
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդրեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը մայիսի 14-ին մասնակցել է նորոգ հանգուցեալ ազատամարտիկ Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանի յուղարկաւորութեան արարողութեանը, որը տեղի ունեցաւ Սրբոց Թարգնաչաց եկեղեցում: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձել է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան անմնացորդ դերակատարութեան եւ հայ ռազմիկների ցուցաբերած սխրագործութիւնների մասին: Արարողութեանը մասնակից են եղել պետական, ռազմական ու ազգային իշխանութեան ներկայացուցիչներ:
… Օրերս պատգամաւոր Արա Շահվերդեանը իր գրասենեակում հանդիպում է ունեցել Իրան ժամանած ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան յարաբերութիւնների էլ աւելի խորացմանը առնչւող խնդիրները, երկու երկրներին յուզող հարցերը եւ տարածաշրջանային իրավիճակը:
… Պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի վարչութեան անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկւել է յանձնախմբի աշխատանքները եւ հայ ազատամարտիկներին ու նահատակների ընտանիքներին առնչւող հարցերը:
… Պատգամաւոր Արա Շահվերդեանը, որպէս Թեհրանի եւ հիւսիսային շրջանի պատգամաւոր այցելել է Ռաշտ քաղաքը եւ մօտիկից հաղորդակից դարձել հայկական կառոյցների ու տեղում բնակւող հայ ընտանիքների հարցերին: Պատգամաւորը հանդիպում է ունեցել Ռաշտի գործխորհրդի պատասխանատու Մաքսիմ Յովսէփեանի հետ, ով ներկայացրել է ազգապատկան տարածք «Արսէն»-ի առեւտրական տարածքի, Ս. Մեսրոպ եկեղեցու եւ «Յորդանանեան» դպրոցի հետ կապւած հարցերը:
… Թեհրանի Գրքի 36-րդ միջազգային ցուցահանդէսի շրջագծում պատգամաւորը այցելել է ցուցահանդէս եւ ներկայ գտնւել «Նայիրի» հրատարակչութեան տաղաւարում, որտեղ հրատարակչութեան տնօրէն Արտոյտ Զոհրաբեանի հետ քննարկւել է հրատարակչական աշխատանքների հետ կապւած խնդիրները: Պատգամաւորը նաեւ այցելել է Իսլամական խորհրդարանի գիտահետազօտական կենտրոնի եւ խորհրդարանի թանգարանի ու գրադարանի տաղաւարները: