
Խաչվերացի եւ Վարագայ խաչի երկու տօների կատարմամբ հոգեպէս մխիթարւած, փակում ենք Սեպտեմբեր ամիսը այս տարւայ, խաչով զօրանալու յոյս ունենալով յառաջիկային:
Ազգովին ապաւինել ենք խաչափայտին, որի ոյժը թիրախաւորում է յաճախ անօրէն թշնամուն:
Համաշխարհային իրադարձութիւնների հարթակի վրայ արձանագրւող տխուր դէպքերը, Միացեալ Ազգերի Կազմակերպութեան հեղինակաւոր դիրքերում գործող անճարակ մարդկանց աշխատանքի ձախող արդիւնքները, արդի մարդկութեան կեանքի ողբանւագ երգն են հիւսում:
Միւս կողմից, ներազգային մակարդակի բացայայտ ատելութիւնն ու եկեղեցականաց դասի բարձրաշնորհ անդամների խայտառակ դատավարութիւնները մայր հայրենիքում, տխրութեամբ են համակում հայի հոգին, արտաքին թշնամիներից զգուշանալու մտահոգութիւններից անջատելով մի պահ մեր ժողովրդի մեծամասնութեանը:
Թշնամու լիաշուրթն քմծիծաղի նմանօրինակը որոշ հայերի դէմքերում, շուտով «եղբայրացնում» է նրանց թշնամու հետ, անհարազատ շնչով պատելով մեր ազգային միջավայրը:
Նախածրագրեալ չարչարանքի անծանօթ է անասնական աշխարհը. որովհետեւ սոյն միջավայրում կատաղութիւնը եւ յարձակողական հակադիր կեցւածքները, բնութեան ունեցած ստեղծագործական դրւածքն են. սակայն մարդկանց ձեռամբ իրականացւող որեւիցէ չարչարանք, ա՛յլ մարդկանց ուղղւած, շատ աւելի անասնական պիտի համարել: Նման մարդիկը շատ աւելի վայրենի պիտի անւանել, քան գազանները:
Նախանցեալ անքաղաքակիրթ դարերում տեղի ունեցած անմարդկային վարմունքը նմանների նկատմամբ, այսօրւայ քաղաքակիրթ աշխարհը շարունակում է այն կիրառել, արդիական միջոցներով ի գործ դնելով անցեալի պատկանող անասնական պահւածքը: Համակարգչային նոր ծրագրեր, հեռահաս հրթիռների կործանարար միջոցներ, թռչող եւ ռմբահարող անմարդ սարքեր, եւ փակուղիներ ու ծածուկ յարկեր հարւածող զէնքեր մրցակցութեան մէջ են, անհաշիւ գումարներով աղքատացնելով անմեղ մարդկութեանը:
Ստալինեան հակաեկեղեցական վարքը Սովետմիութեան եկեղեցատեաց ժամանակամիջոցին, յոռեգոյն սոսկումով է յիշւում այսօր: Նրանց ձեռքում չկար Սուրբ գիրքը, կամ հրապարակաւ չէին կարող յայտարարել թէ հոգեմտաւոր պահեր են անցկացնում գիշերները, ժամ տրամադրելով Աստւածաշնչի ընթերցման:
Քաղաքացիներին պատճառւող քաղաքական զայրոյթի աստիճանը երբ գլելով անցնում է իր համաչափութեան սահմանները, ժողովուրդը իր գրագէտ եւ անգրագէտ խմբերով արտայայտւում է, հասարակաց հրապարակումներ տեսագրելով, կամ պատասխանելով իրենց կարծիքը հարցնող հեռուստացոյցի պատահական թղթակցին, նւաստացնելով մեր ազգային ինքնութիւնն ու նկարագիրը …:
Անքաղաքակիրթ լինելու նորաձեւութիւնը՝ անքաղաքավար լինելն է ներկայիս, երբ ժողովական գերագոյն մարմինների լրջագոյն հանդիպումները վերածւում են լպիրշ խօսակցութեան, եւ ապա՝ բիրտ կռւադաշտի…:
Թշնամու, եւ վատագոյն հակառակորդի վարմունք էր համարւում անցեալին սոյն արտասովոր երեւոյթը, երբ քաղաքակրթութեան պակաս ունեցող ազգերը, իրենց խորհրդարանական նիստերում կօշիկներ էին շպրտում իրարու վրայ…:
Այժմու ներքաղաքական չարչարանքին լուծումը, միայն խաչով փրկութիւնն է: Չարչարանքի այս գործիքը ցաւի խիստ պահեր է պարգեւում խաչւողին, սակայն դէպի երկինք ցցւած դրա դիրքը, նոր յոյսերի ծնունդ է տալիս, հոգեպէս անորոշ աշխարհում տւայտող մարդու մտքում:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 9, սեպտեմբերի 2025 թ.)