Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցելեց եւ քննեց Քրոսիկ մատռան վերականգնողական աշխատանքը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, 23 նոյեմբերի 2025-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանը յատուկ այցելութիւն տւեց վերականգնւող Քրոսիկ (Ս. Աստւածածին) մատուռը, որը գտնւում է Իքի Աղաջ գիւղի մօտակայքում:
Նշենք, որ մատուռը հողաշէն վիճակում աւերակ էր դարձել, եւ գիւղի մայր ճանապարհի կողքին մնացած լինելով, միշտ ենթակայ էր պատահական անցորդների անյարմար այցերին, եւ գանձախուզութեան:

Սրբազան Հօրը ընկերակցում էին Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Սարինէ Մեջլումեանը, Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ՝ Վանիկ Յակոբեանսը, ասորական համայնքի անդամ Զայան, Իրանի Եկեղեցիների հնապահպանման կառոյցի պատասխանատու՝ Ալէն Գրիգորեանը, ինչպէս նաեւ Տիրամայր Շուշանը:
Հայ-ասորական կապերի ջանքերով մատուռը հիմնովին վերանորոգւեց երկու ամիսների ընթացքում, ամբողջովին նոր տեսք ստանալով: Դժբախտաբար նախկին հողաշէն պատերին կարելի չէր վստահել, սակայն նորաշէն կառոյցին տրւել էր նախկին հնութեան համազօր տեսք, յատկապէս տանիքին տալով փայտածածկ երդիկ:
Սրբազան Հայրը մօտկից տեղեկանալով շինարարական աշխատանքներին, չափագրեց եւ նշեց նաեւ խորանի բարձրութիւնն ու չափսը: Շինարարական աշխատանքներին հսկող երկու անձերը՝ Վանիկ Յակոբեանսը եւ Զայան մանրամասն զեկուցեցին կատարւող աշխատանքների մասին, իսկ գործող բանւորները տեղի վրայ բացատրեցին իրենց կատարած գործերը:

Սրբազան Հայրը իր գնահատանքը յայտնեց հայոց եւ ասորւոց հետեւողական աշխատանքին, եւ Թեմի պատմական մի կառոյց կորստից փրկելու գործի համար:
Շինարարական աշխատանքների աւարտին, որոշւելու է նաեւ մատռան վերաօծման թւականը:
Նախկին Իքի Աղաջցիների, ինչպէս նաեւ ընդհանրապէս ուրմիահայութեան համար պատմական է լինելու այդ թւականը, նոյնիսկ այն սպասումով, որ իրենց ծննդավայրից հեռացած հայորդիներ այդ օրը այցելեն իրենց պատմական գիւղը, եւ հաղորդւեն անցեալի քաղցր յուշերով, որոնք հոգեպէս զօրացնում են բոլորին:



