
«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ մայիսի 2-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, Սասուն թաղամասում գործող Սրբոց Թարգմանչաց եկեղեցւոյ Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», Թեհրանի «Փերիոյ» կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Յիշելով անցեալը կերտենք ապագան» խորագրով գեղարւսետական միջոցառում:
Գեղարւեստական միջոցառման հիւրերի շարքերում աչքի էին ընկնում հայոց դպրոցների բազմաթիւ աշակերտ- աշակերտուհիներ, որոնց ներկայութիւնը՝ առաջին շարքերում յատկացւած նստարանների բաժնում, իւրայատուկ շունչ էր հաղորդել միջոցառմանը:
Ներկաների թւում էին Թ. Հ. Թ. ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի ատենապետներն ու ներկայացուցիչները, Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահը, Սասուն թաղամասի քահանայից դասի ներկայացուցիչները, եւ միջոցառման նախաձեռնող կողմ հանդիսացող բոլոր միութիւնների ու կառոյցների վարչականներն ու պատասխանատուները:
Ծրագրի մեկնարկին Հ. Մ. «Սիփան» միութեան սկաուտների ձեռամբ մոմեր տեղադրւեցին բեմում տեղադրւած խորհրդանշական մատեանի մօտ, որից յետոյ Քարմէն Չհարմահալեանի եւ Նորիկ Ղարաբէգեանի փոդկաստային ընթերցումների միջոցով հանդիսատեսին ներկայացւեց 1915 թւականին իրականացւած Ցեղասպանութիւնից՝ Արցախի ազատագրական պայքարի, ինչպէս նաեւ Արցախը ժամանակաւորապէս հայաթափւելու պատմութեան ընթացքը:
Յեղափոխական երգերի կատարման ընկերակցութեամբ պարային կատարումներով հանդէս եկան Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբը, որի գեղարւեստական ղեկավարն է Կարինէ Մանուչերեանը:
Ընթացքում իր նւագախմբի հետ յեղափոխական երգերի կատարմամբ հանդէս եկաւ Ռոմիկ Ազիզեանը: Ռոմիկին ելոյթի ընթացքում ընկերակցում էին Արմէն Աւանէսեանը (հարւածային գործիքներ), Գեղարդ Ազարեանը (լիդ գտաօ), Սեւան Սարգսեանը (քիբորդ) եւ Հենրիկ Տէր Պօղոսեանը (գիտառ):
Ծրագրի աւարտին ելոյթ ունեցաւ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Նա բարձր գնահատելով նման միջոցառումների շարունակականութիւնը՝ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը վառ պահելու առումով, միաժամանակ կարեւորեց վիշտը պայքարի ոգի դարձնող աշխատանքները, եւ դահլիճից խնդրեց եւս մէկ անգամ ծափահարել բեմ բարձրացած երիտասարդ կատարողների եւ երաժիշտների համար: Հայր Սուրբի առաջարկով դահլիճը ոտնկայս միասնաբար երգեց Սարդարապատը:
Թղթակցութիւնը՝ ՀԱՏԻՍԻ