Դաշնակցական Բեմ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՎՏԱՆԳ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳՐԱՒՈՒՄ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Հայաստան երկրի ու հայկական Սփիւռքի միջեւ ազգային եւ մանաւանդ համազգային հարթակների փոխկապակցման ու փոխլրացման գաղափարները աւելի քան մէկդարեայ քննութիւնների է ենթարկւել։ Ո՞վ չգիտի քանի՜ հազար յօդւածների, դասախօսութիւնների, տեսա-լսողական տեխնոլիգիաների բովից անցած ու վերլուծւած այդ գաղափար-հասկացութիւնների մասին։

2. 21-րդ դար թեւակոխած հայը ի վերջոյ նւաճել էր ազգային ու համազգային այն արժեհամակարգը, որն ամենայն ուժականութեամբ իր բանաձեւումը գտաւ ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ-ՍՓԻՒՌՔ եռամիասնութեան գաղափարով։ Իրողութիւն, որն անտարակուսօրէն յաւակնելու էր ԱԶԳ-ն ու ՊԵՏՈՒԹԻՒՆ-ը աստիճանաբար ու հանգրւանային մասշտաբներով համալրել ու կայացման փուլ առաջնորդել։

3. Ահաեւ՝ 2018 թ. , գումարած 7-ը տարի. ու տե՛ս, յարգելի ընթերցող, թէ ի՜նչ է ներկայացնում այսօր իրենից եռամիասնութեան վերոգրեալ գաղափար-բանաձեւը…։

4. Այսօր, սակայն, գոյապահպանւած են մնում Հայաստանն ու Սփիւռքը, բայց թէ ի ՜նչ

Հոգեմտաւոր կապով ու փոխկապակցման եւ յատկապէս՝ փոխլրացման ո՜ր եղանակներով, թող դարձեալ ինքն իրենով անկեղծացած՝ կռահի յարգելի ընթերցողը։

5. Եւ փաստօրէն այսօր, մէկ կողմից ունենք, մեղմ ասած՝ կապիտուլացւած Հայաստան երկիր, որն «կառավարւում է» ըստ ամենայնի հակազգային դրածոյ իշխանախմբով, որի բուն նպատակը անընդհատ եւ անխտիր վերարտադրւելն է, որպէսզի խափանի բովանդակ հայութեան գերնպատակը, այսինքն՝ Հայոց Ազգային գաղափարախօսութիւնը, որով էլ նպատակադրւած է վերջնականապէս ջնջելու՝ ազգի կարեւորագոյն իմունիտետ՝ «Պատմական Յիշողութիւնը»։

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտահոգ՝ հայրենի երկրի ներքին, թէ՛ արտաքին քաղաքական-անվտանգային սպառնալի իրավիճակով։ Կարծես քիչ էր « Զանգեզուրեան միջանցքի» վտանգը՝ հայկական Սիւնիքի օկուպացման համար, հիմա էլ «խաղաղութեան» հրատապ օրակարգ է դարձել այսպէս ասած՝ «անկլաւային Տիգրանաշէնը» Ադրբեջանին զիջելու եւ կարեւորը՝ Հայաստան-Իրան միջպետական տարանցիկ ուղին խոչընդոտել-փակելու հերթական հայրենադաւութիւնը։

7. Թւարկածների հետ միասին, խոր հիասթափութիւն է ապրում սփիւռքահայը՝ ՀԱ Եկեղեցու դէմ աննախադէպ ոտնձգութեան բերումով, որն անասելի անպատկառութեամբ ի կատար է ածում սրբապիղծ իշխանախումբը, յատկապէս երբ Հայոց Եկեղեցու բարձրաստիճան միաբաններին որպէս քաղբանտարկեալներ են «դատում» ի ուրախութիւն ադրբեջանաթուրքական հայատեացութեան…։

Այս ամէնից զատ, Սփիւռքահայութեան հիասթափութեան մէկ ու միակ հանգամանք էր կարող լինել նոյն հակազգային իշխանութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան թուրքահաճոյ ուրացումը, որպէս ամենազազրելի հարւած թիկունքից՝ ուղղւած մեր Համազգային արդար Պահանջատիրութեան, որն արդէն երկար տարիներ է, ինչ ողջ հայութեան համար անվտանգային նշանակութեան իրողութիւն է հանդիսանում…։ Իսկ դա հարւածի տակ առնելը, այն էլ հայանուն «իւրայինների» կողմից, միայն ու միայն ծառայում է Ազգային Սփիւռքից ու սփիւռքահայութիւնից մշտապէս զայրացած-վախեցած՝ թուրքական ու անձամբ՝ էրդողանական շահերին ու հակահայկականութեանը։

8. Այս ամէնով հանդերձ ու միաժամանակ գիտակցելով Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ իրաւաքաղաքական տարբեր կարգի օրինաչափ տարանջատումների յարգումը, բայց եւ այնպէս , օրինաչափ պէտք է համարել հայրենի երկրի ու ընդհանրական պետական համակարգի շահերից բխող համազգային նշանակութեան հիմնախնդիրները, որոնք ապահովում են ինչպէս բուն հայրենի երկրի անկախութիւն-ինքնիշխանութիւնը, այնպէս էլ բովանդակ հայութեան շահերը, անվտանգութիւնն ու ազգային ինքնուրոյնութիւնը…։

Այս վերջիններին սպառնացող վտանգները դիմագրաւելն ու նոյնիսկ յաղթահարելը բարոյական անյետաձգելի պարտքի նշանակութիւն ունի իւրաքանչիւր հայի ու հայորդու համար, լինի Հայաստանում, թէ՝ արտերկիր-Սփիւռքում։

Քանզի վտանգը սպառնում է ազգի անխտիր բոլոր զաւակներին ու նրանց ժառանգւած՝ Մեր Հայկեան հնամենի սուրբ հողին…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button