
Թեհրանի հայկական համայնքի միութիւնները իրենց առաքելութիւնների ծիրում հայկական մշակոյթով սնում ու դաստիարակում են մեր մատաղ սերնդին: Հայկական մշակոյթի անբաժան մասնիկներից է պարը, որի շնորհիւ հայ պատանին ու պարմանուհին հաղորդակից են դառնում հայկական ազգային աւանդոյթներին:
Նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, հինգշաբթի եւ ուրբաթ հոկտեմբերի 30-ին եւ 31-ին միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ «Նայիրի» պարախմբի տարեկան ելոյթը՝ մեծ թւով հանդիսատեսի ներկայութեամբ:
Պարախմբի գեղարւեստական յայտագրին մաս էին կազմում հայկական աւանդական, ազգագրական եւ ինչու չէ, նաեւ այլ ազգերի մշակոյթը ներկայացնող պարեր: «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալակիր՝ Արտաւազդ Աւետիսեանը, գլխաւոր պարուսոյց՝ Մերի Աւետիսեանը, պարուսոյցներ՝ Թինա Անտոնը, Սիւնէ Շահվալադեանը, իսկ փորձավարներ՝ Մինէ Միրզախանեանը, Էլին Մելիքսէթեանը, օգնականներ Անի Քրիստի Դանիէլեանը եւ Վենիտա Միրզախանեանը:
Հոկրտեմբերի 30-ի միջոցառումը մեկնարկեց հայկական խիզախ եւ պայքարունակ ոգի ներշնչող մարտական պարով, որից յետոյ միութեան անունից ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ Գամեր Աբնուսեանը: Նա նշեց. «Ինչպէս մեծն բանաստեղծ Եղիշէ Չարենցն է գրել «…Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում», ապա անդրադառնալով «Նայիրի» պարախմբի անցած ուղուն, այսպէս շարունակեց. «Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, 2008 թւականից սկսած հիմք է դրել «Նայիրի» պարախմբի: 2008-ից 2010 թւականներին պարախումբը կառավարել է Արիգա Ղահրամանեանը, այնուհետեւ մինչեւ 2014 թւականը ղեկավար է նշանակւել Հայաստանից ժամանած վաստակաւոր պարուսոյց Յարութիւն Կարապետեանը: Նոյն շրջանում նաեւ կեանքի է կոչւել յանձնախումբ, որոնք նւիրւածութեամբ միշտ կանգնած են եղել պարախմբի կողքին: 2014 թւականին նոր շունչ փոխանցելու նպատակով աշխատանքի է հրաւիրւում Մելան Սէֆեանը եւ Թինա Անտոնը: Գեղարւեստական ղեկավար է նշանակւում Հայաստանից հրաւիրւած Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալակիր՝ Արտաւազդ Աւետիսեանը, իսկ ժամանակակից պարերի համար Հայաստանից հրաւիրւում է Մերի Աւետիսեանը, նշանակւելով, որպէս գլխաւոր պարուսոյց»:
Նա նշեց. «Պարախումբն իր կանոնաւոր աշխատանքն է ունեցել մինչ 2020 թւականը: Սակայն համաճարակի պատճառով շուրջ երկու տարի դադարեցւում են փորձերը, իսկ 2022 թւականից վերսկսում է իր գործունէութիւնը հետեւեալ փոփոխութիւններով՝ Թինա Անտոնը նշանակւում է, որպէս անսամբլի ուսուցիչ, Սիւնէ Շահվալադեանը թիւ 1 եւ թիւ 2 խմբերի, իսկ Նինէլ Մանուկեանը թիւ 3 խմբի ուսուցչուհիներ: 2024 թւականին տարեկան ելոյթից յետոյ աւելանում է թիւ 4 խումբը եւ Նինելի Մանուկեանին փոխարինում են փորձավարներ՝ Մինէ Միրզախանեանը եւ Էլին Մելիքսէթեանը, օգնականներ՝ Վենիթա Միրզախանեանը եւ Անի Քրիստի Դանիէլեանը: «Նայիրի» պարախմբի պատասխանատու կազմը աւելի քան 13 տարի Անի Աբրահամեանի գլխաւորութեամբ աշխատել է հետեւեալ կազմով՝ Հրաչիկ Շահբազեան, Ռուբինա Յարութիւնեան, Այլին Մարութեան եւ Էրիկա Քարիմ Մասիհի»:
Բացման խօսքից յետոյ աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ «Նայիրի» պարախմբի սաները, տարիքային տարբեր խմբերով, գունազարդ հագուստներով եւ իրարայաջորդ արագ տեմպով սկսեցին ելոյթը՝ մեկնարկելով խրոխտ հայկական պարով նաեւ իրականացրեցին մի քանի այլ ազգերի պարեր, որոնք ներկայացնում էին այլ ժողովուրդների մշակոյթը: Կատարումները եզրափակւեց տարիքային բոլոր խմբերի միասնական ազգագրական պատերի շարանով:
Միջոցառմանը տեսաֆիլմով Հայաստանից իրենց ողջոյնի խօսքերն էին փոխանցել՝ Արտաւազդ Աւետիսեանը, Մերի Աւետիսեանը եւ Սիւնէ Շահվալադեանը:
Գեղարւեստական յայտագրի աւարտին հրաւիրւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Իր ելոյթի ընթացքում վարչութեան նախագահը անդրադառնալով մշակոյթ հասկացութեանը նշեց, որ հայկական մշակոյթը ներկայացնում է հայ ժողովրդի ինքնութիւնը, որի պահպանման միջոցով հայ ժողովուրդը գոյատեւել է դարեր շարունակ եւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը գոյատեւում է յանուն իր արժէքների պահպանման, լինեն դրանք՝ մեր ազգային հերոսները, թէ մշակութային արժէքները, որին մաս է կազմում հայկական պարը:
Նա իր գնահատանքի խօսքը ուղղեց «Նայիրի» պարախմբին, որոնք ներկայացրին հայկական մշակոյթն ու պատմութիւնը եւ ընդգծեց, որ այս ուսուցումը խմբին է փոխանցւել պարախմբի գեղարւեստական ղեկավարների, պարուսոյցների եւ փորձավարների միջոցով: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ «Նայիրի» պարախմբի յանձնախմբի կատարած աշխատանքների մասին, որոնք տարիներ է ինչ չեն խնայում իրենց կարելին յօգուտ պարախմբի եւ աւելացրեց, որ պարախումբը նոյեմբերի 8-ին Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում համատեղ ելոյթով է հանդէս գալու Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» պարախմբի հետ եւ ելոյթը նւիրւած է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակին:
Եզրափակիչ խօսքի համար բեմայարթակ հրաւիրւեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, օրհնութեան խօսքը փոխանցելու համար: Ելոյթի ընթացքում հայրսուրբը գնահատանքով անդրադարձաւ պարախմբի ղեկավարների, պարուսոյցների եւ յանձնախմբի մասին եւ խօսելով պարախմբի սաների մասին ընդգծեց, որ նրանք ոչ միայն պարեցին, ոչ միայն արւեստի հանդէպ իրենց սէրը ցոյց տւեցին, իրենց տաղանդը փաստեցին, այլ կարողացան մուտք գործել մեզանից իւրաքանչիւրի ներաշխարհի մէջ: Հայր Սուրբը անդրադառնալով «Նայիրի» բառին նշեց. ««Նայիրի» բառը շատ կարեւոր եւ հիմնական տեղ ունի հայոց պատմութեան մէջ: Թէ՛ հայոց, եւ թէ՛ համաշխարհային պատմութեան մէջ «Նայիրի» բառը Հայաստանի հնագոյն անուններից է եւ պատմաբանների համար «Նայիրի» բառը հաւասար է Հայաստան եւ հայ ժողովուրդ բառերին, եւ այսօրւայ այս հոյակապ ելոյթը կամուրջ էր անցեալի եւ ներկայի միջեւ: Ես կուզեմ, որ մեր այս պարախմբի անդամները միշտ այս գիտակցութեամբ բեմ բարձրանան եւ ամէն անգամ երբ ելոյթ ունենան յիշեն մեր պատմական Հայաստանը եւ իմանան թէ՝ ինչպիսի հսկայական պատմութիւն, քաղաքակրթութիւն եւ կոչում ունեցող ազգի զաւակներ են: Այս առիթով ես շնորհաւորում եմ նաեւ ծնողներին, որոնք իրենց զաւակներին դաստիարակելու եւ Հայ մշակոյթի ու արւեստի սէրը փոխանցելու համար չեն խնայում ոչինչ»:
Ծրագրին ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ՝ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը, Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, միութիւնների եւ պարախմբերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հրաւիրեալներ եւ ներկաներ:
Վերջում գնահատւեցին պարախմբի ղեկավարները եւ բոլոր սաները:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ



















