Տօն Սրբոց Վարդանանց Զօրավարաց Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարագ Թաւրիզում
Գրիգոր արք. Չիֆթճեան. «Յուսանք Վարդանանց տօնը հրաշք գործի, ինքնագիտակցութեան հրաւիրելով համայն հայութեան, պաշտպանելու համար մեր մայրենի Սուրբ Եկեղեցին»

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, փետրւարի 12-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով, Թաւրիզում եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:
Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ խմբավար Վարդան Վահրամեանի: Սուրբ Պատարագին ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի աշակերտներն ու նրանց տեսչութիւնն ու ուսուցչական կազմը, ինչպէս նաեւ ծնողները, եւ թաւրիզահայ հաւատացեալներ:
Առաջնորդ Սրբազանը քարոզի պահին, ներկայ հաւատացեալներին փոխանցեց այն դժւարութիւնները, որոնք Վարդանանց շնչով ապրած հայ ժողովրդի կեանքում անհեթեթ ու անհասկանալի են. «Հաւատքի ու մեր եկեղեցու սուրբ ուսուցումների համար նահատակւած Վարդանանք ի՞նչ են ասելու մեր ազգի այսօրւայ ղեկավարներին, երբ իրենց արեամբ պահպանւած եկեղեցին աշխարհով մէկ խայտառակւում է, ու վարկաբեկւում նրանց իսկ ձեռամբ»: Ապա նա շարունակեց ասելով, որ «Մեր ազգից ու եկեղեցուց փարսախներով հեռու նիւթեր են տարածւում, եկեղեցականների միջեւ թշնամանք, եւ եկեղեցու դէմ կեցւածքներ ճշտող: Ո՞վ է պատասխան տալու Աստծու դատաստանի առջեւ, երբ Աւարայրի դաշտում զոհւած նախարարներն ու նոյնիսկ սովորական զինւորները եւս վերակենդանացած, հետեւեն Դատաստանին: Նրանք ասելու են՝ ո՞ւմ համար մենք զոհւեցինք, անտէր թողնելով մեր ծնողներին, կանանց, ու որբ՝ երեխաներին…: Ահա թէ ինչպիսի անհեթեթութիւն է ի յայտ եկել մեր հայ ազգի կեանքում, որի կրկնօրինակին էլ հանդիպեցինք Արցախի յանձնումի ընթացքում, երբ մեր նահատակները ապշած հայեացքով նայեցին իրենց գերեզմաններից, իսկ ծնողները՝ յուսալքւած շարունակեցին արցունքներ թափել նրանց հողակոյտերի վրայ: Վստահ ենք, որ դրանք նման են Աւարայրի դաշտում զոհւածների ծնողների ապրումներին», շեշտեց նա: Սրբազանը մաղթեց, որ Վարդանանց տօնը հրաշք գործի, ինքնագիտակցութեան հրաւիրելով համայն հայութեան, պաշտպանելու համար մեր մայրենի սուրբ եկեղեցին, որի աւազանից է ծնւել իւրաքանչիւր հայ մարդ: Սրբազանը իր քարոզում բախտաւոր համարեց իւրաքանչիւր ատրպատականցի հայի, որովհետեւ Աւարայրի Ճակատամարտի դաշտը ներառող Թեմում է ծնւել, ի տարբերութիւն այլ թեմերում ծնւած հայորդեաց: Ատրպատականում ծնւած հայը, այս կամ այն չափով ժառանգորդն է Աւարայրի Ճակատամարտի զինւորներից մէկի կամ միւսի, կամ նրանց հարազատներին, որոնք ճակատամարտից յետոյ եկել էին իրենց զաւակի, եղբօրը եւ կամ հօրը դին փնտռելու ռազմադաշտում…: Նրանցից շատերը չվերադարձան, այլ ապրեցին այնտեղ, նոր գիւղեր կերտելով, որոնք ներառում էին իրենց հարազատների գերեզմանները:
Ս. Պատարագի աւարտին, առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ երգւեցին Վարդանանց նւիրւած բազմաթիւ երգեր, նւագակցութեամբ երգեհոնահար Վարդան Վահրամեանի:
Թաւրիզի հայոց դպրոցի աշակերտները եւս յատուկ յայտագրով ելոյթ ունեցան եկեղեցում: Աշակերտուհի Սկառլետ Ենովքեանը ներկայացրեց Վարդանանց նահատակութեան խորհուրդը ասելով, որ «Բազմադարեան մեր պատմութեան մէջ շատ են մղւել պայքարներ յանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի գոյատեւման, որոնց խորհուրդը այսօր երաշխիք է հանդիսանում հայրենասիրական մեր ոգու արտացոլացմանը»:
Դպրոցի աշակերտ Արգամ Ոսկանեանը նոր սերնդի հոգեւոր-ազգային պատրաստակամութիւնը յայտնեց յանուն իր սերնդակիցների, շարունակելու Վարդանանց ոգին, պահպանելու մեր ազգն ու եկեղեցին. «Այսօր քայլում ենք հպարտ, Աւարայրի սուրբ դաշտով աննահանջ, որ մնանք անպարտ ու մեր սրբազան հաւատքին կառչած», ասաց Արգամը:
Եկեղեցու Խնամակալ մարմինը նւէրներ էր պատրաստել այն Վարդաններին, որոնք եկեղեցու եւ ազգային կեանքին իրենց մասնակցութիւնն են բերում, ինչպէս նաեւ հայոց դպրոցի աշակերտ են, շնորհաւորելով նրանց անւանակոչութեան տօնը: Յատուկ շնորհակալութիւն յայտնւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի երաժիշտ ղեկավար Վարդան Վահրամեանին, որը Կիրակի օրերին ղեկավարում է սուրբ պատարագի երգեցողութիւնը եւ նւագում երգեհոնը: Շնորհակալութիւն յայտւնեց նաեւ եկեղեցու աւագ Սարկաւագ Բարեշնորհ Վարդան Տէր Մարտիրոսեանին, Թեմական խորհրդի ատենադպիր՝ Վարդան Կարապետեանին, ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ Վարդան Ենովքեանին եւ Վարդան Սարգսեանին, եւ Թաւրիզի հայոց դպրոցի աշակերտ՝ Վարդան Գասպարեանին: Նշենք որ դպրոցի Տեսչութիւնը եւս յատուկ նւէրով գնահատեց Վարդան Գասպարեանին:
Թաւրիզահայ համայնքի համար սքանչելի առիթ հանդիսացաւ հանդիսաւոր պատարագը, մեր ժողովրդի դժւարին ժամանակներին քաջալերական խօսքեր լսելու, ու երաժշտական քաղցր յիշողութիւն արթնացնող պահեր վայելելու:







