Միաւորելով երիտասարդութիւնն ու մարզական ոգին. Համահայկական ձմեռային խաղերի ձնամարտի մրցաշարի յաղթողը Թեհրանի թիմն է

«ԱԼԻՔ» – Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի Թեհրանի թիմը մասնակցում է երեք մրցաշարի` ձնամարտ, լեռնադահուկ եւ սնոուբորդ:
«Արմենպրես»-ի հետ զրոյցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը կարեւորեց խաղերի համախմբող գաղափարը:
«Իսկապէս բացառիկ են այս խաղերը, քանի որ դեռեւս 25 տարի առաջ, երբ ստեղծւեցին Համահայկական խաղերը, միշտ էլ մեծ ոգեւորութիւն ենք տեսնում մասնակիցների մօտ: Այստեղ միաւորւած են երիտասարդութիւնն եւ մարզական ոգին: Ձմեռային խաղերի բարդութիւնը կայանում է նրանում, որ այժմ դպրոցների եւ համալսարանի դասերի փուլ է, եւ հայկական միութիւնների անդամները չեն կարող բաց թողնել դրանք»,-ասաց Խալոյեանը:
Վերջինիս խօսքով` ձմեռային երկրորդ խաղերի մասնակիցների թիւը եռապատիկ աւելի է, քան առաջինում էր, ինչը խօսում է համայնքների հետաքրքրւածութեան մասին:
Թեհրանի ձնամարտի թիմի մարզիչ Արամազդ Բաբային, ով առաջին անգամն էր մասնակցում Համահայկական ձմեռային խաղերին, մեծ ոգեւորւածութեամբ է մասնակցում ձնամարտի մրցաշարին:
«Ինքս էլ ընդգրկւած էի Իրանի ժայռամագլցման թիմում եւ գիտեմ սպորտի կարեւորութեան մասին: Այստեղ ձնամարտի թիմում ընդգրկւած են տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ` ֆուտբոլից, բասկետբոլից: Առաջին անգամն է, որ մասնակցում ենք ձմեռային խաղերին, սակայն Թեհրանի բոլոր թիմերը միշտ էլ մրցակցութիւն են ապահովել Համահայկական խաղերում»,-ասաց Արամազդ Բաբային:
Անդրադառնալով Համահայկական խաղերի գաղափարին՝ Թեհրանի ներկայացուցիչն առանձնացրեց, որ հայկականութեան միջավայրում ստեղծւում են առաւել ուժեղ կապեր աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած մասնակիցների հետ:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Իրանից ժամանել է մեկ թիմ` Թեհրանից, որը դարձաւ ձնամարտի մրցաշարի յաղթող:
Իսկ 2023 թւականի Համահայկական 8-րդ ամառային խաղերին Իրանի ամբողջական պատւիրակութեան կազմում էր մօտ 230 անձ: