբ յուշարձանին յարող պատերի վրայ ամրացւած էր Թեհրանի հայոց դպրոցների աշակերտութեան ապրիլեան ոգով նկարչութիւնները:
Օրւայ համահաւաքը եզրափակւեց «Սարդարապատ» քայլերգով:
Յատկանշական է նաեւ եւ ապրիլի 22-ին եւ 23-ի Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում ժողովուրդը երեկոյեան յստակեցւած ժամերի մասնակցում էր մոմավառութեան եւ խնկարկման արարողութեան:
Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ


