ԹեհրանՀամայնք

Միշա Հայրապետեանի մահւան 15-րդ տարելիցի առթիւ

Աւաղ կեանքը ձեւականացում է,

Սովորի՛ր թատերգութիւնը, որ զգաս ներկայացումը,

Որ գրկես յաղթանակը

Աշակերտներիդ գրիչ տւեցի՛ր, մտքի թռիչք, լեզւիս ճարտարութիւն

Կեանքը պայքարի իմաստ

ՀԱՅՐԻԿ ԱՂԱՆԵԱՆ

 

Տարբեր առիթներով եւ յաճախ եմ յիշում հայոց լեզւի ուսուցիչներիս: Դրանցից իւրաքանչիւրը իրենց ուրոյն դերն են ունեցել իմ դպրոցական, իսկ յետոյ առօրեայ հասարակական, ազգային, մշակութային կեանքում:

Ամէն մէկը մի պատմութիւն, մի մանրավէպ, մի ժպիտ, եւ ինչ որ տեղ ափսոսանք են դաջել յուշերիս մէջ: Ժամանակի ընթացքին թանկագին քարի նման այդ յուշերը յաճախ մէկ առ մէկ սերիալի նման այցելում են ինձ երբեմն ուշանալով եւ շատ յաճախ էլ արագ փայլատակումներով:

Անցեալ շուրջ եռեսուն տարիների ընացքին պաշտօնիս բերումով առօրեայ ապրումներ եմ ունեցել աշխատանքի ընթացքին, փորձելով դրանք փոխանցել աշակերտներին:

Վերջին տասնեակ տարիների հետ շատ յաճախ աչքիս առաջ եւ մէկ առ մէկ դպրոցական առաւօտեան աշակերտական շարքերի պէս ինձ այցելում են ուսուցիչներս սկսած առաջին տարրականից մինչ օրս, քանի որ անձամբ եւ պայմանների բերումով զրկւել եմ մանկապարտէզ, նախակրթարան յաճախելուց: Մի կարճ ժամանակահատւած եղել եմ Աբադան-ի մանկապարտէզում ու միանգամից անցել եմ առաջին տարրական դասարան: Երբեմնի հայաբնակ Աբադան քաղաքում մոռանալ չի կարելի մանկապարտէզի ուսուցչուհի օր. Լինայի քաղցր ու բարեհամբոյր ժպիտն ու նրա մայրական ջերմ մօտեցումը հանդէպ մանկապարտէզի սաներին: Տարրական օղակի օր. Աննիկին իր բծախնդիր բնաւորութեամբ ու նւիրւածութեամբ: Օր. Մանուշին, իր հոգատար բնաւորութեամբ: Յուշերիս մէջ դաջւած են օր. Օսաննայ Ղազարեանի երգն ու պար պարապելն ու նրա պատմածները հայոց պատմութեան ազատագրական պայքարի դրւագներից: Չի կարելի չյիշել Արտուշ Քեշիշեանին, Սերոժ Թիլիմեանին, (Թեհրան) օր. Լոռեթային (Նոր Ջուղա): Նշւած անձինք իրենց կատարած քրտնաջան աշխատանքով որեւէ ճիգ ու ջանք չխնայեցին իրենց վստահւած եւ կատարած աշխատանքներում:

Սակայն այսօր Միշա Հայրապետեանի յուշերի հետ պարուրւած ապրում եմ ամէն վայրկեան, րոպէ, ժամ, օրեր, տարիներ եւ … Կրկին դրդւեցի արխիւներս վերանայել ու վերյիշել 25 տարիների փորձերի ու ձեռնարկների անց ու դարձն ու կատարած աշխատանքները, որը անց եմ կացրել իր գլխաւորութեամբ, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան երիտասարդական Գրական խմբում եւ այլ վայրերում ու ազգային մշակութային միութիւններում ու հաստատութիւններում: Դրանք նայելուն պէս աչքիս առաջ սկսւեց մտքիս մէջ առաջ գալ իմ մտորումներն ու ձեռքս գնաց գրչին ու համակարգչիս կոճակներին:

Իր կեանքի եւ փորձերի վերջին տարիներին, եւ ի մասնաւորի փորձերի աւարտին շատ յաճախ էինք միմեանց հետ երկար առանձնանում ու զրուցում: Ամէն մի պահը ինձ համար դասարան էր, իսկ առարկան՝ հայ ազգն էր, գրականութիւնը, թատրոնը, ասմունքը, վերլուծութիւններն ու կեանքը: Դրանց կողքին ինձ վրայ մեծ ազդեցութիւն էր թողնում նրա քաջալերական խօսքերը, միեւնոյն ժամանակ լսելով նրա նկատողութիւններն ու խրատները: Թատերական աշխատանքներիս տարիներին ինձ ուղղութիւն տալով կասէր ամենամանրակրկիտ կէտերը, երբեմն ամաչելով ասում էի ժամանակ չունեմ բոլորը կատարել կամ նկատի ունենալ, իսկ պատասխանը մէկն էր՝ մի քմծիծաղ եւ շեշտում էր դու պէտք է ստեղծես ժամանակը եւ հարկ եղած պարագային չեղած ժամանակդ էլ պիտի տրամադրես քո աշխատանքներին:

2025 թւականի մայիս ամսին լրանում է Միշա Հայրապետեանի մահւան 15-րդ տարելիցը: Մի մարդ ում անւան հետ են կապւած հայերէն լեզւի, գրականութեան, թատերական, դերասանական, ազգային եւ մտաւորականութեան մէջ ինքնատիպ մի ուղղութիւն ցոյց տւող եւ գիտելիքների մի շտեմարան:

Միշա Հայրապետեանը ինչպէս կը վկայեն իր մօտ 4 սերունդ դաստիարակւած աշակերտներն ու ներկայիս ազգային գործիչները, հասակ էր առել եւ հասունացել իր պատմական հայրենիքի բնաշխարհից «ՇՈՒՇԻ»-ից եւ իր ողջ կեանքի կենսական ազգային եւ հոգեմտաւոր տպաւորութիւնների, հարուստ պաշարների հիմքի վրայ: Այդ հանգամանքով էլ բացատրւում է նրա կատարած աշխատանքների արժանահաւատութիւնը եւ խորութիւնը:

Միշա Հայրապետեանի ներշնչանքը հանդէպ իր աշակերտներին եղել են պատմական հայրենիքը իր բոլոր արժէքներով, որոնք անյիշելի ժամանակներից գոյութիւն են ունեցել եւ սիւն են եղել այն ինքնութեան, որ կոչւել է Հայաստան եւ հայ ժողովուրդ: Իր նւիրեալ ազգանւէր աշխատանքի ճանապարհի բոլոր հանգրւաններում՝ սկսած ուսուցչական, գրականութեան, թատերական, մտաւորականութեան եւ այլ ոլորտներում, Միշա Հայրապետեանը հանդէս եկաւ իրական տիպարով եւ դրանով իսկ մերժելով ապազգայնութիւնը:

Այս բոլորը անձամբ եւ ընկերներիս հետ տեսնում ու շօշափում էինք փորձերի եւ դասաւանդման ընթացքում: Նա փորձում ու մեզ տանում էր դէպի այն բարձունքը, որտեղից նա տեսնում էր ոչ միայն մոխիրների վրայ բարձրացող հնամենի Նայիրի հայրենիքը, այլ նաեւ այդ բարձունքը հասնելու համար մեզ գիտակցել էր տալիս, որպէս ամենայուսալի ու ամենաճշմարիտ դիտելու կէտը, որը պիտի ձեռք բերւէր յաղթականօրէն:

2005 թ. ապրիլ ամիսն էր: Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման 90-ամեակ: Այդ օրերին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան երիտասարդական Թատերախմբի անդամների մասնակցութեամբ, բեմադրեցի Միշա Հայրապետեանի հեղինակած «Աւետում» ներկայացումը, որին ներկայ էր ինքը ընտանեօք: Նա յաճախ ներկայ լինելով իմ բեմադրած ներկայացումներին, վերջում իր քաջալերանքի ու ոգեշունչ խօսքերն էր ուղղում ինձ ու խմբի անդամներին ու ժողովրդին: Մէջբերում եմ «Աւետում» նեակայացման աւարտին իր արտասանած խօսքերից մի բաժին:

«Մենք հիմա բոլորս պիտի ուրախ լինենք: Ես հիմա չափազանց ապրումի մէջ եմ, որ մեր երիտասարդութիւնը հետաքրքրւում է մեր մշակոյթով, մեր թատրոնով, մեր ասմունքով եւ որ աւելի կարեւոր է մեր մօտիկ անցեալի պատմութեամբ: Սա ընդամէնը մի 100 տարի առաջւայ պատմութիւնն է, եւ սա շատ ողջունելի է ու ես կարող եմ ձեզ հաւաստիացնել, ինքս էլ հաւատալ եւ համոզւել որ վե՛րջ չունի հայ ժողովուրդը, դեռ նոր սկսում է, եւ պայքարը միշտ լինելու է, այնպէս որ մենք կարող էինք եւ պիտի կարողանանք սարերում, դաշտերում, եւ անտառներում պայքարի զէնք բարձրացնել եւ պայքարի թւարկը գնդակների տարափով նշել: Մենք նաեւ արւեստի եւ մշակոյթի ասպարէզում կարող ենք ծառայել… Խաչը տէրը կը զօրացնի… Մեր երիտասարդութեանը հովանաւորելով եւ քաջալերելով պիտի կերտենք մեր ապագան եւ ստեղծենք մեր յաւերժութիւնը… Փոքրիկ ժողովրդի եւ քիչ հնարաւորութիւններ ունեցող ժողովրդի զաւակները, ինչքան դժւարութեամբ են կերտում, տարբեր աշխատանքներ. Փոքրիկ հա՛յ ժողովուրդ, հսկայ զաւակնե՛րի տէր, Գէորդ Չաւուշ, Դրօ, Մեծն Արամը եւ միւսները… Սրանց կեանքը դեռ չի գրւել, դեռ չի եղել բեմի վրայ… Յեղափոխական կեանքը շատ հերոսների դրւագներ ունի, որ սպասում է գրողների գրիչներին: Իսկ գրիչներից յետոյ սպասւում է գործիչներին: Յոյս ունեմ որ մեր երիտասարդ եւ գալիք գրողները գրեն Դրոյի մասին, գրեն Անդրանիկի մասին, Արամի մասին, Թաթուլ Կրպէեանի մասին, Շահէն Մեղրեանի մասին, մեր նորօրեայ ֆիդայիների, ազատամարտիկների ու նրանց կատարած սխրանքների մասին»:

Նա շարունակեց հետեւեալը՝ «Էս ճանապարհը չմնաց Արեւմտեան Հայաստանում, անցաւ նաեւ «ԱՐՑԱԽ»-ով եւ պիտի գնայ դէպի նախիջեւան, պիտի գնայ դէպի արեւմտեան Հայաստան…»:

Եթէ ինքը հիմա ներկայ լինէր ու տեսնէր այս ամէնը ինչ կատարւում է մեր ժողովրդի հետ, ի՞նչ էր ասելու… Հաւատացած եմ, որ անպայմանօրէն կը շարունակէր իր հայրենանւէր աշխատանքն ու պայքարը,  նոյնը  յորդորելով իր աշակերտներին ու գործընկերներին: Նորից ու նորից կը շեշտէր՝ պայքարը նոր է սկսւում:

Բազմիցս աշխատանքների, փորձերի ընթացքում հաւատացած էր եւ նոյնը ներշնչում էր բոլորիս, որ յեղափոխական կեանքի վրայ գրելն ու ստեղծելն ու նեակայացնելը պիտի լինի շարունակական: Պատմութիւնը կրկնելը պիտի լինի մշտական եւ մեր հերոսների գործերն ու քաջագործութիւնները պիտի ներկայացնել մեր մատաղ սերնդին ու հասարակութեանը: Դեռ շատ դրւագներ կան չգրւած ու չներկայացւած… Նա միշտ ասում էր՝ «Մեր յաջողութիւնը շարունակութեան մէջ է, պիտի շարունակել դասաւանդել, ուսուցանել, իմաստութիւնը փոխանցել, բեմադրել, ներկայացնել, քանի որ մենք մեր ժողովրդի զաւակներն ենք եւ յիշելով մեր դարաւոր պատմութիւնն ու մեր հերոսներին, նաեւ պիտի յիշենք թէ ի՜նչ ենք կորցրել: Բնականաբար եթէ չկորցնէինք 1.5 միլիոնը, հիմա կը լինէինք ոչ թէ 15 միլիոն, այլեւ մեր մշակոյթը առաւել եւս փայլուն պիտի լինէր: Մենք յուսահատւելու իրաւունք չունենք, որովհետեւ արդէն իսկ մտած ենք ճանապարհի մէջ եւ պիտի շարունակենք այն՝ լսելով մեր նահատակների պատգամը, ականջալուրջ լինելով նրանց կտակին: Այն ամէն նահատակների, ազատամարտիկների, զոհւած երիտասարդների մեզ հասած կտակը, մինչեւ ամբողջ աշխարհը ճանաչի, ընդունի եւ մեր թշնամին էլ ընդունի իր կատարած սխալը…»:

Միշա Հայրապետեանը եղաւ իմ վերջին ուսուցիչն ու դաստիարակը, բայց կուզեմ վերյիշել իր հետեւեալ խօսքը երբ առաջին օրը մուտք էի գործում դպրոց դասաւանդելու համար: «Քո իսկական ուսուցիչները հէնց աշակերտներն են, խօսիր իրենց հետ, դասաւանդիր նրանց համար եւ միեւնոյն ժամանակ նաեւ սովորիր նրանցից»: Տարիների աշխատանքիս պահերին ինձ փաստւեց եւ հասկացայ թէ ի՞նչ էր նշանակում իր ասածը, որը մինչեւ օրս կրում եմ ինձ հետ:

Վերջին անգամ իրենց տան մէջ փորձում էինք «Դանիէլ Վարուժան»-ը: Վատ առողջ էր եւ երբ ասացի պրն. Միշա թողնենք մի ուրիշ անգամ, աւելի լաւ լինէք, ու կը շարունակենք, ասաց՝ մի գուցէ էլ ուրիշ անգամ չլինի: Համոզեց ինձ եւ բովանդակալից փորձ կատարեցինք այդ օրը: Իսկ յաջորդ փորձին ցաւօք անցաւ հիւանդանոց եւ աւաղ… Յարգելի եւ սիրելի պրն. Միշա, վարձքդ ի կատար եւ պիտի խոստովանեմ անձամբ որ երբեք քեզ բացակայ չեմ դնելու իմ դաջւած յուշերիս մէջ:

Աստւած հոգին լուսաւորի:

Related Articles

Back to top button