ՀամայնքՆոր Ջուղա

Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

Այս առիթով՝ թեմի առաջնորդական տեղապահը եւ ազգային մարմինների ներկայացուցիչները հանդիպեցին Նորապսակներին եւ նորածինների ծնողներին։

Ուրբաթ՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ նորապսակների միջոցով աւանդական խարոյկի բոցավառումը։

Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը նախագահեց Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում մատուցւող արարողութեանը։ Նա օրւան պատշաճ իր խօսքում նշեց, որ եկեղեցում լսւող մանկան ճիչերը ուրախութիւն են պատճառում, քանի որ գիտենք ծնողները քրիստոնէական հաւատով են մեծացնում իրենց զաւակներին՝ Աստծուն, Քրիստոսին եւ Աստւածաշնչին մօտ լինելու համար։ Հայր Սուրբն իր խօսքի մի այլ բաժնում յորդորեց բոլորին՝ իրենց երազանքը դարձնեն սեփական հոգիների փրկութիւնը` անձի վրայ աշխատելով, աղօթքով եւ եկեղեցի յաճախելով, որպէսզի կարողանան յաւիտենական կեանք ապրել։

Նոյն օրը, աւելի ուշ երեկոյեան, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ամենամեայ կարգով անցկացւող միջոցառումը, ուր անցնող մէկ տարւայ նորապսակ զոյգերին ու նորածինների ծնողներին հանդիպեցին՝ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները, քահանայից դասը եւ Կրօնական խորհրդի միւս ենթամարմինների ներկայացուցիչները։

Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ապա հերթաբար խրատական խօսքերով արտայայտւեցին Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ Տ. Մեսրոպ աւ. Քհնյ. Գալստանեանը։

Այնուհետեւ Հայր Սուրբն իր պատգամում շեշտելով, որ այսօրւայ խարոյկը վառող մոմերի նման ջերմ պէտք է լինի նորակազմ ընտանիքների մթնոլորտը, աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ նորապսակները Սիմէոն ծերունու հաւատքից օրինակ վերցնելով ապրեն եւ չվախենան ցանկացած դժւարութիւնից։ Նա իր խօսքի աւարտին շնորհակալական խօսք ուղղեց կազմակերպիչներին նման երեկոյի իրականացման համար։

Միջոցառման ընթացքում բոլոր հրաւիրեալները պարգեւատրւեցին դրամական նւէրներով։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button