ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. Իրանի ժողովրդի միասնութիւնը աշխարհին ուղղւած յստակ ուղերձ է

«ԱԼԻՔ» – Փետրւարի 7-ին Ուրմիայում՝ «Արամ Մանուկեան» հանդիսութիւնների դահլիճում, տեղի է ունեցել Իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած միջոցառում մասնակցութեամբ՝ կրօնական փոքրամասնութիւնների եւ պետական մարմիններից՝ Արեւմտեան Ատրպատականի Էրշադի գլխաւոր վարչութեան ղեկավարութեանը, Նահատակների հիմնադրամի, իրաւապահ մարմինների եւ նահանգային կառոյցների ներկայացուցիչների: Այս մասին է տեղեկացրել ԻՌՆԱ-ն:

Միջոցառման ընթացքում հնչել են ելոյթներ, ինչպէս նաեւ դպրոցականների կողմից ներկայացւել է երգչախմբային կատարում:

Իր ելոյթում Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանն ընդգծել է ազգային միասնութեան եւ համերաշխութեան կարեւորութիւնը՝ նշելով, որ Իրանի ժողովրդի միասնականութիւնն ու համախմբւածութիւնը աշխարհին փոխանցում են յստակ ուղերձ՝ համերաշխ ու միաւորւած ժողովուրդ լինելու մասին։

Նա նշել է, որ Իրանում չկայ բաժանարար գիծ ազգութիւնների եւ տարբեր դաւանանքների հետեւորդների միջեւ, եւ բոլորը խաղաղ համակեցութեան պայմաններում ապրում են կողք-կողքի:

Ելոյթի աւարտին Սրբազան Հայրը բարձր է գնահատել նահատակների յիշատակումը՝ նշելով, որ նրանց անունները մշտապէս յիշատակւում են աղօթքներում, եւ նրանց հոգիներին յղւում է երախտագիտութիւն ու խոնարհում։

Related Articles

Back to top button