ՀամայնքՆոր Ջուղա

Իր տարեկան ելոյթով բեմում փայլեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բեմն իրենց անզուգական կատարումներով ողողեցին նոյն միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբերը:

Պարախմբի երեք հատւածները՝ կրտսերները, պատանիներն ու երիտասարդները ղեկավարութեամբ պարուսոյց Քաթրին Թորոսեանի, եւ ասմունքի բաժանմունքը՝ ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի, իրենց միամեայ փորձերի արդիւնքը հանդիսատեսների դատին յանձնեցին եւ արժանացան նրանց բուռն ծափողջոյններին ու գովեստի արտայայտութիւններին:

Տարեկան այս ելոյթին ներկայ էին՝ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան Կենտ. վարչութեան եւ միաւորների անդամները, դերակատարների հարազատներն ու ժողովուրդ:

Երեկոն վարեց Մշակութային միաւորի անդամ Վանանդ Իսաղուլեանը, ով իր բացման խօսքում ընդգծելով «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբերի տարիների համագործակցութեան փաստը, աւելացրեց, թէ՝ «Կռունկը» մշակութային շարժում է, որտեղ միաւորւում են արւեստի տարբեր ճիւղերը՝ յանուն ազգային ինքնութեան պահպանման:

Երեկոյի ընթացքում խմբական եւ անհատական կատարումներով բեմականացւեցին հետեւեալ խորագրով պարերը՝ «Կռունկ», «Կտոր մի երկինք», «Արեւի երկիր», «Կարմիր մրրիկ» (իսպանական պար), «Տիկնիկների աշխարհում», «Դիմակահանդէս» (վալս), «Ճերմակ երազանք», «Թաքնւած հմայք», «Մախմուր աղջիկ», «Ծաղիկներ», «Հայրենիք», «70-ականների շունչ», «Բարբի», «Մուլտֆիլմերի աշխարհում», «Կատակ պար», «Ռուսական պար», «Սասունցիների պարը» եւ «Քոչարի»:

Ուշագրաւ էին յատկապէս պարերի իւրովի ներկայացումն ու կատարողների բարձր պատրաստւածութիւնը, որը աւելիով արտացոլւեց էկրանի վրայ ցուցադրւող նախապատրաստական աշխատանքներից եւ կատարւած փորձերից պատրաստւած տեսանիւթով։ Յատկանշական է, որ «Հայրենիք» պարի աւարտին բեմում ծածանւեցին Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների դրօշներն ու խորհրդանշերը, ինչը մեծ ոգեւորութիւն առաջացրեց հանդիսատեսի մօտ։

Ընթացքում երգի կատարմամբ հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը, «Աշուղի երազը», «Ախթամար» եւ «Բոսֆորի ափին» համարները հերթաբար ասմունքեցին՝ Ալինա Տէր-Սուքիասեանը, Էմիլի Նաւասարդեանն ու Արթուր Քամարզարեանը. Յովհաննէս Թումանեանի «Շունն ու կատուն» ներկայացրեց Լալագէ Իսաղուլեանը, իսկ «Սուտլիկ որսկանը» հեքիաթը պատմեց Քաջայր Գալստանեանը: Նշւած այս կատարումները գեղեցկօրէն համադրւած էին պարային կատարումների եւ խելացի բանականութեամբ պատրաստւած տեսանիւթերի հետ:

Ձեռնարկի աւարտին Սրբազան Հօր եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի միջոցով, Մշակութային միաւորի պատրաստած գնահատագրերը յանձնւեցին խմբերի ղեկավարներին եւ բոլոր այն անհատներին, ովքեր անվերապահ համագործակցութիւն էին ցուցաբերել կազմակերպիչների հետ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button