
Շաբաթ՝ հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը:
Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր Տ. Սահակ քհնյ. Մինասեանը: Արարողութեանը մասնակցում էր եկեղեցականաց դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիները:
Ժողովրդից բացի, Սուրբ Պատարագին ներկայ էին՝ Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտութիւնն ու պատասխանատուները:
Օրւայ քարոզախօսութեան ընթացքում քահանայ հայրը շնորհաւորելով տօնի առթիւ, անդրադարձ ունեցաւ թարգմանիչ վարդապետների կատարած անգնահատելի ծառայութիւններին, որոնք իրագործել են հայոց լեզւի, մշակոյթի եւ առհասարակ հայ ժողովրդի գոյատեւման ուղղութեամբ: Նա շեշտելով, որ մատաղ սերունդը ազգի եւ հայրենիքի յոյսն ու ապագան է, յորդորեց՝ մայրենի լեզուն սերտել, անաղարտ պահել եւ փոխանցել յաջորդ սերունդներին:
Թղթակից (Նոր Ջուղա)