ԻրանՀամայնքՄշակութային

«Գրքի եւ ընթերցանութեան» շաբաթւայ առիթով. Մշակոյթի նախարարութիւնում ներկայացւեցին միաստւածային կրօնների նոր հրատարակութիւնները

«ԱԼԻՔ» – Մշակոյթի եւ Իսլ. առաջնորդութեան նախարարութեան դահլիճում երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցաւ «Միաստւածային կրօնների նոր հրատարակութիւնների շնորհանդէս» անւան ներքոյ միջոցառում՝ Գրքի եւ ընթերցանութեան շաբաթւայ առիթով, մասնակցութեամբ Մշակոյթի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիի, նախարարութեան պաշտօնեաների, Իրանի Իսլ. խորհրդարանում  կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների, հրատարակիչների եւ միաստւածային կրօնների մշակութային միութիւնների ներկայացուցիչների։

Նիստը նախագահողների շարքում աչքի էին ընկնում Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ հրէական համայնքի պատգամաւոր Հոմայուն Սամէյեհն:

Շնորհաւորելով Գրքի եւ ընթերացանութեան շաբաթւայ կապակցութեամբ, մշակոյթի նախարարն իրավիճակին անդրադառնալով՝ ընդգծեց Իրանի ժողովրդի համատեղ համակեցութեան եւ միասնութեան ժառանգութիւնը՝ նշելով, որ Իրանը դարեր շարունակ եղել է տարբեր դաւանաքնով ու կրօնով խմբերի ու մարդկանց դժւար օրերի ընկերն ու ապաստարանը: 

Նախարարը շեշտեց. «Մեր պատմութիւնն ու այս սուրբ հողը միասին ենք կերտել ու պաշտպանել։ Իրանը միայն տարածք չէ, այլ՝ հոգի է եւ իմաստ, որի պաշտպանութիւնը  բոլորիս պարտքն է»։

Սալեհին նաեւ մտահոգութիւն յայտնեց նոր սերնդի լեզւական փոփոխութիւնների շուրջ, եւ իր գերատեսչութեան պարտքը համարեց այս ուղղութեամբ հրատարակչութիւններին աջակցելը նշելով, որ լեզուն «միայն հաղորդակցութեան միջոց չէ, այլ՝ մշակոյթի եւ ինքնութեան կրողն է»։

Մշակոյթի նախարարութեան «Հրատարակչութիւնների վարչութեան» պետ Մոհսէն Ջաւադին նշեց, որ աշխարհին ներկայացւած Իրանի գրական ու գիտական ժառանգութիւնը միշտ կերտւել է տարբեր կրօնական համայնքների համատեղ մասնակցութեամբ։

Նախարարութեան «Մշակութային միաւորների» տնօրէն Ալիզադէ Նուրիզադէն եւս ընդգծեց կրօնական փոքրամասնութիւնների պատմական աջակցութիւնը՝ յիշատակելով նրանց դերակատարութիւնը Իսլ. յեղափոխութեան եւ 8-ամեայ պատերազմի տարիներին։ Նա տեղեկացրեց, որ վերջին տարւայ ընթացքում կրօնական համայնքների մշակութային նախաձեռնութիւնների արտօնութիւնները հաստատւում ու տրամադրւում են երկու ժամւայ ընթացքում։

Կրօնական համայնքների առաջարկներն ու մտահոգութիւնները

Իրանի  Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ընդգծեց, որ թէեւ հայերն են եղել Իրանի առաջին արդի տպարանների հիմնադիրները, սակայն այսօր կանգնած են հրատարակչական լուրջ խնդրների առաջ այդ թւում ֆինանսական, եւ ունեն աջակցութեան կարիք: 

Հրապարակւած խնդիրների շարքում նա նշեց նաեւ գրքերի տպագրական ծախսերի ծանրաբեռնւածութիւնը, թղթի մատչելիութիւնը, փոքր հրատարակութիւնների աջակցութեան պակասը եւ որպէս լուծում նա առաջարկեց վարկաւորման ձեւաչափ՝ որով հրատարակիչներն ի զօրու կը լինեն՝ չմերժել օրւան համապասխանող գրական եւ կրօնական աշխատութիւնների հրատարակման խնդրանքները:

Հրէական համայնքի պատգամաւոր Հոմայուն Սամէյեհը եւս խնդրեց աւելի բաց դաշտ գիտական հետազօտութիւնների համար։

ՀՈՒՍԿ-ի նախագահ Իսակ Իւնանէսեանը նշելով, որ տասնեակ միջազգային համալսարաններ եւ հետազօտական կենտրոններ ուղարկւող «Պայման» պարբերականը, որն զբաղւում է հայկական եւ բուն իրանական պատմամշակութային ընդհանրութիւններին ու անցեալին, այսօր կանգնած է հրատարակչական լուրջ խնդիրների առաջ: Անդրադառնալով հեղինակային գրքերին ու գիտահետազօտական աշխատութիւններին նա շեշտեց, որ թղթի բարձր գինն ու արտօնութիւնների ձգձգումները խոչընդոտում են հրատարակչական աշխատանքներին։

«ԱԼԻՔ» օրաթերթի ներքին տնօրէն Արգիշտի Թովմասեանը եւս նշեց, որ 95-ամեայ «ԱԼԻՔ» օրաթերթը, չնայած թղթի ու նիւթական դժւարութիւններին, շարունակում է իր մշակութային առաքելութիւնն իրականացնել մամուլի ասպարէզում, նոյնիսկ այն դէպքում, երբ նիւթական ծանր վիճակում, ստիպւած, անցել է աշխատուժի մեծաքանակ կրճատումների:

«Նայիրի» հրատարակչութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը, ով միաժամանակ վարում էր ծրագիրը, նշեց, որ «Նայիրի»-ն իր բազամեայ հրատարակչական փորձով, յատկապէս, օրացոյցների առումով համարւում է Իրանի առաջատարներից մէկը, սակայն վարչական եւ շուկայում տիրող կամ չտիրող ձեւաչափի բերումով, կորցնում է երկրի տարբեր քաղաքների գրախանութներում ու ԲՈՒՀ-երում ներկայութեան առիթը: Նա առաջարկեց ստեղծել համակարգ, որով նախարարութիւնը գնելով հրատարակիչների գրքերը, դրանց հեռաւոր քաղաքներ ուղարկելու առաքելութիւնն իրականցնի պետական համակարգի օգնութեամբ: 

Նախարարը չմերժեց նաեւ Արտոյտ Զոհրաբեանի խնդրանքն առ այն, որ իւրաքանչիւր հրատարակւած գրքից 100 օրինակ՝ գնւի նախարարութեան միջոցներով:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button